ԱՄՆ պետդեպի զեկույց. Հայաստանի մեդիան 2013 թվականի ընթացքում վերահսկվել է. media.am
ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է իր «Մարդու իրավունքներ 2013. Հայաստան» տարեկան զեկույցը, որտեղ անդրադարձել է նաեւ երկրում մամուլի եւ խոսքի ազատությանը: Այս մասին գրում է media.am-ի փոխանցմամբ՝ զեկույցի համաձայն՝ Հայաստանի իշխանությունները միշտ չէ, որ պահպանում են մամուլի եւ խոսքի ազատության իրավունքները: Տպագիր, օնլայն եւ հեռարձակող մեդիան 2013 թվականի ընթացքում վերահսկվել է կամ, որպես կանոն, արտահայտել է իշխանամետ տեսակետներ:
Նախորդ տարի արձանագրվել են նաեւ լրագրողների նկատմամբ բռնության բազմաթիվ դեպքեր՝ կապված փետրվարի 18-ի նախագահական, մայիսի 5-ի քաղաքապետի ընտրությունների, ինչպես նաեւ տարվա ընթացքում տարբեր քաղաքացիական բողոքի ակցիաների հետ:
Խոսքի ազատություն: Հունիսի 10-ին իշխանամետ «Շանթ» հեռուստաընկերությունը աշխատանքից ազատել է լուրերի հաղորդավար Արմեն Դուլյանին, որը սոցիալական մեդիայում Ռուսաստանի եւ Հայաստանի մեդիայի վիճակի մասին զուգահեռներ էր անցկացրել եւ նշել էր, որ երկու երկրներում էլ հեռուստաընկերությունների մեծ մասը վերահսկվում է իշխանությունների կողմից:
Արմեն Դուլյանին հեռացնելուց հետո «Շանթ» հեռուստաընկերությունը հայտարարել է, որ նրա հետ հետագա համագործակցությունն անընդունելի է համարում՝ հաշվի առնելով այն վերաբերմունքը, որը հաղորդավարը ցուցաբերել է հեռուստաընկերության նկատմամբ: Շատ լրագրողներ քննադատել են «Շանթ» հեռուստաընկերության այս քայլը՝ նշելով, որ միջադեպը հիմնավորում է այն մեղադրանքը, թե հեռուստաընկերությունը իշխանությունների վերահսկողության տակ է եւ չի հանդուրժում խոսքի եւ մտքի ազատությունը:
Մամուլի ազատություն: Բացառությամբ փետրվարի նախագահական եւ մայիսի քաղաքապետի ընտրություններին նախորդող մեկամսյա պաշտոնական քարոզարշավի ժամանակաշրջանի, երբ հեռարձակող մեդիան բազմակողմանի եւ օբյեկտիվ լուսաբանում է ապահովել, ավանդական մեդիայում հիմնականում բացակայում է քաղաքական կարծիքի բազմազանությունն ու օբյեկտիվությունը:
Թերթերի տպաքանակը շարունակում է սահմանափակ մնալ: Թերթերի մեծ մասը պատկանում է մասնավոր անձանց կամ խմբերի՝ բացառությամբ պետական ֆինանսավորում ունեցող «Հայաստանի Հանրապետություն» թերթի եւ նրա ռուսալեզու տարբերակի՝ «Республика Армения»-ի:
Թերթերը մեծ մասամբ, որպես կանոն, արտահայտում են սեփականատերերի եւ հովանավորների շահերը, որոնք հաճախ մոտ են կանգնած իշխանություններին: Քաղաքական ուժերն ու բիզնես շահերը, որոնք հովանավորում են այս թերթերը, հետաքրքրություն չեն ցուցաբերում ազնիվ եւ հավասարակշռված համապետական լուսաբանում ապահովելու հարցում: Միայն մի քանի թերթեր են գործում ՝որպես արդյունավետ եւ ինքնուրույն ձեռնարկություններ:
Հեռարձակող մեդիան, մասնավորապես՝ Հանրային հեռուստաընկերությունը, շարունակում է մնալ ինֆորմացիայի հիմնական աղբյուրը բնակչության մեծ մասի համար: Երկրի 20 ռադիոընկերությունները (3-ը` հանրային, 1-ը հեռարձակում է արտերկրից) սահմանափակ լսարան ունեն:
97 հեռուստաընկերություններից միայն 3-ը չեն պատկանում մասնավոր անձանց. հեռուստաընկերություններից շատերը փոքր են եւ տեղակայված են հեռավոր մարզերում: Հեռուստաընկերությունների մեծ մասը պատկանում է իշխող կուսակցության քաղաքական գործիչներին կամ քաղաքական կապեր ունեցող անձանց. այս հեռուստաընկերությունները միակողմանի են լուսաբանում իրադարձությունները:
Պատրաստեց՝ Աննա Բարսեղյանը
Լուսանկարը՝ media.am-ի
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:



