Ռոբերտ Քոչարյանը՝ նոր մակարդակի և եվրոպական մտածողության գործի՞չ
Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ
– Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացները:
– Ուկրաինայում հերթական անգամ է, որ նման հեղափոխություն կամ հեղափոխության փորձ է տեղի ունենում, և արդյունքը պետք է արդեն պարզ լինի: Նախ` մարտ գնաց Վիկտոր Յուշչենկոյի և Վիկտոր Յանուկովիչի միջև, անհասկանալի ճանապարհներով հաղթեց Արևմուտքը` ի դեմս Յուշչենկոյի, որից հետո ամեն ինչ ընթացավ այնպես, որ բոլորն էլ հասկացան, որ այդպես շարունակել չի կարելի, ու նախագահ կարգեցին Յանուկովիչին: Վերջինս կարողացավ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել, և դրա պատճառով Արևմուտքը, տրանսատլանտյան գործընկերներն իրենց վերաբերմունքը ցուցաբերեցին և կարողացան ի չիք դարձնել ձեռք բերած ՌԴ-Ուկրաինա բոլոր դրական պայմանավորվածությունները, բանտից հանել Յուլյա Տիմոշենկոյին, և նորից Ուկրաինայի համար ստեղծվեց սարսափելի իրավիճակ:
Ի՞նչ լավ բան կար Մայդանում. դա դեռ պետք է տեսնել ու փորձել հասկանալ: Ի՞նչ վատ բան կար. սա կարելի է բաժանել 2-3 կետերի` Ուկրաինայի տնտեսությունը X տարիներով անկում կապրի, եթե կարողանան այս վիճակից դուրս գալ, ապա հիանալի կլինի: 2-րդ` ՌԴ-ի հետ հարաբերություններն անտեղի սրվեցին, և դա հատկապես խիստ անդրադարձավ Արևմուտք-Արևելք բաժանարար գծի խորացման վրա: Հիմա արևմտյան մասն, ամբողջովին ազգայնամոլական գաղափարներով տոգորված, փորձելու է իր տեսլականը ստիպել և իր հետևից քարշ տալ արդյունաբերական առումով հզոր մնացած 2/3-ին:
Ղրիմը պատմականորեն ռուսական է եղել, այնտեղ կուտակված է ամբողջ ռուսական զենքը, Սև ծովի ամբողջ հսկողությունը կատարվում է Ղրիմից, և առնվազն աբսուրդ է, որ նման իրավիճակում կարողանան Ուկրաինայի արևմտյան մասի տերերն իրենցը թելադրել: Մյուս կողմից` շատ հետաքրքիր է հարցը քննարկել Ուկրաինա-ԵՄ առումով: ԵՄ-ն կուզեր իր մեջ ներառել Ուկրաինան, բայց չունի պոտենցիալ: ԵՄ-ի համար Ուկրաինան ավելի վախենալու է, քան Թուրքիան, իսկ Թուրքիան, ինչպես ասում են, ծոծրակը կտեսնի, ԵՄ-ն չի տեսնի:
Մինչդեռ Թուրքիան ունի հզոր, զարգացող տնտեսություն: Ուկրաինայի տնտեսությունը միշտ ինտեգրված է եղել ՌԴ-ի հետ, այդ թվում` ամբողջությամբ ռուսական էներգակիրներն են սպառում, ինչպես նաև մի հսկայական ֆինանսական հոդված է գազի տրանզիտն Ուկրաինայից դեպի Եվրոպա, որից մեծ փողեր են աշխատում: Եթե այս հսկայական տնտեսական գործոնները հաշվի առնենք, ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է Ուկրաինան բաժանվել արևմուտքի ու արևելքի, երբ ԵՄ-ն արևմտյան մասին չի կարող լուրջ օգնություն ցույց տալ: ԵՄ-ի համար ահավոր բալաստ են դարձել Բուլղարիան ու Ռումինիան, որի պատճառով ԵՄ մի շարք երկրներ հայտարարում են, որ ցանկություն ունեն դուրս գալ ԵՄ-ից, քանի որ Հունաստանի, Իսպանիայի տնտեսական ճգնաժամերից հետո չեն ուզում կերակրել ավելի խոր վիճակում գտնվող բուլղարներին ու ռումիններին:
Եվ հանկարծ Ուկրաինան, որի տարածքը 2 անգամ մեծ է, քան Գերմանիայի տարածքը, և բացարձակ անճարակ, անօգնական, շատ ցածր աշխատանքային մշակույթով, գալիս է ԵՄ: Այստեղ նրանց ոչ մեկը չի սպասում, հակառակը` վարվում է քաղաքականություն, որը թելադրվում է ոչ թե ԵՄ-ի կողմից, այլ օվկիանոսի մյուս ափից, և դա բոլորովին էլ ԵՄ-ի համար ձեռնտու ուղղություն չի: Եվրոպական շատ երկրներ երազում են ՌԴ-ի հետ լավ տնտեսական հարաբերություններ ունենալ, և նրանց համար աբսուրդ է, որ Ուկրաինան կարող է փչացնել իր լավ հարաբերությունները:
Ընդ որում` այս 3 ընդդիմադիր կողմերը, որոնք շահեցին մարտը և որոնք խոր հակասություններ ունեն նաև միմյանց հետ, դրանց լիդերները շատ հեռու են պայծառ ընդգծված մտավորական, առաջնորդներ լինելուց, էլ չեմ խոսում Տիմոշենկոյի մասին, որի կոռուպցիոն գործերը կարող են մրցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից կատարված կոռուպցիաների հետ: Եթե այս ամենն ամբողջացնենք` ես շատ հոռետեսորեն եմ նայում Ուկրաինայում կատարված այս քվազիհեղափոխությանը և դրա ապագային:
– Վիկտոր Յանուկովիչի գործողությունները, որոնց հետևանքով 100-ից ավելի զոհեր եղան, ինչպե՞ս կգնահատեք:
– Դա ավելի քան հանցագործություն է: Յանուկովիչը բացարձակ չտիրապետեց իրավիճակին: Այն, ինչ վերջում արեց, կարող էր սկզբում անել, այսքան խայտառակ ձգելուց հետո ինչո՞ւ այս սարսափելի արհավիրքն իր ազգի գլխին կապեց: Եթե հասկանում էր, որ իր ազգը կորած է, թող չզիջեր, իսկ եթե նույն կարգի թույլ և շահամոլ անձնավորություն է, ինչպիսին այսօրվա հեղափոխություն կատարածները, որոնցից ոչ մեկը մեծ հայրենասեր չէ, պետք է շուտ հեռանար: Ցավոք, նույնը Հայաստանում է տեղի ունեցել 1988-1990 թթ.` ՀՀՇ-ի հեղափոխության ժամանակ` աթոռակռիվ, աթոռամոլներ, և արդյունքում` ոչնչություններն անցան իշխանության գլուխ, որոնք երբևիցե որևէ փոքր տնտեսական օղակ չէին ղեկավարել, սկսեցին ՀՀ տնտեսությունը ղեկավարել կամ այլանդակել, ոչնչացնել հզոր տնտեսական պոտենցիալ ունեցող մեր փառահեղ երկիրը:
Ուկրաինայի այսօրվա վիճակը ոչ մի բանով ավելի լավ չի լինելու և, ինչպես ցանկացած հեղափոխություն վերջում խժռում է իր առաջնորդներին, նույն բանն այստեղ է լինելու: Յանուկովիչը եթե կարողանար այնպիսի լիդեր լինել, որ այս բոլորի դեմն առներ, կարելի էր նրա ցանկացած արարք ընկալել, սակայն անել դա ջարդերի միջոցով, իր սեփական ազգը ոչնչացնելով, ցավոք, սա հիշեցրեց մեր Մարտի 1-ը, երբ սարսափելի ջարդերն առաջնորդելով` իշխանության եկավ Սերժ Սարգսյանը, ամբողջ տնտեսությունը, ներքին ու արտաքին քաղաքականությունը մինչև վերջ կործանեց ու այսօր երկիրը կանգնեցրել է կոտրած տաշտակի առաջ:
Այնպես որ, ես զուգահեռներ տանում եմ և գտնում եմ, որ ոչ մի լավ բան չի կարելի սպասել Ուկրաինայում, իսկ խայտառակված Յանուկովիչի համար վերադարձ չի կարող լինել:
– Մարտի 1-ի դեպքերի հետ կապված` շատ-շատերը մեղադրում են նաև Ռոբերտ Քոչարյանին. նա էր երկրի ղեկավարն ու գլխավոր հրամանատարը: Դուք վերջերս ողջունում էիք Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձը, նույնը շարունակո՞ւմ եք նաև այսօր:
– Նախ` ես բոլորովին համամիտ չեմ այդ սահմանմանը, որ դրության տերը և գլխավոր հրամանատարը Ռոբերտ Քոչարյանն էր: Դա կեղծիք է և սուտ: Այդ ժամանակ դրության տերն ամբողջովին ՀՀ վարչապետն էր, ներկայում «ընտրված» նախագահ Սերժ Սարգսյանը, որին հանձնարարված էր այդ բոլորը կազմակերպել: Այսօր ես չեմ կարողանում այս կեղծիքը տանել: Սերժ Սարգսյանը` վարչապետ, ապա` «ընտրված» նախագահ, և հանկարծ փորձում է նման նախադասություններով իր բեռը դնել Քոչարյանի վրա:
Երկրորդ՝ ես բացարձակ չեմ արդարացնում Քոչարյանի այն արածը, որ նա իր ընկերոջը նշանակեց վարչապետ, հետո էլ բերեց-կապեց ժողովրդի գլխին` որպես նախագահ: Ես այդ հարցում միշտ էլ իրեն մեղադրել եմ ու պատրաստ եմ մեղադրել: Կատարվեցին ոչ մաքուր ընտրություններ, և այն, ինչ ինքը ցանեց, այդ էլ հնձեց: Իր ընկերոջը նախագահ դարձնելուց հետո, հիմա թող վայելի իրավիճակը:
Իսկ այն, որ Ռ. Քոչարյանը կարող է վերադառնալ քաղաքականություն և կարող է իր խոսքն ասել, ես դա ընկալում եմ` որպես բացարձակապես նոր որակի Ռոբերտ Քոչարյան: Իմ մտքի ծայրով նույնիսկ չի անցնում, որ 2008-ի Ռոբերտ Քոչարյանը կարող է լինել քաղաքականության մեջ, կամ նորից լինել նախագահ: Ես ավելի քան համոզված եմ, որ այն դպրոցը, որ անցել է Ռ. Քոչարյանը վերջին տարիներին` աշխատելով ռուսական և եվրոպական բարձր մակարդակի գործարարների հետ, գումարած, իհարկե, 10-ամյա արտաքին քաղաքականությունում ունեցած նրա տիտանական փորձը` Վարդան Օսկանյանի հետ միասին, պիտի լիովին փոխած լինի Քոչարյանին, և նա պետք է դարձած լինի նոր մակարդակի ղեկավար:
Ես դրանք հեռվից գնահատելով եմ նշում, քանի որ իրականում չգիտեմ` ինչ մակարդակի վրա են այսօր գտնվում Քոչարյանի մենեջերական ունակությունները, սակայն մտածում եմ, որ այս կարգի շփումներից հետո նա պետք է որ ունենա եվրոպական մտածողություն, եվրոպական ազատական ընկալումներ: Բացառվում է, որ նրա մեջ հսկայական էական փոփոխություններ չլինեն: Մի պարզ բան ասեմ` իմ վարորդը գյումրեցի տղա է, որը 10-ից ավելի տարի ապրում է Եվրոպայում, նա կարող է ՀՀ ԱԺ-ում էթիկայի դասեր տալ:
Այն բառապաշարով, որ այսօր խոսում են ԱԺ-ում որոշ «հրայրթովմասյաններ», կամ այլ նրա նմանները, դա իմ վարորդն այստեղ թույլ չի տա: Եվրոպայում կրթվել` թեկուզ շփումների միջոցով, դա բացարձակ այլ մակարդակ է: Եվ եթե ես ասում եմ` Ռոբերտ Քոչարյան, միայն նկատի ունեմ բացարձակ վերափոխված և մի հսկայական եվրոպական ինստիտուտ անցած Ռոբերտ Քոչարյանին, բայց այս բոլորը ես ասում եմ բարի ցանկությունների վրա: Իրականությունը կերևա այն ժամանակ, երբ Ռ. Քոչարյանն ուղղակի կհայտնվի քաղաքական դաշտում: Նրա հարցազրույցները, հատկապես` վերջինը, շատ տպավորիչ էր, հստակ, դիվանագիտորեն, մարդն իր կարծիքն ասաց ՄՄ-ին Սերժ Սարգսյանի հապշտապ միանալու փաստի շուրջ:
Նախ` քաղաքական առումով ի՞նչ խայտառակություն է, ինչպե՞ս կարող ես քո թշնամի ՎՈՒՈՒԱՄ-ի երկրների հետ միասին գնալ ԵՄ ասոցիատիվ արձանագրությունները ստորագրելու, առանց հասկանալու, թե ինչ ես անում: Եվ ինչպե՞ս կարելի է մի քանի գիշերվա մեջ որոշում ընդունել, որ գնում են Մոսկվա ստորագրելու: Չէ՞ որ մենք լավ գիտենք, թե դա ինչ մարդկանց ազդեցության տակ է եղել: Այո, դա եղել է մի քանի օրվա մեջ և եղել է ազդեցության տակ:
Եվ գնալ ժողովրդի ճակատագրի հետ խաղալ, միանգամից հայտարարել, որ մտնում ենք ՄՄ` բացարձակ անպատրաստ լինելով: Ռ. Քոչարյանը մի շատ լավ օրինակ էր բերել, որ ես կարող եմ զարգացնել. Բելառուսից սննդամթերք, մսամթերք, կաթնամթերք կներմուծվի ՀՀ, իսկ հայկակա՞նը, չէ՞ որ մենք մաքսատուրքերով պետք է կարգավորենք, որ տեղական արտադրությունը զարգանա:
Կամ` մենք երազում ենք լավ տրակտորներ ներմուծել ՀՀ, բայց բելառուսական անորակն առանց մաքսի կմտնի ՀՀ: Կամ` տեսնենք` մարդիկ կհամաձայնե՞ն, որ օտարերկրյա լավ ավտոմեքենաների վրա մաքսն այնքան բարձրանա, որ ոչ մեկը փորձ չանի «Մերսեդես» գնել, և գնեն «Վոլգա»: Ինչպե՞ս կարելի է, այս հարցերը չլուծած, գնալ և աչքերը փակ ստորագրել մի համաձայնագիր, որից ինքը ոչինչ չի հասկանում ու միայն անունն է լսել: Սլովակիան ԵՄ անդամ դառնալուց առաջ 4-5 տարի հսկա ռեֆորմներ կատարեց, հասավ այն մակարդակին, որ դառնա եվրոպական տնտեսական համագործակցության անդամ:
Ինչպե՞ս կարող է ՀՀ-ն 1 տարում ՄՄ մտնել: ՀՀ-ն գոնե 2 տարի չաշխատե՞ր, անհրաժեշտ բարեփոխումները չկատարե՞ր և իր պահանջները դներ ՄՄ-ի առաջ: Քոչարյանի հարցազրույցի մեջ շատ մեղմ, դիվանագիտորեն ձևակերպված` դա էր ասվում, բայց չափազանց գրագետ: Մյուս կողմից` չուզենալով առանձնապես ևս մեկ անգամ Սերժ Սարգսյանի թեմային անցնել, բնական է, որ այս անգամ Քոչարյանի ամբողջ դժգոհության առանցքը ՀՀ ներկայիս նախագահն էր, նա բացարձակապես հարցեր էր բարձրացրել, որոնք չէին վերաբերում Տիգրան Սարգսյանին, այլ չափազանց խիստ պահանջներ էին Սերժ Սարգսյանին: Ապտակ, այն էլ ի՛նչ կարգի ապտակ էր սա:
Այն, ինչ կարդում եմ Ռոբերտ Քոչարյանի կողմից, ասում է, որ նա նոր որակ ունի, և, կարծում եմ, այն սխալներից, որ նա արել է իր ղեկավարության ժամանակ, հիմա շատ հեռու պետք է լինի դրանք կրկնելուց: Բայց սա իմ բարի ցանկությունն է, թե ինչ կլինի, չեմ կարող ասել:
– ԵՀՄՖ-ն հաղորդագրություն էր տարածել ՀՀ վարչապետի և այլ պաշտոնատար անձանց կողմից կատարված օֆշորային հանցագործության մասին, որում շատ խիստ գնահատականներ էին հնչում: Ձեր հետագա քայլերն այս ուղղությամբ ինչպիսի՞ն են լինելու:
– ԵՀՄՖ-ում աշխատում է տարբեր երկրներից հավաքված բավականին լուրջ մասնագետներից կազմված փորձաքննական խումբ, որ շատ կատաղի են տրամադրված, տարբեր երկրների դիվանագիտական կորպուսների միջոցով աշխատում են այդ երկրների օրգանների հետ, ստանում են լրացուցիչ տեղեկություններ:
Հաջորդ քայլը լինելու է այն, ինչ մենք նախագահին ուղղված նամակի մեջ գրել էինք` էկոլոգիական սարսափելի աղետը կամ սրբապղծությունը, որ կատարվում է ՀՀ-ում, դա կներկայացվի, որից հետո, եթե չեն ստացվի բավարար պատասխաններ, արդեն համաձայն եվրոպական կազմակերպություններին` համապատասխան կազմակերպություններին կներկայացվեն իրենց մասնագիտական բնույթով մոտ հարցերը, և արդեն ռեակցիան կլինի դրսից ու կտրվեն ոչ միայն գնահատականներ, այլ նաև, ես կարծում եմ, դատաքննչական տարբեր օրգանների կողմից կորոշենք` ինչ տեսակի սանկցիաներ ենք կիրառելու: Ես մեծ հույս ունեմ, որ գոնե «Նաիրիտի» ու օֆշորային սկանդալի հարցում նախագահը վերջապես իր ասելիքը կասի:
Մինչև այսօր այնպիսի մի լռություն է պահում, որ մենք սկսում ենք զարմանալ: Ի վերջո, ստիպված է լինելու ասել` կա՛մ Դուք բացարձակ ստում եք, այս ամբողջ լրագրական հերյուրանքները վերցրել եք հիմք և առանց խորանալու` հայտարարություններ եք արել, կա՛մ հակառակը` ասեն. «մենք ինքներս գիտենք (ինչպես Հովիկ Աբրահամյանը Բրյուսելում հայտարարեց), որ կառավարության մեջ սարսափելի շատ սխալներ են թույլ տրված, մենք գիտենք, որ հսկայական թվով չինովնիկներ ու նախարարներ պետք է աշխատանքից հեռացվեն, ու մոտ ժամանակներս դա անելու ենք: Իսկ Դուք, պարոն Գրիգորյան, բարի եղեք գալ ՀՀ, միանալ մեզ և ձեռք ձեռքի տված համատեղ աշխատել»: Բայց դրան հաջորդեց ձայն բարբառո հանապատի: Ո՛չ ԱԺ նախագահը, ո՛չ երկրի նախագահը չպատասխանեցին նամակին:
Մենք, իհարկե, կհասնենք նրան, որ ստիպված կպատասխանեն: Թող ասեն` սուտ է և հերյուրանք, իսկ մենք մեծագույն հաճույքով կապացուցենք, որ իրենք են ստում ու հերյուրանք տարածում, և դա կկատարվի շատ բարձր մակարդակի վրա, որի հետևանքով շատ մեծ վտանգի կենթարկվի ՀՀ իմիջը, և նրանք ռիսկ չեն անի նման բան անելու: Եթե անեն, ապա կպնելու են Եվրոպայում մի շարք երկրների և մի շարք հզոր կազմակերպությունների իմիջին: Նրանք այդպիսի բան չեն անի, որովհետև գիտեն, որ «Նաիրիտը» դիտավորյալ սնանկացվել է, և ահավոր մեծ կողոպուտ է կատարված «Նաիրիտում»:
Դա ապացուցելու տարրական փաստեր ունենք: Իսկ օֆշորային սկանդալն այնքան հեշտ ապացուցելի ու ծիծաղելի է: Տիգրան Սարգսյանի 3 հայտարարություններն իրար հակասում են. սկզբում ասաց` «ոչ մի օֆշոր չկա», հետո ասաց` «վայ, ես չեմ իմացել, որ օֆշորում գրանցված եմ», հետո ասաց` «օֆշորում լինելու համար ես պետք է Կիպրոս գնայի և, քանի որ Կիպրոսում չեմ եղել, ուրեմն սուտ է, որ մասնակից եմ գողությանըգ»: Խայտառակություններ, մանկական թոթովանքներ:
Գիտե՞ք, Կիպրոսի հեղինակությանն ինչպես են հարվածում նրա այդ հիմար հայտարարությունները: Անմտածված ու հիմար հայտարարություններով նա Կիպրոսում արդեն իր դեմ ալիք է բարձրացրել դիվանագիտական մակարդակի վրա: Նա նույնիսկ դրանից տեղյակ չէ, բայց մենք տեղյակ ենք ու գիտենք` իրեն ինչ է սպասվում, եթե շարունակի այս հիմարությունն առաջ տանել: Իսկ Կիպրոսն այսօր շատ զգայուն է, քանի որ գողացված միլիարդներ են Կիպրոսի բանկերում պահվել, որի հետևանքվ Կիպրոսում բանկային ճգնաժամ սկսվեց, և այդ երկրի ղեկավարությունն ահավոր զգայուն է նման հայտարարությունների նկատմամբ: Նրանք ամեն կերպ ապացուցում են, որ իրենց մոտ իդեալական է, ամենաբարձր մակարդակի վրա պաշտպանվել են օֆշոր բացելու բոլոր գործընթացները: Այնպես որ, եթե մենք պատասխան չստանանք, մեր հաջորդ քայլը կլինի շատ դաժան ու ոչ կոմպրոմիսային: