Բաժիններ՝

Արցախում դեմ չե՞ն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին

karabakh-open.info-ն գրում է . «Այստեղ ոտնահարվում են աշխատողի իրավունքները: Մի հանդուրժեք, միացեք պայքարին» վերտառությամբ «Դեմ եմ ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» ակցիայի թերթիկը Երեւանի մետրոյում ինձ մեկնեց երիտասարդ ու ժպտադեմ մի աղջիկ, ով ընկերուհու հետ թերթիկները բաժանում էր բոլորին՝ առանց բացառության, ու երկուսով հանգիստ դուրս գալիս հաջորդ կայարանում:

«Դեմ եմ» ակցիայի մասին շատ է խոսվում սոցցանցերում ու գրվում տարբեր լրատվամիջոցներում, հավանաբար դրան տեղյակ է նաեւ Արցախի բնակիչների որոշ մասը, համենայնդեպս գոնե նրանք, ովքեր օգտվում են ինտերնետից:

Սա վերջերս ձեւավորված հերթական ակցիան է, որն օրեցօր նոր թափ է ստանում Հայաստանում եւ լայն քննարկման առարկա է սոցցանցերում: Սակայն դրա մասին չեմ ցանկանում խոսել: Փաստորեն ստացվում է, որ «Դեմ եմ»-ի նախաձեռնողները պայքարում են նաեւ Արցախի այն քաղաքացիների համար, ովքեր այդ կուտակային կենսաթոշակային համակարգի, այսպես ասած, գլխավոր դերում են. ավելի կոնկրետ 1974 թվականից հետո ծնվածների, ովքեր, ի տարբերություն Հայաստանի իրենց հասակակիցների, 2015 թվականից են սկսելու ամեն ամիս աշխատավարձից եւս 5 տոկոս թողնել ինչ-որ մի մասնավոր կազմակերպության՝ ապագայում x չափով թոշակ ստանալու համար:

Թվում է, կամ ավելի ճիշտ՝ տրամաբանական է, որ ակցիային պետք է միանան կամ գոնե ինչ-որ կերպ արձագանքեն նաեւ արցախցիները, ովքեր սակայն «ուղտի ականջում քնել են», իբր այդ ամենն իրենց չի էլ վերաբերվում: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ արցախցիները խուսափում են պատասխանատվությունից եւ հույսները դնում են Հայաստանում անցկացվող ակցիաների վրա, ինչի արդյունքում էլ պարզ կլինի, թե ինչ կանեն այդ 5 տոկոսի հետ: Բնականաբար Արցախում կընդունեն այն որոշումը, որը կընդունի ՀՀ կառավարությունը՝ անկախ այն բանից՝ դա նրանց ձեռնտո՞ւ է, թե՞ ոչ:

Եւ սա առաջին անգամ չէ, երբ արցախցիները լռությամբ կուլ են տալիս այն ամենը, ինչը մատուցվում է ՀՀ իշխանությունների կողմից, սակայն չգիտես ինչու նրանք մինչեւ հիմա իրենց հայրենակիցներից, իսկ այս դեպքում բախտակիցներից, չեն սովորում պայքարի ձեւերն ու իրավունքներին տեր կանգնելը:

Հիմա շատերը կասեն, որ Արցախն արտաքին թշնամի ունի, մեզ պետք չեն նման ակցիաներ եւ այլն, եւ այլն: Համոզված եմ, որ նման ակցիայի դեպքում հաստատ ոչ հայրենասեր պիտակը կստանան բոլոր մասնակիցներն անխտիր, բայց պիտակավորողներն էլ հոգու խորքում համաձայն կլինեն ակտիվիստների պահանջներին, սակայն չեն համարձակվի պատասխանատվությունն իրենց վրա վերցնել ու ինչ-որ բան անձամբ փոխել:

Սա ապացույցն է այն բանի, որ Արցախում պատասխանատվության դեֆիցիտ գոյություն ունի. ինչո՞ւ վերցնել այդ ծանր բեռը, երբ ուրիշը կարող է քո փոխարեն դա անել: Իսկ այս դեպքում այդ ուրիշը Հայաստանի քաղաքացիներն են: Այն Հայաստանի, ում հետ գտնվում ենք միեւնույն տնտեսական, քաղաքական, հարկային եւ այլ եւ այլ դաշտերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս