Ինչու ՀՔԾ-ն պատասխան չի ստանում ԱՄՆ իրավապահ մարմիններից
ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցի ապօրինի ձայնագրման, այն www.youtube.com ինտերնետային կայքում վերբեռնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Այս մասին ի պատասխան 168.am-ի գրավոր հարցման՝ տեղեկացրել է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը:
Դեռևս ամիսներ առաջ ձայնագրությունը համացանց վերբեռնած օգտատերին գտնելու համար «Google INC.» և «Youtube LLC.» կազմակերպություններից տվյալներ ստանալու նպատակով ՀՀ գլխավոր դատախազության միջոցով միջնորդություն էր ուղարկվել ԱՄՆ իրավապահ մարմիններին, որի պատասխանը, ինչպես տեղեկացնում է ՀՔԾ-ն, դեռևս չի ստացվել: Քրեական գործով ձերբակալվածներ, կասկածյալներ և մեղադրյալներ չկան:
Այս առնչությամբ 168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նշեց, թե գործում առաջընթաց չկա, որովհետև հետքերը տանում են դեպի Ազգային անվտանգության ծառայություն:
«Ամեն ինչ պարզից էլ պարզ է: Ես որևէ կասկած չունեմ, որ գաղտնալսումը կազմակերպվել էր իշխանությունների կողմից և օգտագործվել ներքաղաքական պայքարում՝ փորձելով այդ ամենը վարկաբեկիչ ձևով ներկայացրել հանրությանը: Ես դեռ գործի սկզբում քննիչին ասում էի, որ դուք չեք գտնի հետքերը, որովհետև դրանք ուղիղ ԱԱԾ են տանում և բնական է, որ որևէ առաջընթաց այս գործում չկա»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ ԱՄՆ իրավապահ մարմինները, ըստ ՀՔԾ-ի, այդպես էլ չեն պատասխանել իրենց կողմից ամիսներ առաջ ուղարկված միջնորդությանը, ապա Լևոն Զուրաբյանն ասաց. «Ես նախ չգիտեմ, թե որքանով է ճիշտ այդ տեղեկատվությունը, արդյոք համապատասխան մարմինների՞ն են ուղարկվել դրանք, արդյոք ճի՞շտ են ձևակերպված: Այն ժամանակ գործը վարող քննիչը ասում էր, թե դուք կտեսնեք, որ մենք արդյունքների կհասնենք ու չէր կիսում իմ վատատեսությունն այն առումով, որ բոլոր թելերը տանում դեն դեպի ԱԱԾ, ուստի առաջընթաց չի արձանագրվի, բայց ժամանակը ցույց տվեց, որ ես ճիշտ էի»:
Լ. Զուրաբյանն ասաց, թե այս ընթացքում իրեն գործին առնչվող նյութերին չեն ծանոթացրել, հարցաքննության կանչել են մեկ անգամ, երբ գործը նոր էր հարուցվել: