Արմեն Գեւորգյան. «Ակտիվ ընկերությունները թեթեւացնում են պետության եւ համայնքների խնդիրները». Մեդիամաքս
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հարցազրույցը Մեդիամաքս-ին
– Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում մասնավոր ընկերությունների կողմից իրենց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում ՀՀ մարզերում իրականացվող ծրագրերը:
– Մասնավոր ընկերությունների կողմից կորպորատիվ սոցիալական պատասխանատվության երեւույթը նոր է եւ Հայաստանում սկսել է ի հայտ գալ վերջին տասնամյակի ընթացքում: Այս երեւույթի եւ բովանդակությունը, եւ էությունը դեռեւս լայն տարածում եւ ընկալում չեն գտել, ինչի համար, համոզված եմ, երկար ժամանակ է հարկավոր: Միաժամանակ, ՀՀ մարզերում արդեն առկա է դրական փորձ, որը կարող է կիրառվել նաեւ այլ մասնավոր կազմակերպությունների կողմից: Ընդհանուր առմամբ, կարող ենք արձանագրել, որ մեր իրականության մեջ այս երեւույթի տարածվածությունն ու ընկալումը դեռեւս հեռու է բավարար լինելուց:
– Կարո՞ղ ենք ասել, որ պետությունն ունի ձեւավորված քաղաքականություն` մասնավոր ընկերությունների այդ ծրագրերը այս կամ այն կերպով խրախուսելու համար: Եթե չունի, ապա արդյո՞ք տարվո՞ւմ է աշխատանք այն մշակելու համար:
– Հստակ փաստաթղթային ձեւակերպում ստացած քաղաքականության մասին չենք կարող խոսել, բայց պետության կողմից նման քաղաքականության խրախուսումն արդեն ավանդույթ է դարձել: Պետությունը նմանատիպ ծրագրերը փորձում է խրախուսել իր մասնակցությամբ ու ներգրավվածությամբ, որոշ դեպքերում հանդես է գալիս որպես ծրագրերի համահեղինակ կամ համաֆինանսավորող: Կարելի է ասել, որ դրանք սոցիալական պատասխանատվության դրսեւորումներ են պետություն-մասնավոր համագործակցության գաղափարախոսության շրջանակում:
Ներկայումս մենք տարածքային զարգացման հիմնախնդիրների լուծման համար նպատակային նոր գործիքակազմ ենք ձեւավորում. ընթացքում են Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը նոր` Տարածքային զարգացման հիմնադրամի վերակազմակերպման աշխատանքները: Նոր հիմնադրամի գործունեության ուղղություններից մեկը լինելու է այն, որ մասնավոր ոլորտի գործընկերներին կառաջարկվեն ոչ միայն այս կամ այն համայնքում ենթակառուցվածքների բարելավման, այլեւ նոր բիզնես հնարավորությունների ստեղծմանն ուղղված ծրագրեր, որոնք իրենց հերթին օգտակար կլինեն հետագայում այդ համայնքներում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դրսեւորման տեսակետից:
– Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերում կան լավ օրինակներ` «Տաթեւի Վերածնունդ» ծրագիրը, Գեոթիմ ընկերության ծրագրերը Ամուլսարի ազդակիր համայնքներում եւ Ջերմուկում: Ինչպիսի՞ն է պետության գնահատականը այդ ծրագրերին:
-Իրոք , կարելի է արձանագրել, որ Սյունիքում եւ Վայոց ձորում մենք այս ոլորտում հաջողված փորձ եւ արդեն ձեւավորված ավանդույթներ ունենք: Ձեր կողմից նշված ծրագրերը վերջին ժամանակահատվածի լավագույն օրինակներն են, միեւնույն ժամանակ պետք է նշել, որ արդեն երկար տարիներ Սյունիքի մարզում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում բավականին ակտիվ աշխատում է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը համայնքների բարեկարգման համար լուրջ ներդրումներ է կատարում: Կապանի եւ Ագարակի կոմբինատների սեփականատերերը եւս անմասն չեն նման ծրագրերի իրականացումից:
– Վերջին տարիների ընթացքում մարզերում բազմաթիվ ծրագրեր է իրագործել ՎիվաՍել-ՄՏՍ-ը, հեռավոր գյուղերի համար ծրագրեր ունի նաեւ Օրանժ Արմենիան: Կարելի՞ է ասել, որ այդ ընկերություններն իրենց ծրագրերով էապես թեթեւացնում են պետության առջեւ ծառացած խնդիրները:
– Իսկապես, ոչ միայն նշված երկու եւ մյուս ընկերությունները, որոնց մասին խոսեցինք, այլեւ, օրինակ, «Գրանդ հոլդինգը» (որը հետաքրքիր աշխատանքներ է իրականացնում Տավուշի մարզում) փորձում են արձագանքել համայնքներում առկա հրատապ խնդիրներին, որոնց բոլորին հնարավոր չէ լուծում տալ պետական ծրագրերի շրջանակում: Այս իմաստով, այո, բոլոր այն ընկերությունները, որոնք կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ակտիվ քաղաքականություն են իրականացնում, թեթեւացնում են պետության եւ համայնքների առջեւ ծառացած խնդիրները:
Այս համատեքստում կցանկանայի նշել, որ բացի կոնկրետ ենթակառուցվածքային կամ կապիտալ ներդրում պահանջող ծրագրերից, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գաղափարը ենթադրում է նաեւ ներդրումներ մարդկային ռեսուրսների ոլորտում, աջակցություն առկա ռեսուրսներին: Օրինակ, վերջին նմանատիպ հետաքրքիր դրսեւորումը Արմավիրի մարզում Էդուարդո Էռնեկյանի այգիների մշակմամբ զբաղվող մասնագետների ներգրավումն էր «Շենիկ» ՋՕԸ-ի կառավարման խորհրդում: Սա եւս սոցիալական պատասխանատվության դրսեւորում է, երբ ընկերությունն իր մասնագիտական ներուժով եւ փորձով ցանկանում է օգտակար լինել կոնկրետ կառույցի աշխատանքների կազմակերպմանը: Դա եւս, անշուշտ, խրախուսելի է:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում