Հայկական Ղրիմը՝ Ազատության հրապարակում
Այսօր Ազատության հրապարակում կայանալու է Հայ ազգային կոնգրես կուսակցության հրավիրած հանրահավաքը: Տևական դադարից հետո սա առաջին հանրահավաքն է, որը, հաշվի առնելով վերջին ամիսներին երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ծավալված բողոքի ալիքը, ինչպես նաև ոչ իշխանական ուժերի համագործակցությունը, կարող է բավական բազմամարդ լինել:
Սակայն հանրահավաքի բազմամարդությունը, որքան էլ տարօրինակ հնչի, մի կողմից` ցանկալի լինելով, մյուս կողմից` կարող է մարտահրավեր դառնալ ՀԱԿԿ-ի համար: Ուկրաինական իրադարձություններից հետո ամենահաճախ հնչող հարցն այն է, թե արդյո՞ք Հայաստանում հնարավոր է Մայդան: Մայդանի սպասումը, այսպես թե այնպես, առկա է հասարակության բոլոր շերտերում: Իշխանությունների մոտ՝ վախի տեսանկյունից, հասարակության մոտ՝ փոփոխությունների ակնկալիքով: Առաջին հայացքից թվում է, որ նույնը պետք է վերաբերի նաև ընդդիմությանը, առաջին հերթին՝ ՀԱԿԿ-ին, սակայն նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ավելի քան ուղիղ հայտարարել է, որ ինքը դեմ է Մայդանին: Բառի լայն իմաստով:
«Մայդանի գաղափարախոսությունը չի մտնում Հայ ազգային կոնգրեսի օրակարգի մեջ: Մենք չենք կարող գնալ Մայդան և հայհոյել Ռուսաստանին ու Պուտինին»,- հայտարարել էր Լևոն Տեր-Պետորսյանը դեռևս անցած տարվա դեկտեմբերին, երբ Ուկրաինայում դեռ դիմակայությունն այս աստիճանի չէր հասել, և ուկրաինացիները փողոց էին դուրս եկել իրենց բողոքն արտահայտելու՝ Վիկտոր Յանուկովիչի՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու առթիվ: Լևոն Տեր-Պետրոսյանի այս դիրքորոշումը ոչ միայն չի փոխվել, այլ ավելի է խստացել:
Այդ մասին նախօրեին Ազգային ժողովում հայտարարեց նրա իրավագաղափարական մարտիկներից մեկը՝ Գագիկ Ջհանգիրյանը՝ ասելով. «Գիտեք մեր առաջնորդի տեսակետը, որ Հայաստանում հակառուսական շարժում չկա ու Մայդան ստեղծել հնարավոր չէ, ինչին ես համակարծիք եմ»:
Այս պայմաններում այսօր Ազատության հրապարակում կարող է հավաքվել առնվազն Մայդան սկսելու համար բավարար կրիտիկական զանգված: Ուստի Լևոն Տեր-Պետրոսյանի առջև բավական բարդ խնդիր է դրված՝ հակամայդանյան գործունեությունը ներկայացնել այնպիսի հռետորաբանությամբ, որ «սխալ չհասկացվի»:
Ավելի պարզ ասած՝ այսօր Տեր-Պետրոսյանը գալու է պոտենցիալ Մայդան՝ Մայդան թույլ չտալու համար:
Եվ այս հարցում իշխանության ու նրա նպատակները, իհարկե, տարբեր մոտիվացիաներով, սակայն համընկնում են: Բազմամարդ Ազատության հրապարակով Տեր-Պետրոսյանն ու նրա քաղաքագիտական գործընկներները, իհարկե, կարող էին նաև ուղերձ հղել Ռուսաստանին՝ «բուրժուադեմոկրատական հեղափոխության» հասունացման մասին: Գուցե անգամ Ռուսաստանն ընդուներ այդ ուղերձը, եթե չլինեին ուկրաինական վերջին իրադարձությունները:
Եթե անգամ Ռուսաստանը Հայաստանում իշխանություն փոխելու ցանկություն ունենա (ինչին ուղղված են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ջանքերը), ապա հաստատ դա չի իրականացվի փողոցային պայքարի միջոցով: Ուկրաինայից հետո երկրորդ նման նախադեպը Ռուսաստանի համար չափից ավելի մեծ ճոխություն կլինի:
Այնպես որ, այսօրվա հանրահավաքը տեղի է ունենալու ներքին խաղացողների և Ռուսաստանի շահերի օբյեկտիվ համընկնման պայմաններում: Հայկական Մայդանը չի բխում ոչ գործող նախագահ Սերժ Սարգսյանի, ոչ Ռուսաստանի, հետևաբար, նաև նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի շահերից: Իհարկե, Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է այսօր հակառակն ապացուցել՝ ցույց տալով, որ վերադառնում է 2008 թվականի համաժողովրդական շարժման ակունքներին: Դա քիչ հավանական է:
Սակայն քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ: Ինչպես հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը վեց տարի առաջ՝ 2008 թվականի մարտի 1-ին՝ պատասխանելով իր և Ռոբերտ Քոչարյանի համագործակցության մասին հարցին: