Լյուդմիլա Սարգսյան. Եթե ՆԱՏՕ-ի զորքերը ուզում են մտնել Ուկրաինա, ապա ինչո՞ւ եք զարմանում, որ ռուսական կողմն էլ կարող է նույնն անել

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը դժվարանում է պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները մինչ օրս պաշտոնական դիրքորոշում չեն հայտնում այն մասին, որ Ռուսաստանը փաստացի պատերազմ է հայտարարում Ուկրաինայի դեմ՝ ռուսական զորքերը Ղրիմ մտցնելով:

«Ես չեմ կարող ասել՝ իշխանությունն ինչո՞ւ է լռում, բայց ես ինքս լռում եմ այն պարզ պատճառով, որ դա ողբերգություն է, որի սկիզբը տեսանելի է, ավարտը՝ ոչ: Դա այնպիսի բարդ խնդիր է, որտեղ քաղաքական ուժերը լավ է լռեն, զերծ մնան ավելորդ կարծիքներ արտահայտելուց և միայն հետևեն դեպքերի զարգացումներին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

Ինչ վերաբերում ռուսական զորքերը Ղրիմ մտցնելու հանգամանքին, ապա ՀԱԿ պատգամավորը հիշեցրեց. «Եթե ՆԱՏՕ-ի զորքերը ուզում են մտնել Ուկրաինա, ապա ինչո՞ւ եք զարմանում, որ ռուսական կողմն էլ կարող է նույնն անել: Ես սա չեմ ասում ի պաշտպանություն Ռուսաստանի, ուղղակի ստեղծվել է մի վիճակ, երբ նույն հատվածում բախվել են Ռուսաստանի և Եվրոպայի լրջագույն շահերը:

Ուկրաինան պառակտել են, ժողովուրդը ջախջախված է, ապակողմնորոշված է, չգիտի՝ ո՞ր ուղղությամբ պիտի գնա, պաշտպանի Յանուկովիչի լեգիտիմությո՞ւնը, թե՞ գնա նոր իշխանությունների հետևից, որը հստակ չէ՝ ընդհանրապես ի՞նչ է ուզում, ի՞նչ իշխանութուն է ձևավորում: Ուստի կարծում եմ՝ լավ է զերծ մնալ տեսակետ հայտնելուց և միայն ցավալ այն դրության համար, որն այսօր տիրում է Ուկրաինայում»:

Կարդացեք նաև

Մեր հարցին՝ դատապարտելի չէ՞, որ Ռուսաստանը զորք է մտցնում Ղրին, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Ինձ համար դատապարտելի է և Ռուսաստանի ներխուժումը, և Ամերիկայի զորքերի հնարավոր ներխուժումը, որովհետև չէր կարելի կռվախնձոր դարձնել մի երկիր, որը լրջագույն դերակատարություն ուներ հետխորհրդային երկրների համագործակցության մեջ ու կարող էր լուրջ դերակատարություն ունենալ Եվրոպայի համար. պետք էր թողնել, որ ժողովուրդը կողմնորոշվի, ոչ թե միջամտել, օժանդակել իշխանությանը կամ ընդդիմությանը՝ Ուկրաինան հասցնելով այս վիճակին»:

Ըստ Լ.Սարգսյանի՝ ոչ Եվրոպայի, ոչ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ժողովրդի նկատմամբ չկա մտահոգություն, կան միայն շահեր, որոնք կողմերը փորձում են բավարարել:

Մեր հարցին, թե ինչո՞ւ եք կարծում, թե հստակ չէ ինչ են ուզում ուկրաինական նոր իշխանությունները, այն դեպքում, երբ ընտրված են ժողովրդի կողմից,  Լ. Սարգսյանը պատասխանեց, թե Վիկոր Յանուկովիչը դեյուրե Ուկրաինայի նախագահն է, թե «որքանով է դա լավ կամ վատ, այլ հարց է»:

«Ես շատ լավ հասկանում եմ, թե իրենից ինչ է ներկայացնում Յանուկովիչը, բայց փաստն այն է, որ նա Ուկրաինայի գործող նախագահն է»,- ասաց պատգամավորը:

Պատասխանելով այն հարցին, թե Դուք ևս նրան համարում եք, որպես Ուկրաինայի գործող նախագահ, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց, թե ինքը Յանուկովիչին «ոչ մի կերպ չի ընդունում», պարզապես խոսում է փաստերի մասին:

«Ինձ համար ընդունելի է այն ղեկավարը, որը մտահոգ է իր ժողովրդի և երկրի մասին, իսկ այն կադրերը, որոնք մենք տեսնում ենք Յանուկովիչի ունեցվածքի հետ կապված և այլն, չի կարող հարգանք ներշնչել»,- հավելեց նա:

Տեսանյութեր

Լրահոս