Ինչպես կազդեն Ուկրաինական դեպքերը Հայաստանի վրա

Մարտի 1-ից հետո, երբ ՌԴ Դաշնային խորհուրդը համաձայնություն տվեց նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին` կապված Ուկրաինայի տարածք զորքեր մտցնելու հետ, հավելյալ ճնշումներ սկսվեցին ռուբլու վրա, երկուշաբթի ՌԴ ֆոնդային բորսան և ռուբլին կտրուկ անկում գրանցեցին, «Գազպրոմ» ընկերության բաժնետոմսերը 10%-ից ավելի արժեզրկվեցին, ԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներով: Եվ սա դեռ միայն սկիզբն է: Եթե Ռուսաստանը շարունակի իր ագրեսիան Ուկրաինայի հանդեպ, Արևմուտքն, անկասկած, խիստ քայլերի կգնա, ու լայնածավալ տնտեսական հարձակում կսկսվի Ռուսաստանի դեմ:

ՌԴ Պետհամալսարանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետի փոխդեկան, Եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Անդրեյ Սուզդալցևը ստեղծված իրավիճակը, ռուսական տնտեսության արձագանքը` ուկրաինական խնդրի հետ կապված, լիովին բնական և հասկանալի է համարում:

«168 Ժամի» հետ զրույցում նա նշեց, որ Ուկրաինան Ռուսաստանից դեպի եվրոպական շուկա գազի արտահանման տրանզիտն է և, բնական է, որ «Գազպրոմն» առաջին հերթին հայտնվեց հարվածի տակ: Ըստ նրա, առաջիկա օրերին ռուսական ռուբլու փոխարժեքի անկումը կշարունակվի. «Սրանք շատ լուրջ խնդիրներ են և լուրջ հետևանք կթողնեն ռուսական տնտեսության վրա»:

Ռուսաստանի դեմ կիրառվելիք հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ Ա.Սուզդալցևը նշեց, որ նման սցենարով զարգացումների հավանականությունը մեծ չէ: Վերլուծաբանի կարծիքով` Ռուսաստանը համաշխարհային տնտեսության հետ սերտորեն կապված է, արտաքին ներդրումները տարեկան կազմում են մոտ 700 մլրդ դոլար, երկրում կան օտարերկրյա կապիտալով բազմաթիվ ընկերություններ:
«Շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես կընդունվեն նման պատժամիջոցները, և ինչ ազդեցություն դրանք կունենան: Այժմ դաշնային վերահսկման հարցերով պատվիրակություն է մեկնել ԱՄՆ` հաշվի առնելով, որ ՌԴ-ն ամերիկյան թռչնամսի խոշորագույն ներմուծող է:

ՌԴ-ն նաև կաթնամթերքի սպառման հսկայական շուկա է արևմտյան երկրների համար: Տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ երկսայր սուր կլինեն միջազգային հանրության համար»,- նշեց Ա.Սուզդալցևը:

Թե ինչպե՞ս կազդի Ռուսաստանի տնտեսության վիճակի վատթարացումը Հայաստանի տնտեսության վրա՝ տեղական քաղաքական գործիչների, փորձագետների կարծիքը միանշանակ է՝ վատ, թեև ոմանք մեզ հետ զրույցում խուսափեցին կտրուկ ձևակերպումներից:

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի կարծիքով՝ զարգացումները հարափոփոխ են, իրավիճակն այնքան արագ է փոխվում, որ դրանց հետ կապված որևէ կանխատեսում անելը շատ անշնորհակալ գործ է: Նա նկատեց, որ ընդամենը շաբաթ օրվա վերջում որևէ հույս չկար, որ քննարկումների դաշտ կբացվի, բայց այսօր արդեն Անգելա Մերկելի ջանքերի շնորհիվ ԵԱՀԿ-ում այդպիսի դաշտ բացվել է, և խոսք է գնում այն մասին, որ ռուսական և ուկրաինական իշխանությունները կարող են քննարկումների մի հարթակ ստեղծել. «Այնպես որ, հիմա ընթացող տենդեցների հետ կապված «տաք հետքերով» կանխատեսումներ անելը, կարծում եմ, անշնորհակալ է, քանի որ ընդամենը մի քանի ժամ հետո այն կարող է անիրական թվալ»:

«Ցանկացած տարածաշրջանային անկայունություն հարևան երկրների վրա բացասական ազդեցություն է ունենում: Թե ինչպես կազդեն Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունների սրումը և առաջացած տնտեսական խնդիրները, ժամանակը ցույց կտա»,- ասաց Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Ըստ նրա` եթե, ի վերջո, ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառվեն, դա ավելի կխորացնի իրավիճակը. «Ամեն դեպքում, այսօր ոչ ոք չի կարող կանխատեսել, թե վերջնականապես ինչ բնույթի սանկցիաներ կընդունվեն, և դրա հետևանքներն ինչպիսին կլինեն: Եկեք չշտապենք, առաջ չընկնենք մի պայքարից, որը մերը չէ»:

Անկախ փորձագետ Հայկ Բալանյանի գնահատմամբ՝ ուկրաինական դեպքերի հետ կապված ՌԴ տնտեսությունում առաջացած խնդիրներն, իհարկե, կազդեն ՀՀ տնտեսության վրա, քանի որ վերջինս սերտորեն կապված է ռուսական տնտեսության հետ, և այն խնդիրները, որ կառաջանան Ռուսաստանում, իրենց հետևանքը կունենան նաև մեր երկրի համար: Նրա խոսքով` առաջին հերթին դա վերաբերում է տրանսֆերտների հոսքի նվազմանը, ինչպես գումարային արտահայտությամբ՝ ռուբլիով, այնպես էլ` տարադրամային, քանի որ ռուսական ռուբլու փոխարժեքը մինչ այս դեպքերը նվազում էր, իսկ առճակատման շարունակման դեպքում է՛լ ավելի կնվազի, ուստի ռուբլիով եկամուտներ ստացող և Հայաստան փոխանցումներ անող հայերը նույն քանակի ռուբլիով ավելի քիչ դոլար կամ եվրո կկարողանան գնել:

ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանի կանխատեսմամբ` Ռուսաստանի և Ուկրաինայի տնտեսություններին շատ բարդ ժամանակներ են սպասվում, և այդ հարաբերությունների սրացումը բացասական ազդեցություն կունենա նաև ՀՀ տնտեսության վրա, ինչը տարբեր ձևով կդրսևորվի` թե՛ տրանսֆերտների, թե՛ այնտեղ հայազգի աշխատողների առումով. «Այս իրավիճակը բոլոր ոլորտների վրա կանդրադառնա: Ռուսական տնտեսության վատթարացումը կազդի նաև մեր սպառման վրա: Բայց այս փոփոխությունները ժամանակի ընթացքում կզգացվեն` մոտ 6 ամսվա կտրվածքով: Թեև, եթե բացասական զարգացումներն արագանան, ու ավելի վատանա վիճակը, այդ ազդեցությունն ավելի արագ կզգանք նաև մենք: Ամեն դեպքում, լավ բան չի սպասվում: Շատ լուրջ փոփոխությունների ու իրադարձությունների նախաշեմին ենք կանգնած»:

ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի բնորոշմամբ` Ուկրաինայի և՛ տնտեսական, և՛ քաղաքական դրությունը կոլապսային վիճակում է, իսկ ՌԴ-ի հետ նրա հարաբերությունների ապագան` անորոշ. «Հայաստան տրանսֆերտները ոչ միայն

ՌԴ-ից, այլ նաև Ուկրաինայից են գալիս: Կլինի որոշակի խոցելիություն` արժույթների հետ նրանց դրամական միավորների կուրսի փոփոխության ազդեցությամբ, նաև սպասվում է փոխադարձ մատակարարումների կրճատում և եկամուտների նվազում: Խոշոր առումով Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերով պայմանավորված` և՛ ուղղակի, և՛ անուղղակի կտրվածքով, ՀՀ-ն կունենա որոշակի կորուստներ»:

Տեսանյութեր

Լրահոս