Բաժիններ՝

Բյուջեի եկամուտները հունվարին աճել են 5.1 միլիարդ դրամով

2013 թվականի հունվարի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 6.7%‑ով կամ 5.1 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է եկամտային հարկի և այլ եկամուտների աճի հաշվին:

Պետական բյուջեի եկամուտների 91.1%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 8.9%-ը` այլ եկամուտների հաշվին:

2014 թվականի հունվար ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել  73.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 32.8%-ը: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 2.6%‑ով կամ 1.9 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է եկամտային հարկի և ավելացված արժեքի հարկի աճով, ինչպես նաև այն հանգամանքով, որ ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարները «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ դուրս են բերվել այլ եկամուտներից և ներառվել հարկային եկամուտներում:

2014 թվականի պետական բյուջեի հունվար ամսվա հարկային եկամուտների և պետական տուրքերի 48.4%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է շուրջ 35.4 մլրդ դրամ և 4.7%-ով կամ 1.6 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից շուրջ 16.1 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 19.3 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից: Հարկ է նշել, որ ԱԱՀ-ի մուտքերի աճն ապահովվել է ներքին շրջանառության հաշվին, որից ստացված մուտքերն ավելացել են 35.2%-ով, մինչդեռ ներմուծման գծով մուտքերը նվազել են 17.6%-ով:

Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 4.8%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով 3.5 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 1.5 մլրդ դրամ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` 2 մլրդ դրամ: Ընդ որում, տեղական արտադրության ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 36.7%-ով` հիմնականում պայմանավորված ծխախոտի և օղու գծով մուտքերի նվազմամբ, իսկ ներմուծվող ապրանքների գծով մուտքերի անկումը կազմել է 15.7%: Արդյունքում ակցիզային հարկի ընդհանուր մուտքերը նվազել են 29.2%-ով կամ 1.5 մլրդ դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 5.5%‑ը ձևավորվել է շահութահարկի հաշվին` կազմելով 4 մլրդ դրամ: Նախորդ տարվա հունվարի համեմատ շահութահարկի մուտքերը նվազել են 28.9%-ով կամ 1.6 մլրդ դրամով:

Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են 2.8 մլրդ դրամ կամ հարկերի և տուրքերի 3.9%-ը և 22%-ով զիջել 2013 թվականի համապատասխան ցուցանիշը:

2014 թվականի հունվար ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 2.1 մլրդ դրամ պետական տուրքեր` կազմելով առաջին եռամսյակի ծրագրի 36.7%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 11.4%-ով կամ 210.9 մլն դրամով:

Հաշվետու տարում գործունեության առանձին տեսակներից գանձվել են 487.7 մլն դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 0.7%-ը: Նշված ցուցանիշը նախորդ տարվա հունվարի համեմատ նվազել է 44.7%‑ով:

2014 թվականի հունվար ամսին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 1.3 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ` կազմելով հարկերի և տուրքերի 1.8%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտները նվազել են 10.9%-ով` հիմնականում պայմանավորված ՀՀ ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների և այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար գանձվող վճարների նվազմամբ:

Հաշվետու ժամանակահատվածում 18.8 մլրդ դրամ են կազմել եկամտային հարկից ստացված մուտքերը, որոնք (ներառյալ եկամտահարկը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները) նախորդ տարվա հունվար ամսվա համեմատ աճել են 11.7%-ով կամ 2 մլրդ դրամով:

Շրջանառության հարկից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.6 մլրդ դրամ, որը շուրջ 5.1 անգամ կամ 1.3 մլրդ դրամով գերազանցել է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:

2014 թվականի հունվար ամսին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 2.4 մլրդ դրամի այլ հարկեր` կազմելով հարկերի և տուրքերի 2.9%-ը: Մասնավորապես` 1.5 մլրդ դրամ են կազմել ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարները, 483 մլն դրամ` արտոնագրային վճարները, 404.5 մլն դրամ` հարկային օրենսդրության խախտման համար «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տուգանքները, 194.3 մլն դրամ` ճանապարհային վճարները, 171.2 մլն դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 5.5 մլն դրամ` ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) վճարները, և 61.6 մլն դրամ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա հունվարի համեմատ այլ հարկերի փաստացի ցուցանիշն աճել է 2 անգամ կամ 1.2 մլրդ դրամով` պայմանավորված ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարները հարկային եկամուտներում ներառելու հանգամանքով:

Հաշվետու ամսում ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են 7.1 մլրդ դրամ` 76%-ով ապահովելով առաջին եռամսյակի ծրագրային ցուցանիշը: Նշված գումարից 1.5 մլրդ դրամը կազմել են ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները: 2013 թվականի հունվարի համեմատ այլ եկամուտներն աճել են 81.6%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից, ինչպես նաև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտների աճով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս