Ազատությունը կանխել է Մայդանը 26 տարով
Ուկրաինայի քաղաքական դաշտում արձանագրվող դիպաշարը ընդհանուր առումով կարող է բնութագրվել ռուսամետ եւ արեւմտամետ կողմնորոշումների բախումներով: Սա, իհարկե, շատ ընդհանուր բնութագրում է. միջանկյալ պետք է նկատի ունենալ ժողովրդի երկու հատվածնեի բեւեռայնացման հանգամանքները` սկսած պատմական, դավանական բաժնից, լեզվական տարբերությունից, անցնելով մշակութային, հասնելու համար քաղաքական սուր հայացքների: Այստեղ համաուկրաինական հղացքը արդեն մշուշապատված է եւ տարանջատումը հետզհետե խորանում է:
Ուկրաինական պատկերների մեկնաբանությունը ենթադրում է բազմագործոնային բացատրություններ եւ հիմնավորումներ։ Այս գործընթացները դեռեվս երկար ժամանակ պիտի զբաղեցնեն միջազգային, տարածաշրջանային իրադրությունները մեկնաբանողների ուշադրությունը: Անիրատեսական չէ արձանագրելը, որ մինչեւ իսկ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խնդրո առարկա է, չասելու համար երկրի բաժանումը:
Այս արագակշռույթ զարգացումներում փորձենք կենտրոնանալ Մայդանի հայկական տարբերակի առաջացման հավանականության շուրջ մեր հայրենիքում ծավալվող քննարկումների վրա:
Անշուշտ Մայդանի աշխուժացումը հետեւեց Վիլնյուսում ասոցացման համաձայնագիրը Կիեւի կողմից չնախաստորագրելու հանկարծակի որոշմանը: Պարզ էր ռուսական գործոնի ուղղակի միջամտությունը եւ ճնշումը: Զուգահեռը այստեղ Երեւանի կեցվածքի շարժառիթը լուսաբանելու առումով հստակ գծվում է: Մոսկվան, ավելի վաղ, Երեւանից պահանջելով Մաքսային միության անդամակցության մասին որոշման հրապարակումը, նախաբանը կատարեց Ուկրաինայի Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի գործընթացը առկախելու:
Ուկրաինական և հայկական ներքաղաքական դաշտերի կառուցվածքը եւ մանավանդ ժողովրդների այս հարցերը ընկալելու եւ հակազդեցություն ունենալու մոտեցումները բավականաչափ տարբերվում են իրարից: Եվ ճիշտ պիտի չլիներ հայկական դաշտի վրա ուկրաինական տարբերակի պատճենահանումը ակնկալելը Երևանում: Ազատության հրապարակի մայդանացման առաջադրանքի իրականացման հավանականության քննարկումը, ամենայն հավանականությամբ, պիտի հայտնվեր հայ քաղաքական մտքի այսօրվա վերլուծությունների մեջ։
Բայց պետք չէ մոռանալ, որ Մայդանի վրա հսկայական լուսարձակներ բացողը Արեւմուտքն է, որն ի վերջո ռուսական ազդեցության գոտու փոքրացման նպատակն է հետապնդում: Ռուսական գաղութարարության դեմ բացված համաարեւմտյան այս համազարկը ճշտում է նաև քարոզչաքաղաքական ալիքի բարձրացման և տարածաշրջանի վրա տարածման կշռույթներն ու տարողությունները:
Այս ալիքից անմասն չի մնում մեր երկիրը: Ուր, անշուշտ, կա հարստապետության և ժողովրդի միջեւ խորացած վիհ, ուր կա նաև ռուսական գաղութարարության դեմ արտահայտվելու նկատառելի տրամադրություն, ուր կա, իհարկե, համակարգային փոփոխության պահանջ:
Միաժամանակ, սակայն մեր երկիրն ու ժողովուրդը փաստել են, որ համազգային ռազմավարական եւ անվտանգության էական նշանակություն ունեցող հիմնահարցերն են, որոնք կարող են մի մարդու նման ոտքի հանել հայ ժողովուրդը թե հայրենիքում, թե հայրենիքից դուրս: Ուկրաինայից օրինակ վերցնելու հորդորները չպետք է մտահան անեն, որ մեր Մայդանը` Ազատության հրապարակը, ամբողջ աշխարհի ուշադրության կիզակետը գրավեց, երբ դեռևս հյուսիսի բևեռը կայսրության հանգամանք էր վայելում թե՛ իրողապես եւ թե՛ իրավական առումով: Քաղաքագիտական տեսաբանությունը նույնիսկ այնպիսի վերլուծումներ էր կատարում, որ Խորհրդային Միության փլուզման առաջին ճեղքերի տեսանելիությունը արձանագրվեց Ղարաբաղի հարցով հայության պոռթկումներով: Հիշելը օգտակար է նաև, որ երբ մեր երկիրը ներքաշվեց ուկրաինական օրինակով ստեղծված իրավիճակի մեջ, մեր սահմանների ուղղությամբ շատ արագ զարգացան ոտնձգության գործողությունները հակառակորդի կողմից:
Արցախի ինքնորոշման թե երկրի անկախացման պահանջներով, ժամանակին, հզոր Հյուսիսի դեմ դուրս եկած մեր ժողովուրդը դասեր տվել է այլոց: Մեր երկիրն ու ժողովուրդը գիտեն ճշտել պահը փողոց դուրս գալու իրողապես համաժողովրդային տարողությամբ: Արևմտամետ թե ռուսամետ կողմնորոշումների խնդիրը կամ Վիլնյուսը ընդդեմ Մաքսային միության երկվությունները արեւմտյան աշխարհի ճշտած օրենքներով ընթացող գործընթացներն են, որոնց ներքաշվելու կամ (չ)մասնակցելու որոշումը կարող է կայացնել մեր ժողովուրդը, որը փաստել է, թե ազգային հիմնախնդիրների նկատմամբ ինչ տեսակ պահվածք է որդեգրում:
Ազատությունը կանխել է Մայդանը 26 տարով: Ռուսամետ-արևմտամետ բախումը պատճենահանելը անպայման չի բխում մեր երկրի ու պետության շահերից: Մենք դասեր առնելուց ավելի, դասեր ունենք տալիք այս իմաստով:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր