«Մարդ կուսակցությունների» վերջը
Մեր տեղեկություններով` իշխանական շրջանակներում քննարկվում է առաջիկայում Հայաստանում գործող կուսակցությունների քանակը զգալիորեն կրճատելու հարցը:
Դրա համար Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրը պատրաստվում է լուրջ օպտիմալացում անցկացնել Հայաստանի քաղաքական դաշտում: Նախատեսվում է, որ Հայաստանում գրանցված կուսակցությունների քանակը կարող է առաջին փուլում հասցվել մինչև 10-ի:
Չնայած, եթե օպտիմալացումն իսկապես արդար լինի`ըստ գործող օրենքի, ապա Հայաստանում կարող են մնալ միայն 4-5 կուսակցություններ: 2002թ. ընդունված «Կուսակցությունների մասին» օրենքով գրանցված կուսակցությունը պետք է ունենար 200 անդամ, և տարածքային կառույցներ մարզերի առնվազն 1/3-ում: 2005թ. հունվարի 15-ին օրենքում կատարվեց փոփոխություն, որով խստացվեցին կուսակցությունների գործունեության պահանջները: Մասնավորապես, պահանջվում էր, որ պետական գրանցման պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո, կուսակցությունը պետք է ունենա ոչ պակաս, քան 2 հազար անդամ, ընդ որում. ՀՀ յուրաքանչյուր մարզում` ոչ պակաս, քան 100 անդամ. և տարածքային ստորաբաժանումներ ՀՀ բոլոր մարզերում, ներառյալ` Երևան քաղաքում, որի մասին գրավոր տեղեկացնում է պետական լիազորված մարմնին:
Հայաստանի կուսակցություններից միայն չորս-հինգն է, որ իրականում 2000 անդամ ունեն, էլ չենք խոսում այն մասին, որ նույնիսկ ամենախոշորները բոլոր մարզերում չէ, որ 100 անդամ կունենան: Ճիշտ է, թղթի վրա այս կուսակցություններն ունեն անդամներ`իհարկե, ոչ 2000, բայց այդ մարդիկ կամ կուսակցության ղեկավարի ազգականներն ու հարևաններն են, կամ էլ անդամակցում են միաժամանակ ևս մի քանի կուսակցության:
Հայաստանի կուսակցությունների հիմնական մասը, այսպես կոչված, «մարդ կուսակցություններն» են, որոնց անդամների թիվը կամ մեկ մարդ է, ով և կուսակցության նախագահն է, և քարտուղարը, և շարքային անդամը, կամ կուսակցության անդամների թիվը հազիվ մեկ տասնյակի շրջանակներում է: Այս կուսակցությունների մեծ մասը չունի կուսակցական գրասենյակ և, ինչպես վստահեցնում է պետական ռեգիստրի մեր աղբյուրը, գրանցված են հենց կուսակցության ղեկավարի տան հասցեով:
Այս «մարդ կուսակցություններն» արհամարհում են նաև իրենց կուսակցությունների կանոնադրությունը, ըստ որի` պետք է առնվազն երկու տարին մեկ անգամ անցկացվեն համագումարներ: Կուսակցությունների մի մասն արդեն 10 տարի համագումար չի անցկացրել, իսկ մի մասն էլ համագումար է անցկացնում ընտրությունից ընտրություն. հայտարարելու այս կամ այն թեկնածուին պաշտպանելու կամ ընտրություններին չմասնակցելու մասին: Այդ համագումարները լինում են փակ-գաղտնի, քանի որ դրանց մասնակցում է մեկ կամ, առավելագույնը` երեք մարդ:
Ընդհանրապես պետռեգիստրը երբևէ ստուգում չի անցկացրել կուսակցություններում` պարզելու, թե արդյո՞ք կուսակցությունների գործունեությունը համապատասխանում է գործող օրենքին, և չի եղել մի դեպք, որ որևէ կուսակցության գործունեություն դադարեցվի պետռեգիստրի իրականացրած ստուգման և հայտնաբերված խախտումների հիմնավորմամբ:
Ինչո՞ւ են Հայաստանում հիմա որոշել կանոնակարգել կուսակցությունների գործունեությունը և անվանապես գործող 70-80 կուսակցությունների փոխարեն` թողնել 7-8-ը, կամ դրանից էլ պակաս թվով կուսակցություններ: Պաշտոնական բացատրություն գոյություն չունի:
Ըստ ամենայնի, երբ պետռեգիստրը սկսի ուսումնասիրություններ անցկացնել կուսակցություններում, կհայտարարվի, որ մինչև այժմ դա չի արվել, որպեսզի կուսակցություններին հնարավորություն տրվի կայանալ, և օրենքի ընդունումից հետո անցած 12 տարին դրա համար բավարար էր: Բայց մյուս կողմից` կուսակցությունների որոշ ղեկավարներ հակված են մտածել, որ կուսակցությունների թվի սահմանափակումը կարող է կապված լինել Սահմանադրական փոփոխությունների հետ:
Հայաստանում իրականացվելիք Սահմանադրական փոփոխությունների արդյունքում կառավարման համակարգը դառնում է խորհրդարանական, և այս դեպքում կուսակցությունների դերակատարումը մեծանում է: Իշխանությունը շահագրգռված է լինելու, որ դաշտում լինեն հնարավորինս փոքր թվով կուսակցություններ, քանի որ փոքր թվով կուսակցությունների գործունեությունը վերահսկելն անհամեմատ ավելի հեշտ է:
Տեսակետ կա, որ իշխանությունը իդեալական է համարում այն տարբերակը, որ քաղաքական դաշտում լինի երկու կուսակցություն. իշխանություն և ընդդիմություն: Մյուս կուսակցությունները պետք է տարրալուծվեն դրանց մեջ: Իսկ այն կուսակցությունները, ովքեր դրա դեմ հանդես կգան` համարելով դա իրենց իրավունքների ոտնահարում, նրանց ցույց կտան օրենքը և կպահանջեն հստակ տեղեկություններ 2000 անդամի մասին: