Միաժամանակ 2.5 պատերազմ մղելու սպառնալիքը Թուրքիայում վերածվել է 2.5 պետություն ու կառավարություն ունենալու սպառնալիքի. 21 Yüzyıl
2014 թվականի փետրվարի 26-ին թուրքական «21-րդ Դար Թուրքիայի Ինստիտուտ» ուղեղային կենտրոնի կայքում հրապարակվել է Ջահիթ Արմաղան Դիլեքի «2.5 պատերազմի սպառնալիքից 2.5 պետության ու 2.5 կառավարության սպառնալիքի վերածված Թուրքիայի փրկության հույսը» խորագրով հոդվածը, որը կրճատումներով ներկայացվում է ստորև.
«2014 թվականի փետրվարի 3-ին վարչապետ Էրդողանը Գերմանիա մեկնելուց առաջ օդանավակայանում լրագրողների հետ զրույցում բարկացած հիշատակեց «զուգահեռ կառույցի» («զուգահեռ պետություն», «խորքային պետություն», պետություն պետության մեջ) գոյության մասին` ընդգծելով, որ պետության ներսում նման կառույցի առկայությունը վերածվել է մեր գոյատևման խնդրի: Եվ իսկապես, հատկապես վերջին մեկ տարվա զարգացումներն իրականում սպառնալիքի տակ են դրել Թուրքիայի Հանրապետության գոյատևումը:
2011 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո և հատկապես 2013 թվականի սկզբից Թուրքիայում ի հայտ եկան մի շարք իրադարձություններ (գաղտնի բանակցություններ, սակարկումներ, գաղտնի հարաբերություններ ու համագործակցություն, սկանդալային տեսանյութերի ու փաստաթղթերի տեսքով տեղեկատվական արտահոսքեր, պաշտոնական ու ոչ պաշտոնական առաջնորդների բաց և փակ ուղերձներ և այլն), որոնք արդեն իսկ մտահոգություններ են առաջացրել` կապված Հանրապետության ռեժիմի ապագայի և պետական միասնության ու գոյատևման հետ:
Երկուսուկես պատերազմի սպառնալիք
Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդեց «Սառը պատերազմը», որի ժամանակ աշխարհը բաժանվել էր երկու բևեռի` ՆԱՏՕ-ի, որի կազմում էր նաև Թուրքիան և Վարշավյան բլոկի: Վերջինիս հետ Թուրքիան ուներ թե´ ցամաքային, թե´ ծովային սահման: Դա մասնավորապես վերաբերում էր ԽՍՀՄ-ին (Վարշավյան բլոկի առաջատարին):
Թուրքիայի վիճակը վատթարացնում էր այն, որ նա խնդիրներ ուներ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի հետ, ինչը կապված էր նրա հետ, որ Հունաստանը ձգտում էր Էգեյան ծովը վերածել Հունական լճի, իսկ Կիպրոսը միացնել իրեն: Դա ժամանակ առ ժամանակ պատերազմական վիճակներ էր առաջացնում: Այդպիսի լարված իրավիճակում երկու երկրները, չնայած նրան, որ գտնվում էին նույն դաշինքի կազմում, մշակում էին միմյանց դեմ ռազմական պլաններ ու նախագծեր:
Այսպիսի պայմաններում («Սառը պատերազմ» և ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի հետ լարվածություն) 1980-ական թվականներին Թուրքիայի անվտանգության հարցում ի հայտ եկավ նոր սպառնալիք: Խոսքը գնում է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) մասին (հիմնադիր Աբդուլլահ Օջալան, 1978 թվական), որը նպատակադրվել էր երկրի Արևելյան ու Հարավ-արևելյան հատվածում ստեղծել մարքսիստ-լենինիստական Քրդական մի պետություն:
PKK-ն իր հարձակումները (ակտիվ զինված պայքարը) սկսեց 1984 թվականին, տարիների ընթացքում մեծացրեց ու ընդլայնեց իր հարձակումների աշխարհագրությունը և վերածվեց ներքին անվտանգության խնդրի: PKK-ի զինյալները լայնորեն օգտագործում էին Սիրիայի տարածքը` այնտեղ ստեղծելով անվտանգ ապաստաններ ու ստանալով ռազմական նախապատրաստություն:
PKK-ի զինյալները Թուրքիայի տարածքի վրա հարձակում գործելու համար օգտվում էին Սիրիայի տարածքից, որի ղեկավարները «ձայն չէին հանում» այդ կապակցությամբ: Դրանով իսկ Թուրքիան Սիրիային մեղադրեց իր հանդեպ թշնամական դիրքորոշում որդեգրելու մեջ և առաջացավ ռազմական բախման վտանգ (1998 թվական):
Այդպիսով, Սիրիան Հունաստանից հետո արտաքին սպառնալիքների թվում զբաղեցրեց երկրորդ տեղը («Սառը պատերազմը» արդեն ավարտվել էր): 1990-ական թվականներին սրվեցին Սիրիայի ու Հունաստանի հետ հարաբերությունները, իսկ PKK-ը մեծացրեց իր հարձակումների քանակը: 1996 թվականին կտրուկ սրվեցին Հունաստանի հետ հարաբերությունները` կապված Էգեյան ծովի Քարդաք (հունական անվանումը` Իմիա) կղզու հետ: Նույնպես ի հայտ եկավ պատերազմական վտանգ:
Թուրքիան հայտնվել էր միաժամանակ երկու երկրի (Հունաստան ու Սիրիա) դեմ (խոշորամասշտաբ) պատերազմ մղելու վտանգի առջև` գումարած ներքին անվտանգության խնդիրը (PKK): Իրադարձությունների նման զարգացումը դրանից մոտ 4 տարի առաջ կանխատեսել էր ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Մուսթաֆա Շյուքրյու Էլեքդաղը:
1994 թվականին նրա հեղինակած «Երկուսուկես պատերազմի ռազմավարություն» հոդվածում նշված էր, որ Թուրքիան պետք է պատրաստ լինի միաժամանակ մասշտաբային պատերազմ մղել երկու ճակատում և դրան զուգահեռ մղել «կես» (ներքին) պատերազմ:
Այսինքն, Թուրքիան պետք է պատրաստ լիներ մի կողմից արևմուտքում` Թրակիայում ու Էգեյան ծովում պատերազմել Հունաստանի դեմ, իսկ մյուս կողմից` հարավում պատերազմել Սիրիայի դեմ, և դրա հետ մեկտեղ արևելքում ու հարավ-արևելքում պայքար մղեր PKK-ի դեմ: Էլեքդաղն այդ ամենն անվանել էր «երկուսուկես պատերազմի ռազմավարություն»:
Ուշագրավը, սակայն, այն էր, որ 1990-ական թվականներին միաժամանակ երկուսուկես պատերազմի վտանգի տակ հայտնված Թուրքիան միասնական (մեկ) պետություն էր, որը ղեկավարվում էր մեկ կառավարության կողմից, միասնական (միակ) պետական քաղաքականությունում ներգրավված էին բոլորը` սկսած երկրի նախագահից մինչև ցամաքային զորքերի հրամանատարություն, Ազգային անվտանգության խորհրդից մինչև կառավարություն, զինված ուժերից մինչև Ազգային հետախուզական կազմակերպություն (MIT): Նրանք բոլորը համախմբված էին պետական միասնական քաղաքականության շուրջ` Թուրքիան վերածելով լուրջ պետության:
Երկուսուկես պետության ու երկուսուկես կառավարության սպառնալիք
2000-ական թվականներին Թուրքիայում սկսվեց իրականացվել «սպառնալից նոր սցենար»: Թուրքիան սկսեց սպառնալիք ներկայացնել ինքն իր համար, մտավ ինքնակործան ուղի: 2013 թվականի դեկտեմբերի 17-ին սկսված հակակոռուպցիոն հետաքննությունը ակնհայտ դարձրեց այդ նոր սպառնալիքը: Կառավարության խոսքերով` դա իրականցնում է «զուգահեռ կառույցը» (զուգահեռ պետությունը), որը նպատակադրվել է իրականացնել հեղաշրջում` տապալելով գործող կառավարությանը:
2013 թվականի վերջին քառորդը նշանավորվեց (Գյուլենի կողմնակիցների վերահսկողության տակ գտնվող) ուսումնական հաստատությունների (dershane) փակման մասին քննարկումներով և դրան հաջորդած հակակոռուպցիոն գործողությամբ: Ի հայտ եկած փաստերը հիմք դարձան ասելու, որ Թուրքիայում առկա է երկու կառավարություն ու երկու պետական կառույց:
Պարզվեց, որ կառավարության, պաշտոնյաների, կադրերի շրջանում կա մի այլ խումբ, որը չի կիսում (պաշտոնական) կառավարության քաղաքականությունը: Կառավարության ներսում ու պետական կադրերի շրջանում գտնվում են «Ջեմաաթի» (Գյուլենական շարժման) ներկայացուցիչները, որոնք ձգտում են պետության ղեկավարումը վերցնել իրենց ձեռքը:
Դեկտեմբերի 17-ից առաջ «զուգահեռ կառույց» ասելով` նկատի ունեին PKK-ն և նրան համակրող կազմակերպությունները, նկատի ունեին, որ PKK-ը ցանկանում է երկրի արևելքում ու հարավ-արևելքում ստեղծել նոր պետություն, այսինքն` զուգահեռ պետություն: «Երկուսուկես պետություն ու երկուսուկես կառավարություն» արտահայտության մեջ նկատի ունեմ հետևյալը.
առաջին պետությունն ու կառավարությունը Թուրքիայի Հանրապետություն պետությունն է և ընտրությունների միջոցով իշխանության եկած (Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության) նրա կառավարությունը: ԱԶԿ-ն իշխանության է եկել 2002 թվականի նոյեմբերին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Այդ ժամանակ Թուրքիան միասնական (մեկ) պետություն էր` մեկ կառավարությամբ:
Երկրորդ պետությունն ու կառավարությունը պաշտոնական/ընտրված կառավարության գիտակցաբար կամ անգիտակցաբար ձևավորած միջավայրում ու նույն պետության ներսում կառավարական կարևոր պաշտոնյաներին ու պետական հնարավորություններն օգտագործող («Ջեմաաթ»-ի վերահսկողության տակ գտնվող) կառավարությունն ու պետությունն են:
Իսկ «կես պետություն ու կառավարությունը» առնչվում են երկրի արևելյան ու հարավ-արևելյան տարածաշրջանում լայն գործունեություն ծավալած PKK-ի վերահսկողության տակ գտնվող «Քրդստանի համայնքների միությանը» (KCK, PKK-ի քաղաքացիական թև) ու քրդամետ «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցությանը (ԽԺԿ):
PKK-ի 30-ամյա պայքարի ընթացքում զոհվել է 40.000 մարդ, Թուրքիայի տնտեսությանը պատճառվել է հարյուր միլիոնավոր դոլարների վնաս, PKK-ի թիկունքին կանգնած են արտաքին ուժերը: Մտահոգիչ են տարածաշրջանից ստացվող լուրերը:
(Այս տարեսկզբին Սիրիայի քրդերի կողմից ինքնավարություն հռչակելուց հետո) լրագրող Գյուլթեքին Ավջըն 2014 թվականի հունվարի 30-ին գրեց «Քրդստանին մնաց երկու հատ» խորագրով հոդվածը (նկատի ունի այն, որ Իրաքի ու Սիրիայի հյուսիսում քրդերն արդեն իսկ հռչակել են ինքնավարություն, իսկ Թուրքիայում ու Իրանում` դեռ ոչ – 168.am):
Մարտի 30-ին Թուրքիայում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում քրդաբնակ տարածաշրջաններում PKK-ի կողմնակիցների հաղթանակի դեպքում կարող է ի հայտ գալ ինքնավարության ստեղծման հարցը, ինչը կլինի PKK-ի խնդրի կարգավորման ֆոնին:
Զուգահեռ կառույցի շարունակվելու կամ էլ երկու կողմի միջև հակամարտությունը շարունակվելու դեպքում «PKK/KCK/BDP կես պետություն ու կես կառավարություն» կառույցը Թուրքիայի գոյատևման համար միակ և ամենամեծ սպառնալիքն է: Քանի որ մասնատված Թուրքիայի դեպքում հնարավոր չի լինի խոսել փրկության մասին, մասնատված Թուրքիան արդեն չի կարող հանդիսանալ Թուրքիա:
Ամփոփելով ասենք, որ Թուրքիայի գոյությունը սպառնալիքի տակ է: Դա դասական սպառնալիք չէ, երբ խոսքը գնում է արտաքին սպառնալիքի մասին: Խոսքը Թուրքիայի կողմից ինքն իր համար պատրաստած ներքին սպառնալիքի մասին է: Եվ չնայած դա ներքին սպառնալիք է` դրա դերակատարները (PKK, «Ջեմաաթ») վայելում են արտաքին ուժերի աջակցությունը»: