Բաժիններ՝

Ինչո՞ւ է անկում դրամը

Նախորդ տարվա դեկտեմբերի սկզբից ՀՀ ազգային արժույթը մտավ թուլացման փուլ, որը շարունակվում է մինչ օրս։ Վերջին երեք ամիսների ընթացքում դրամը թեթև շեղումներով` կայուն կերպով արժեզրկվում է։

Այսպես, 2013 թվականի դեկտեմբերի 1-ին դոլարի պաշտոնական փոխարժեքը 403.9 դրամ էր։ Երեկ` մարտի 5-ին, ԿԲ-ն սահմանեց 414.4 դրամ փոխարժեք, իսկ «Նասդաք ՕԷՄԷՔՍ» բորսայում դոլարի միջին փոխարժեքը երեկ կազմել է 414.54 դրամ։ Կանխիկ փոխանակման կետերում դոլարը գնվում է 413.5-414 դրամով, իսկ վաճառքի գինը հասնում է մինչև 418 դրամի։

Դոլարի պաշտոնական փոխարժեքը ռեկորդային է` ոչ միայն ընթացիկ տարվա, այլև նախորդ 9 ամսվա կտրվածքով։ 414 դրամից ավելի դոլարն արժեցել է միայն 2013 թվականի հունիսի սկզբին։

Դե, իսկ եվրոյի նկատմամբ հայկական դրամը ոչ թե թուլացել է, այլ բառի բուն իմաստով` նվաղել։ Եվրոյի պաշտոնական փոխարժեքը երեկ շուրջ 570 դրամ էր, իսկ ուղիղ մեկ տարի առաջ` 535։ Որոշ տեսակետներ կան, որ հայկական դրամի արժեզրկումը տարվա առաջին 2 ամիսներին արտասովոր երևույթ չէ, և, որ դա պարբերաբար տեղի է ունենում` դրսից ստացվող դրամական փոխանցումների նվազման հետևանքով։

Այս տեսակետի մեջ ճշմարտության հատիկ կա։ Սովորաբար դեկտեմբերին դրսից եկող փոխանցումները հասնում են իրենց պիկին` կապված ամանորյա տոների հետ։ Իսկ հունվարին` շուրջ երկու անգամ նվազում։
Իսկ նախորդ տարիներին, իրոք, դրամը տարվա առաջին երկու ամիսների ընթացքում, որպես կանոն, արժեզրկվել է։ Պարզապես այս դեպքում հարցն արժեզրկման տեմպն է։ Այս առումով` ընթացիկ արժեզրկումն իրոք տարբերվում է։
2014 թվականի հունվարի 1-ին դոլարի պաշտոնական փոխարժեքը 405.6 դրամ էր։

Երեկ, ինչպես արդեն նշեցինք, 414.4 դրամ։ Այսինքն` տարվա սկզբի համեմատ դոլարը թանկացել է 2.17 տոկոսով։

Իսկ նախորդ տարիներին դրամի արժեզրկումն ավելի համեստ տեմպեր է ունեցել։ Այսպես, 2013թ. հունվարի 1-ին դոլարն արժեր 403.58 դրամ, մարտի 5-ին` 410.6 դրամ (դրամն արժեզրկվել է 1.76%-ով)։ 2012 թվականի նույն ժամանակահատվածում դրամն արժեզրկվել էր 0.78%-ով, 2011-ին` 1.13%-ով։

Այսինքն, դրամի ընթացիկ արժեզրկումն իրոք նորմայից փոքր-ինչ բարձր է։ Այդ մասին է վկայում նաև այն, որ ԿԲ-ն ակտիվ միջամտում է շուկային` ցնցումներ թույլ չտալու համար։ Վերջին 1 ամսվա ընթացքում ԿԲ-ն շուկա է ներարկել մոտ 60 միլիոն դոլար` դոլարի պահանջարկը բավարարելու համար, իսկ 5 օրվա ընթացքում` 24 միլիոն։ Համեմատության համար նշենք, որ 2013թ. ընթացքում ԿԲ-ն արտարժութային շուկայում վաճառել է մոտ 50 միլիոն դոլարից քիչ գումար, իսկ առաջին երկու ամիսներին բորսայի միջոցով դոլար չի վաճառել։

Այսինքն` առկա է արժեզրկման ուժեղ ճնշում դրամի վրա, և այդ արժեզրկումը կարող էր ավելի էական լինել, եթե ԿԲ-ն ակտիվ չմիջամտեր շուկային։
Այնուամենայնիվ, ինչո՞ւ է արժեզրկվում դրամը։ Դրամական փոխանցումների ծավալը, ինչպես նշեցինք, դեր խաղում է, սակայն այս դեպքում արժեզրկումը նորմայից բարձր է։ Բացի այդ, ճիշտ է` հունվարին դրամական փոխանցումները դեկտեմբերի համեմատ նվազել են, սակայն նախորդ տարիների հունվար ամիսների համեմատ` զգալիորեն աճել են։

Այսպես, ՀՀ ԿԲ տվյալների համաձայն` այս տարվա հունվարին ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 122.5 միլիոն դոլար: 2013 թվականի հունվարին այդ ցուցանիշը կազմել է 112.3 միլիոն, 2012-ի հունվարին` 95 միլիոն, 2011-ի հունվարին` 86.6 միլիոն, 2010-ի հունվարին` 70.6 միլիոն։ Այսինքն` տրանսֆերտները հունվար ամսին միշտ աճել են, այս տարի` առավել ևս։ Դրանք աճել են նաև փետրվարին (նախորդ տարվա փետրվարի համեմատ), պարզապես ԿԲ-ն դեռ չի հրապարակել այս տարվա փետրվարի տվյալները։ Մի խոսքով` դրամական ներհոսքը չէր կարող լուրջ ճնշում առաջացնել փոխարժեքի վրա։

Այս հարցում դեր խաղում է նաև արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը։ Սակայն այս դեպքում նույնպես էական շեղումներ չկան` նախորդ տարիների համեմատ։ Այս տարվա հունվարին արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 197.9 միլիոն դոլար։ Մեծ թիվ է, սակայն նախորդ տարվա հունվարին նույնպես այդքան էր։ Իսկ 2012-ի հունվարին բացասական հաշվեկշիռն ավելի մեծ էր` 202.9 միլիոն դոլար։ Այսինքն` արտաքին առևտրի միջոցով ահագին արտարժույթ ենք «դուրս տվել», սակայն` ոչ ավելի մեծ չափով, քան նախորդ տարիներին։

Մնում է գլոբալ բացատրությունը` այն, որ վերջին շրջանում նկատվում է կապիտալի արտահոսք զարգացող երկրներից դեպի զարգացած երկրներ (մասնավորապես` ԱՄՆ)։ Ճիշտ է, ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանն օրերս հայտարարեց, որ ՀՀ-ում նկատվում է ոչ թե կապիտալի արտահոսք, այլ ներհոսք, սակայն դրամի փոխարժեքի քիչ թե շատ նորմալ բացատրություն մնում է կապիտալի արտահոսքը։

Եվ վերջապես, մեծ դեր են խաղում սպասումները։ Հատկապես ռուսական ռուբլու փլուզման ֆոնին թուլանում է վստահությունը հայկական դրամի նկատմամբ։ Բանն առայժմ խուճապի չի հասել, սակայն այս տեմպով շարունակվելու պարագայում չի բացառվում, որ դրամը կշարունակի շատ արագ արժեզրկվել։
Լա՞վ է դա, թե՞ վատ, արդեն այլ հարց է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս