Ալեքսեյ Պորտանսկի. Ուկրաինական դեպքերը ՄՄ երկրներում ուղղակի ազդեցություն չեն ունենա

Հարցազրույց ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» Ազգային հետազոտական համալսարանի համաշխարհային էկոնոմիկայի և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի առևտրային քաղաքականության ամբիոնի ղեկավար, պրոֆեսոր Ալեքսեյ Պորտանսկիի հետ

– Պարոն Պորտանսկի, Ուկրաինայի դեպքերի շուրջ զարգացումներն ի՞նչ տնտեսական հետևանքներ կարող են ունենալ Ռուսաստանի և այլ երկրների համար:

– Տվյալ պահին, մինչ ուկրաինական ճգնաժամը, Ռուսաստանը լուրջ օգնություն տրամադրեց Ուկրաինային և այսօր էլ չի հրաժարվել դրանից: Խոստացված 15 մլրդ դոլար աջակցությունը բավականին լուրջ հարց է: Այն կարող է որոշակիորեն անդրադառնալ նաև Ռուսաստանի Դաշնության բյուջեի վրա: Այդ պատճառով Ռուսաստանը կարող է դժվարություններ զգալ առաջիկայում:

– Իսկ Մաքսային միության երկրների՞ դեպքում:

Կարդացեք նաև

– Մաքսային միության երկրներում հավանաբար ուղղակի տնտեսական ազդեցություն չի զգացվի: Կարելի է բելառուսներին հարցնել, գուցե Ուկրաինայի և Բելառուսի միջև առևտրաշրջանառության որոշակի խափանումներ լինեն: Պետք է հուսալ, որ իրավիճակը հետզհետե կկարգավորվի, և կարիք չի լինի անհանգստանալ Մաքսային միության անդամ երկրների համար ավելի լուրջ տնտեսական հետևանքների հնարավորության մասին:

– ՄՄ անդամ երկրներից միայն Ռուսաստանն է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ: Հայաստանը ևս ԱՀԿ անդամ է և պատրաստվում է անդամակցել ՄՄ-ին: Խոսվում է, որ ԱՀԿ-ի հետ ՄՄ շրջանակներում նոր բանակցություններ են սկսվելու: Ձեր կարծիքով` ի՞նչ կարելի է սպասել այդ բանակցություններից:

– Ես չհասկացա, թե ի՞նչ նոր բանակցությունների մասին եք ասում: ՄՄ շրջանակներում ԱՀԿ-ի հետ նոր բանակցություններ չեն սպասվում: ԱՀԿ-ի հետ բանակցում է Ղազախստանը, որը պետք է ավարտի այս տարի: Բելառուսին դեռ շատ կա` մինչ ԱՀԿ-ին անդամակցելու որոշում կայացնի: Գուցե դրա՞ մասին է խոսքը, այլապես ՄՄ շրջանակներում ոչ մի բանակցություններ չեն կարող լինել ԱՀԿ-ի հետ:

– ՀՀ պաշտոնյաները նշում են, որ քանի որ Ռուսաստանն ու Հայաստանը տարբեր պայմանավորվածություններ ունեն ԱՀԿ-ի հետ, իսկ ՄՄ-ում այլ կանոններ են գործելու, ապա հենց ՄՄ շրջանակներում նոր բանակցություններ են սկսվելու ԱՀԿ-ի հետ:

– ՄՄ-ին Հայաստանի և Ղրղըզստանի անդամակցության դեպքում ԱՀԿ-ի կողմից հարցեր կառաջանան հենց այդ հանրապետություններին, և ոչ թե Մոսկվային կամ Մաքսային միությանը: Նրանք ստիպված կլինեն փոխել իրենց մաքսատուրքերը` դրանք համապատասխանեցնելով ՄՄ մաքսատուրքերին: Եվ այդ խնդիրը պետք է լուծեն կոնկրետ Հայաստանը` ԱՀԿ-ի հետ, և Ղրղըզստանը` ԱՀԿ-ի հետ:

– Այսինքն, ՄՄ շրջանակներում միասնական բանակցային գործընթաց ԱՀԿ-ի հետ չի՞ լինելու:

– Ոչ, չի կարող լինել: Ոչ պաշտոնապես կարող են լինել միայն ռուսական խորհրդատուներ, որոնք կմասնակցեն բանակցություններին, բայց պաշտոնապես կողմերը լինելու են Հայաստան-ԱՀԿ և Ղրղըզստան-ԱՀԿ:

– Թե՛ ռուս, թե՛ հայ պաշտոնյաները հայտարարում են, որ ՀՀ-ն արագ տեմպերով շարժվում է դեպի ՄՄ անդամություն: Ձեր կարծիքով` ինչպիսի՞ն է իրավիճակն իրականում:

– Ես կարծում եմ, որ եթե ոչ մի խանգարող հանգամանք չծագի, այս տարի Հայաստանը կկարողանա դառնալ Մաքսային միության լիիրավ անդամ: Ես ողջ իրադարձություններին ուշադիր հետևելու հնարավորություն չունեմ, բայց գործընթացը հանդարտ, իր հունով գնում է:

– Մինչ օրս դեռ որոշում չի կայացվել աբխազական երկաթուղու բացման հետ կապված: Ըստ Ձեզ` որքանո՞վ է այդ հարցը կարևոր և հնարավո՞ր է` առաջիկայում լուծվի:

– Ես այդ խնդրով չեմ զբաղվել, բայց, իհարկե, դա կարևոր հարց է, իսկ թե երբ կլուծվի` չեմ կարող ասել: Ամեն դեպքում, Մոսկվայում այդ մասին չեն խոսում:

Տեսանյութեր

Լրահոս