Դատավորը բավարարեց Հայկ Ասլիկյանին և Հասմիկ Մանուչարյանին առերես հարցաքննելու դատախազի միջնորդությունը

Փետրվարի 28-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի լեփ-լեցուն դահլիճում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվեց 2012թ. նոյեմբերի 18-ն «Մուշ» ռեստորանային համալիրում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ և Արեն Վերանյանների դռնբաց դատական նիստը:

Մեղադրանքը պաշտպանելու համար Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Սոս Տոնոյանի և դատախազ Պետրոս Մարտիրոսյանի հետ ներկայացել էր ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետի պաշտոնակատար Սերգեյ Մարաբյանը: Հիշեցնենք, որ հունվարի 30-ի դատական նիստին դատավոր 10 վկայի բերման ենթարկելու որոշում էր կայացրել, որից փետրվարի 11-ի նիստին ոստիկաններին հաջողվել էր բերման ենթակել միայն 2-ին: Այս դատական նիստին ոստիկանությունը մնացած 8 վկաներից ոչ մեկին բերման ենթարկել չէր կարողացել: Համաձայն ոստիկանության՝ դատարան ներկայացրած տեղեկանքների, վկա Ազատ Խլղաթյանը գտնվում է հետախուզման մեջ, Աշոտ Սեփխանյանն էլ վատառողջ է, տեղեկանքին կից ներկայացվել էր նաև նրա հիվանդության էպիկրիզը, համաձայն որի փետրվարի 17-24-ը գտնվել է ռեանիմացիայում:

Տիգրան Խլղաթյանի բնակության վայրից էլ դատարանի գրասենյակի հեռախոսազանգին ի պատասխան հայտնել էին, որ Երևանից դուրս է եկել, Վանաձոր՝ դատական նիստի գալու նպատակով: Սակայն վերջինս այդպես էլ չներկայացավ: Մյուս 6 վկաների մասին դատարանին հայտնվել էր, որ նրանք քաղաքում չեն: Վկաներին բերման ենթարկել չկարողանալու կապակցությամբ հայտարարությամբ հանդես եկան Արեն Վերանյանն ու Սամվել Դիլոյանը: «Մենք արդեն մտածում ենք, որ վկաներին հատուկ չեն բերում, որ նիստերը ձգձգվեն: Սա կազմակերպված, պայմանավորված բան է, ես արդեն համոզվել եմ »,- ասաց Արեն Վերանյանը՝ ողամիտ չհամարելով ոստիկանության ներկայացրած տեղեկանքները, թե նշված վկաները իրենց գրանցման վայրում չեն եղել: Վկա Աշոտ Սեփխանյանի հիվանդ լինելու մասին հաղորդմանն ի պատասխան էլ ավելացրեց, որ դեպքի օրը իր ծնողներին բերման ենթարկելիս հաշվի չի առնվել նրանց վատառողջ լինելը և որ նրանք դեպքից ոչինչ տեղյակ չեն: Ոստիկանությունում վերջիններիս այնքան են պահել, մինչև վատացել է նրանց ինքնազգացողությունը: Պաշտպան Ռուբեն Հակոբյանն էլ նկատեց. «Որ ոստիկանության կողմից նման արձանագրություններով մենք կարող ենք անվերջ գնալ ու գալ: Ինչ-որ բանից վախենում են. կարծում եմ՝ դեռ չեն հասցրել հետները պատշաճ աշխատանք տանել»: Տուժողի իրավահաջորդ Հասմիկ Մանուչարյանն էլ հակադարձեց. «Կարծում եմ՝ դուք եք վկաների հետ աշխատանք տանում»:

Դիլոյանն էլ նկատեց, որ «նախաքննական մարմինը ուղղակի լուրջ պատճառ ունի վկաներին բերման չենթակելու համար»: Ի պատասխան՝ դատավոր Ն. Հովակիմյանը նշեց, որ վկաներին բերման ենթարկելու այլ ընթացակարգ, քան ոստիկանության միջոցով է, չկա և հայտարարեց. «Չենք բավարարվում ոստիկանության աշխատանքով: Այս վկաների հետ իմ աշխատակազմը պարբերաբար փորձում է կապվել: Կա՛մ հեռախոսահամարները անհասանելի են, կա՛մ պարզապես չեն պատասխանում»:

Հասմիկ Մանուչարյանը ևս գործով անցնում է որպես վկա, ուստի աշխատանքային օրը արդյունավետ օգտագործելու համար դատավորը բավարարեց նրան հարցաքննելու միջնորդությունը, և նա վկայություն տվեց: Մանուչարյանն ասաց, որ նախքան այս դեպքը ճանաչել է և՛ Դիլոյանին և՛ Վերանյան եղբայրներին: Վանաձորի ավագանու ընտրությունների ժամանակ աշխատել է Դիլոյանի օգտին, նա էլ օգնել է իր որդուն՝ համալսարանում սովորելիս: Հ. Մանուչարյանը մանրամասն ներկայացրեց թե՛ դեպքի նախապատմությունը, իր և Արտակ Վերանյանի հանդիպումը «Լոռի» ռեստորանում, թե՛ բուն դեպքի մասին իրեն՝ Հայկ Ասլիկյանի և Էդվարդ Խլղաթյանի պատմածները, ինչպես նաև քաղաքում տարածված խոսակցություններից լսածը:

Քրոջից՝ Անժելա Ասլիկյանից, իմանալով, որ Արտակ Վերանյանն անհանգստացնում է նրա աղջկան՝ Տաթևիկին, խորհուրդ է տվել նրանց տեղափոխվել Երևան: Բացասական պատասխան ստանալով, դիմել է իր կոլեգա Իշխան Անտոնյանին (նա Արտակի ընկերն է) և խնդրել, որ նա այս մասին խոսի Արտակի հետ: Ի. Անտոնյանը խոսել է Արտակի հետ, ապա նրան ու Հ. Մանուչարյանին հրավիրել «Լոռի» ռեստորան՝ հանդիպման: Նախապատմությունից հետո վկան ասաց, որ հենց սկզբից էլ դեմ է եղել եղբոր՝ Սամվել Շարբաթյանի և Արտակի հանդիպմանը, սակայն եղբայրն իրեն այդպես էլ չի լսել: Նա հռետորական հարց ուղղեց Արտակին. «Գոնե դու լսեիր, քույրս ու ախպերս ինձ չլսեցին, գոնե դու կլսեիր»:

Ապա կատարվածում մեղադրեց Էդվարդ Խլղաթյանին. «Էս գործի հիմքում Խլղաթյանի ձեռագիրն ա, ինքը չզանգեր, չհավաքեր, չէր լինի. գոնե, որպես մեծ, կանխեր»,- հայտարարեց վկան: Դիմելով դահլիճում հավաքվածներին՝ վկան ասաց. «Ես ինձ զգում եմ թշնամիների մեջ, մի՞թե չեք հասկանում՝ ինչ եմ զգում: Ես խղճում եմ իրենց (ամբաստանյալներին,-հեղ.), մեղքս գալիս է, ձեր պաստառներով և ձեր միտինգներով չեք կարող ինձ մտափոխել: Դուք չգիտեք՝ ես ինչ եմ տեսել, ես ձեզնից հզոր եմ: Ես չեմ պատրաստվում գնդակահարել էս տղաներին, չեմ բողոքելու նրանց դեմ, բայց խիղճ ունեցեք ու հարգեք իմ վիշտը»: Ասաց նաև, որ այժմ էլ համոզված է, որ եղբոր աչքերի տակ կապտուկ ոչ թե ծեծից, այլ կրակոցից էր առաջացել:

Ըստ վկայի՝ վիճաբանությունն առաջացել է, երբ եղբայրը հեռանալիս ասել է, թե ձեռք բերված պայմանավորվածությունը խախտողին կպատժի, ինչին ներկաներից մեկը հակադարձել է, թե՝ հլա արի տենամ, էդ ում ու ոնց կպատժես: Հայտնեց նաև, որ նախաքննական ցուցմունք տալիս քննիչն ասել է, թե իր եղբայրն էլ է հզոր, Արտակի վրա կապտուկներ են եղել: Ինքը Խլղաթյանին հարցրել է՝ զենքը որտեղից էր: «Խլղաթյանն ասաց զենքը դուրս է եկել ինչ որ երրորդ թե չորրորդ ավտոմեքենայից, տղաների մոտ էլ չի եղել»,- հայտնեց վկան: Ասաց նաև, որ ստուգել է եղբոր զարկերակը ու իրեն թվացել է, թե նա թույլ պուլս ունի, «կամ գուցե ցանկանում էի, որ այդպես լիներ»: Վկայի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում առկա էին էական հակասություններ, և դատարանը հրապարակեց դրանք: Վկան հակասությունները պատճառաբանեց իր հոգեվիճակով և ամբաստանյալներին անպայման պատժված տեսնելու ցանկությամբ:

Հ. Մանուչարյանի և Հ. Ասլիկյանի ցուցմունքներում առկա հակասությունների առնչությամբ մեղադրող դատախազ Սերգեյ Մարաբյանը միջնորդեց նրանց հարցաքննել առերես: Ներկայացնելով իր դիտարկումները՝ Ռ. Հակոբյանը այս հարցը թողեց դատարանի հայեցողությանը: Մանուչարյանն էլ ասաց, որ չի գա Հայկի հետ առերեսության, «թող էն էրեխեն իրա համար հանգիստ ծառայի»: «Եթե որևէ մեկը ձեզ վրա ճնշում է գործադրել, դրա համար կա համապատասխան ընթացակարգ, հայտնեք, համապատասխան մարմինները կզբաղվեն»,- վկային տեղեկացրեց դատախազ Մարաբյանը: Նա պնդեց առերես հարցաքննության իր միջնորդությունը, վկան էլ դարձյալ հրաժարվեց՝ ասելով «էն, ինչ որ հիմա ասացի, նույն պիտի ասեմ իրա (Հայկի,-հեղ.) երեսին: Թող կարծիք չլինի, թե ես, կոպիտ եմ ասում, կաշառվել եմ»,- պնդեց վկան:

Առերես հարցաքննության վերաբերյալ Դիլոյանն ասաց. «Ողջունում ենք, ինչի մասին է խոսքը, մենակ չձգձգվի, էս տարի ու կես է, էդ ենք խնդրում: Ուղղակի դուք էլ մեզ հասկացեք: Վստահում ենք գլխավոր դատախազության արդի կազմին, պարոն Կոստանյանին»: Դիլոյանը Մարաբյանի ուշադրությունը հրավիրեց հանգամանքին, որ դեպքի ականատես վկային նախաքննության ընթացքում հարց չի տրվել՝ ի՞նչ ես տեսել այնտեղ: Ի վերջո, դատավոր Հովակիմյանը բավարարեց առերես հարցաքննության միջնորդությունը: Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 11-ն, ժամը 10:30-ին:

Հովհաննես Սարդարյան

Տեսանյութեր

Լրահոս