Հետաձգվել է Ջոն Քերիի ռուսական այցը. Լավրով
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հետաձգել է իր այցը Ռուսաստան, որը պետք է տեղի ունենար երեկ: Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ զեկուցել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նա ընդգծել է, որ Ջոն Քերիին առաջարկել են ժամանել Ռուսաստան՝ քննարկելու համար Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Լավրովը նկատել է, որ Քերին նախնական համաձայնություն է տվել Ռուսաստան այցելելուն, սակայն ավելի ուշ զանգահարել է և հայտնել, որ դեռ պատրաստ չէ դրան:
Լավրովը Պուտինին իրազեկել է, որ ԱԳՆ-ն Ուկրաինայի հարցի շուրջ նախորդ շաբաթ խորհրդակցություններ է անցկացրել օտար գործընկերների հետ՝ փորձելով գտնել հարցի հանգուցալուծումը: