Հայացք պայծառ ապագային՝ առանց առաջընթացի. Հրապարակվեց Հայաստանի ազգային մրցունակության 2013-2014թթ. զեկույցը
Արդյունավետ կառավարման հրամայականը ստիպում է առաջնահերթություններ սահմանել և առաջին հերթին կենտրոնանալ առանցքային սահմանափակումների վրա, որոնք մինչև չվերացվեն, այլ գործոնների ուղղված ջանքերն անարդյունավետ կլինեն:
Նման հայտարարություն այսօր Հայաստանի ազգային մրցունակության 2013-2014թթ. զեկույցի շնորհանդեսի ժամանակ արեց «EV Քոինսալթինգ» հետազոտական կենտրոնի տնօրեն Մանուկ Հերգնյանը:
Ըստ նրա՝ զեկույցը վեր է հանել 4 սահմանափակումներ՝
1. մարդկային կապիտալի ցածր որակը, քանի որ քանակական առումով Հայաստանը կրթված մարդկանց պակաս չունի, աշխատուժի հետ կապված խնդիրները կապված են որակի հետ և տնտեսության կողմից պահանջվող ու ներկայիս կրթական համակարգի կողմից փաստացի առաջարկվող աշխատուժի որակների միջև էական ճեղքվածք կա:
2. Անկատար մրցակցային միջավայր՝ անարդար մրցակցային դաշտը և ստվերային տնտեսությունը ստեղծում են բազմաշերտ անբարենպաստ ազդեցություններ և՛ ընկերությունների, և՛ երկրի մակարդակով:
3. Հնարավորությունների բացահայտման պակաս՝ ՀՀ աճի հեռանկարներն անխուսափելիորեն կապված են արտահանման հետ: Արտահանման և ներդրումների ներկա կառուցվածքը չեն նպաստում արտահանման նոր հնարավորությունների բացահայտմանը և նորարարությունների խթանմանը:
4. Միաչափ ֆինանսական համակարգ՝ աճի հիմնկան խոչընդոտը ֆինանսական համակարգի միակողմանիությունն է, որը թույլ չի տալիս ունենալ տնտեսության տարբեր հատվածների կարիքներին հարմարեցված բազմատեսակ գործիքներ:
Հարցին, թե ի՞նչ առաջընթաց կամ փոփոխություն է գրանցվել անցած տարվա համեմատ, Մ.Հերգնյանը չպատասխանեց և հորդորեց մնալ այս զեկույցի շրջանաներում: