Հայաստանի ամենահարուստ ու ազդեցիկ օլիգարխը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նախօրեին մի միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել արդար մրցակցության ու Հայաստանում դրա բացակայության մասին: «Արդար, հավասար մրցակցային միջավայրը, որ ավելի առաջնահերթ է տնտեսության զարգացման համար, մեզ չի հաջողվել ձևավորել ՀՀ-ում: Սա ամենակարևորագույն խնդիրն է և կառավարության՝ համար առաջին առաջնահերթությունը»,- հայտարարել է նա: Միակ մխիթարանքն այն է, որ Տիգրան Սարգսյանի այս հայտարարությունը որևէ սպառնալիք չի ներկայացնում մրցակցային միջավայրի համար՝ այն պարզ պատճառով, որ դա Հայաստանում գոյություն չունի: Այլապես պետք էր լրջորեն մտահոգվել, քանի որ, ինչպես հայտնի, երբ ՀՀ իշխանությունն ու հատկապես Տիգրան Սարգսյանը որևէ ոլորտ հռչակում է՝ որպես առաջնահերթություն, կարճ ժամանակ անց այն հայտնվում է լրջագույն խնդիրների առաջ: Դա՝ իմիջիայլոց:

Արդար մրցակցության բացակայությունն, իսկապես, Հայաստանի զարգացմանը խոչընդոտող կարևորագույն խնդիրն է: Ընդունված է, որ ազատ մրցակցության կամ դրա բացակայության մասին քննարկումներն առավելապես վերաբերում են տնտեսությանն ու տնտեսական հարաբերություններին: Սակայն Հայաստանում ազատ մրցակցության բացակայությունը, նախ և առաջ, ու ավելի վտանգավոր կերպով՝ արտահայտվում է քաղաքական համակարգում՝ բառի լայն և նեղ իմաստներով:

Արտաքուստ քաղաքական ուժերի միջև ոչ միայն մրցակցություն կա, այլ այն երբեմն կատաղի մրցակցության աստիճանի է հասնում: Իրականում սակայն դա ընդամենը մրցակցության պատրանք է, քանի որ մրցակցությունը ոչ թե գաղափարների, տեսակետների, դիրքորոշումների միջև է, այլ ընդամենը՝ միևնույն գաղափարական ուղղվածությունն արտահայտելու «տեղի»: Իշխանությունը պայքարում է՝ իր տեղը պահպանելու համար, ոչ իշխանական ուժերը պայքարում են՝ իշխանության տեղում հայտնվելու համար: Կրկնում ենք, առանց գաղափարական, ծրագրային, սկզբունքային որևէ տարբերության:

Թեև ասվածը վկայող իրադրություններ եղել են նախկինում ևս, սակայն Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցը դարձավ վերջին կատալիզատորը՝ դրանում ևս մեկ անգամ ու մեկընդմիշտ համոզվելու համար: Իշխանությունը, ընդդիմության մեծ մասը և այլընտրանքային ԲՀԿ-ն համակարծիք են այդ հարցում: Սա ոչ թե որևէ ներքին՝ ասենք, բյուջետային ծախսերի, կենսաթոշակային կամ ապահովագրական համակարգերին վերաբերող հարց է, որի հետ կապված քաղաքական ուժերը կարող են ունենալ մարտավարական համաձայնություն կամ տարաձայնություններ, այլ Հայաստանի քաղաքական ու քաղաքակրթական ընտրությանը վերաբերող խնդիր, որի շուրջ իշխանության և ոչ իշխանական ուժերի դիրքորոշումների համընկնումը հնարավոր չէ՝ առանց գաղափական, արժեքային, աշխարհայացքային ու տեսակային նույնության: Եթե, իհարկե, Հայաստանում քաղաքականության անվան տակ իրականացվող գործունեությունն ընդհանրապես կարելի է արժեքային կամ սկզբունքային համարել:

Այսինքն՝ պետության համար ճակատագրական, լինելիության աստիճանի՝ ճակատագրական հարցում քաղաքական համակարգի խաղացողների մեծամասնությունն արտահայտում է նույն տեսակետը: Հետևաբար՝ գործ ունենք քաղաքական մրցակցության իսպառ բացակայության հետ: Իսկ այն, ինչ ներկայանում է՝ որպես մրցակցություն,  մոտավորապես այն պարագան է, երբ որևէ օլիգարխ իր մենաշնորհն օգտագործում է զոքանչի, քեռու, վարորդի ու իր շրջապատի այլ անձանց անուններով գրանցված ընկերությունների միջոցով:

Տվյալ դեպքում Հայաստանի քաղաքական համակարգի մոնոպոլիստը Ռուսաստանն է, որն իր մենաշնորհն օգտագործում է ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և այլ անուններով գրանցված միավորների միջոցով: Ի դեպ, ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ այս դեպքում, մոնոպոլիստն իր «մարդիկ» ունի նաև նույն գործունեությամբ զբաղվող, սակայն ծիծաղելիորեն փոքր մասնաբաժին ունեցող ընկերություններում: Ինչպես, օրինակ, «Ժառանգությունում»: Սակայն դա այլ քննարկման թեմա է, որին կանդրադառնանք առանձին:

Տնտեսության մեջ արդար մրցակցությունը խեղդվում է իշխանությունների կողմից ընտրյալ գործարարներին արտոնյալ պայմաններ տալու, մոնոպոլիստ օլիգարխների տնտեսական դիկտատի միջոցով: Քաղաքական  համակարգում տեղի է ունենում գրեթե նույնը՝ գուցե որոշակիորեն այլ դրսևորումներով:

Եթե քաղաքական համակարգը դիտարկենք, ասենք, Հայաստան ինչ-որ ապրանք ներմուծող որևէ մոնոպոլիստի օրինակով, ապա այդ մոնոպոլիստը Ռուսաստանն է, որը ներկրում և տեղում էլ «արտադրում» է այն, ինչը կարելի է պայմանականորեն անվանել ռուսականություն: Այդ «ապրանքն» արդեն տեղում իրացվում է կուսակցությունների միջոցով: ՀՀԿ-ն ունի մեծամասնություն իշխանության բոլոր մակարդակներում, այսինքն՝ «իրացման ցանցի» ամենախոշոր միավորն է, մեծությամբ երկրորդը ԲՀԿ-ն է, որից հետո մեծություններն այլևս կարևոր չեն: ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ժամանակ առ ժամանակ մամուլի ակումբներում երևացող կուսակցությունները զբաղվում են մոտավորապես նրանով, ինչով զբաղվում են, ասենք, շաքարավազ վաճառող կրպակները կամ բենզին վաճառող լցակայանները՝ միևնույն մոնոպոլիստի ներկրածը վաճառելով:

Ակնհայտ է, որ վտանգավորությամբ ու Հայաստանի զարգացմանը խոչընդոտելու տեսանկյունից՝ քաղաքական համակարգի մոնոպոլացումը շատ ավելի մեծ սպառնալիք է, քան արդար մրցակցության բացակայությունը՝ տնտեսական կյանքում: Ավելին. վերջինն առաջինը հետևանքն է և տնտեսության մեջ իրական մրցակցային միջավայր ապահովելու համար պետք է վերացնել քաղաքական համակարգի մենաշնորհը: Գործող քաղաքական համակարգի հիմնական խաղացողներից որևէ մեկը, բնականաբար, դա չի կարող անել, քանի որ ռուսական մենաշնորհը նրանց գոյության հիմնական երաշխիքն է:

Քաղաքական դաշտում, իհարկե, կան նաև այս համակարգից, ռուսական մենաշնոհից դուրս գործող ուժեր: Սակայն նրանց մրցունակությունն այնքան է, որքան կարող է լինել, ասենք, շախմատի ակումբի մրցունակությունը մենաշնորհային իրավունքներ ստացած «Շանգրի Լա» խաղատան հարևանությամբ:

Կենցաղային  մակարդակում և փորձագետների ու ԶԼՄ-ների շրջանում շատ է քննարկվում հարցը՝ ո՞վ է Հայաստանի ամենահարուստ և ազդեցիկ օլիգարխը: Այս հարցին յուրաքանչյուրը կարող է պատասխանել ինչպես՝ իր տեղեկացվածության, այնպես էլ՝ քաղաքական կողմնորոշումների հիման վրա: Այս հարցին պատասխանելով՝ ցանկացածը կարող է նշել առնվազն մեկ-երկու տասնյակ անուններ, ովքեր ամեն օր հայտնվում են հեռուստաէկրաններին ու մամուլի էջերում: Իրականում, սակայն, Հայաստանի ամենաազդեցիկ, հետևաբար՝ նաև ամենահարուստ օլիգարխը Ռուսաստանն է կամ Վլադիմիր Պուտինը, որն ազդեցություն ունի Հայաստանի ինչպես՝ ամենահարուստ, այնպես էլ՝ նրանից մի փոքր պակաս հարուստ ու ոչ այնքան հարուստ օլիգարխների ու նրանց պատկանող քաղաքական միավորների վրա:

Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանին, ով Հայաստանում մրցակցային միջավայրի ձևավորումը հռչակել է որպես առաջնահերթություն, ապա հասկանալի է, որ նա ընդամենը հերթական անգամ փորձել է իմաստուն մտքեր հայտնել՝ առանց հետևանքների: Այլապես, եթե Տիգրան Սարգսյանն իսկապես ցանկանում է պայքարել մրցակցային միջավայրն աղճատող երևույթների դեմ, ապա պետք է իսկույն մեկնի Կիև ու իր աջակցությունը հայտնի Ուկրաինայի կառավարությանը: Կամ առնվազն մասնակցի Երևանում Ռուսաստանի դեսպանատան առջև կազմակերպվող բողոքի ակցիաներին: Ոստիկանների կողմից ձեռքերի ոլորման միջոցով բերման ենթարկվելու խիստ կանխատեսելի հեռանկարով:

Տեսանյութեր

Լրահոս