Բանկերը նախընտրում են խոշոր բիզնեսը
Հայաստանում գրանցված ընկերությունների 95%-ից ավելին ՓՄՁ-ներ են, որոնք ապահովում են երկրի ՀՆԱ-ի 45-50%-ը: Մինչդեռ ՓՄՁ ֆինանսավորման մասնաբաժինն ընդհանուր բանկային վարկերում 2012 թ-ի դրությամբ մոտ 25% է (ընդհանուր բիզնես վարկերի 37%-ը): Ըստ Հայաստան ազգային մրցունակության 2013-2014 թթ. զեկույցի՝ ֆինանսավորման նմանատիպ շեղվածությունը և միտվածությունը դեպի խոշոր ընկերություններ անուղղակիորեն մատնանշում է այն խոչընդոտները, որոնց բախվում են փոքրածավալ ակտիվներով ՓՄՁ-ներն ու նորաստեղծ ընկերությունները ֆինանսավորում ստանալիս:
Պետական կառույցները և միջազգային կազմակերպություններն ակտիվորեն աջակցում են Հայաստանում ՓՄՁ ֆինանսավորման մի շարք ծրագրերի: Պետական ուղղակի ֆինանսավորման մասնաբաժինը շուկայում դեռ բավարար չէ, սակայն ընդլայնվում է` թե՛ ծավալներով, թե՛ գործիքների ու միջոցների բազմազանությամբ: ՓՄՁ ԶԱԿ-ն աջակցում է միկրոձեռնարկություններին, իսկ ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ-ի ու Համահայկական բանկի գործառույթն է ՓՄՁ-ներին ուղղակիորեն ֆինանսավորելը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն այսօր զեկույցի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց, որ բավականաչափ շատ գործիքներ են կիրառվում ՓՄՁ-ների աջակցելու համար՝ վարկերի սուբսիդավորում, երաշխավորագրերի տրամադրում և այլն, նաև կան գործիքներ, որոնք տրամադրվում են դրամաշնորհների տեսքով:
«Գործիքները բավականաչափ շատ են, ծավալներն են քիչ: Այստեղ մենք պետք է նաև որոշակի առումով գնանք փուլային եղանակով: Միանգամից շատ մեծ ռեսուրսներ տրամադրելու համար ոչ միայն այն խնդիրն է, որ բյուջեն է սահմանափակ, այլ նաև այն, որ պետք է վստահ լինենք, թե որ գործիքներն են ավելի լավ աշխատում: Իսկ միանգամից իմանալ, թե որ գործիքներներն են առավել լավ արդյունք ապահովում, դժվար է: Դրա համար մենք գնում ենք հավասարակշռված ճանապարհով: Այնուհանդերձ, 2014 թ-ին այդ գործիքներն ավելի շատ են լինելու թե´ քանակով, թե´ գումարային տեսքով»,- ասաց նախարարը: