Բաժիններ՝

Օլիմպիադա՝ Մաքսային միության փոխարեն

Սոչիի օլիմպիական խաղերն ավարտվեցին: Ավարտվեցին ու ապացուցեցին, որ պատմությունը կրկնվելու տարօրինակ սովորություն ունի: «Սոչի 2014»-ը անհավանական նման էր «Մոսկվա-1980»-ին: Չնայած, որ մեկն ամառային էր, մյուսը` ձմեռային: Իրար նման էին և՛ հասարակական-քաղաքական հետևանքներով, և՛ սպորտային: Երկուսում էլ հաղթեց կազմակերպող երկիրը:

Հեռավոր 1980-ին այդ հաղթանակն ինչ- որ իմաստով պյուռոսյան էր: Որովհետև մարզական բոլոր խոշոր երկրները բոյկոտել էին խորհրդային երկրում կազմակերպված օլիմպիադան: Բոյկոտել էին, որովհետև Խորհրդային Միությունը բանակ էր մտցրել Աֆղանստան: Այս անգամ բոյկոտի այդքան շոշափելի առիթ չկար:

Մարզական խոշոր երկրների ղեկավարությունները սեփական թիմերին չարգելեցին մասնակցել: Մարզիկներին չարգելեցին, բայց իրենք չեկան: 1980թ. Խորհրդային Միության պատմության մեջ շատ կարևոր տարեթիվ էր:

Դեռևս 60-ական թվականներին ԽՍՀՄ առաջնորդ, ծագումով ուկրաինացի Նիկիտա Խրուշչովը խոստացել էր, որ 1980թ. կոմունիզմը վերջնականապես կառուցված-պրծած կլինի: Հայտնի է, որ չկառուցվեց: Ուստի 1980-ին խորհրդային քաղաքացիները կատակում էին, որ օլիմպիադան կազմակերպվեց` խոստացված կոմունիզմի փոխարեն: Այս առումով հիմա կարելի է չարախոսել, որ «Սոչի 2014»-ն էլ կազմակերպվեց խոստացված Մաքսային միության փոխարեն:

Գոնե Ուկրաինայի պարագային դա հաստատ է:

Չնայած, որ այդ երկրի ղեկավարությունը մի երկու ամիս առաջ հանկարծակի հրաժարվել էր Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագիր ստորագրել: Հրաժարվել էր` վասն Մաքսային միության անդամակցության: Հետո տեղի ունեցան այն հանրահայտ քաղաքական դեպքերը, որոնք ահագին բան խառնեցին: Խառնեցին ու դեռևս չեն ավարտվել: Չեն ավարտվել ու պղտորել են Մաքսային միության ապագան: Անկեղծ ասած, մինչ այդ էլ ահագին բան անհասկանալի էր: Օրինակ` այս տարվանից միգրանտների մասին ՌԴ նոր օրենքը:

Դատելով ամեն ինչից` ՌԴ իշխանությունները Հայաստանին, Ուկրաինային ու էլի մի քանի երկրի հակառակվել չհաջորդող տոնով «հրավիրում» են Մաքսային միություն: Երկրներին հրավիրում են, բայց ամեն կերպ բարդացնում են այդ երկրների բնակչության մուտքը Ռուսաստան:

Մինչ այդ օրենքը Ռուսաստանը հայտարարել էր, որ ԱՊՀ անդամ երկրների բնակիչները, կարծեմ 2015-ից, ՌԴ մուտք կարող են գործել միայն իրենց երկրների ոչ սովորական, այլ արտասահմանյան անձնագրերով: Անկեղծ ասած, այս պահանջը համարյա անհասկանալի էր:

Բայց մեր իշխանություններն արդեն ընդառաջ են գնացել և ՀՀ-ում վերականգնել են բնակչությանը ներքին ու արտասահմանյան անձնագիր պարտադրելու խորհրդային գեղեցիկ սովորությունը: Այս պարագային էլ, սակայն, պատմությունը պարզ կրկնություն չէ: Եթե խորհրդային տարիներին արտասահմանյան անձնագիր տրվում էր միայն ամենազոր ԿԳԲ-ի թողտվությամբ, հիմա ՀՀ քաղաքացիներին արտասահմանյան անձնագիր կտրվի փողի դիմաց:

Մեր հարազատ իշխանություններն ամեն ինչ կանեն, որ առանց աշխատանքի ու ջանքի` բյուջեի համար փող ապահովեն: Բայց սա այլ` բացառապես ներքին թեմա է: Վերադառնանք արտագաղթի թեմային:

Վերջին 15-18 տարիների ընթացքում Հայաստանից արտահանվող ամենամեծ «ապրանքատեսակն» աշխատուժն է: Այդ աշխատուժը հիմնականում ուղղորդված է ՌԴ:

Հատկապես տնտեսական միջազգային ճգնաժամից հետո Եվրոպայի համեմատաբար թույլ տնտեսություն ունեցող երկրները` Իսպանիա, Հունաստան և այլն, խստացրեցին միգրացիայի պայմանները: Իսկ «խոպանչիկությունը» դեպի Ռուսաստան տասնամյակների ավանդույթ ուներ: Բայց ՌԴ քաղաքական կյանքում ընթացող պրոցեսների արդյունքում այդ երկրի ղեկավարությունը ևս լուրջ բարդություններ է դնում ներգաղթող աշխատուժի առջև:

Պաշտոնական տվյալներով` անցած տարի ռուսական սահմանապահները մոտ 500 հազար մարդու արգելել են մուտք գործել իրենց երկիր: Հասկանալի է, որ նրանց մեջ ԱՄՆ կամ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ չկան: ԱՊՀ հայտնի ու անհասկանալի անունով կառույցի անդամ երկրների, Չինաստանի ու Վիետնամի բնակչության մասին է խոսքը: Եվ այս «արգելվածների» ԱՊՀ-չինա-վիետնամական համայնքի մեջ ՀՀ քաղաքացիների մասնաբաժինը կազմում է վեց տոկոս: ՀՀ 30 հազար քաղաքացու ՌԴ սահմանապահներն արգելել են մուտք գործել իրենց երկիր: Անկեղծ ասած, արևմտյան երկրների դեսպանատները չեն հրապարակում, թե տարեկան ՀՀ քանի քաղաքացու են մերժում մուտքի վիզա տրամադրել:

Բայց ոնց որ չեն էլ պարտադրում մաքսային ու անհասկանալի միության անդամ դառնալ: Եթե արևմտյան չինովնիկներին հավատանք, նրանք եվրաինտեգրման համաձայնագրեր ստորագրելու պարագային կթուլացնեն այդ վիզային ռեժիմ կոչվածը: Իսկ հիմա մեր հարազատ իշխանությունները` գործազուրկների կրիտիկական զանգվածի կուտակում թույլ չտալու համար, ՌԴ իշխանությունների հետ ինտենսիվ բանակցում են:

Բանակցում են, որ ՌԴ տարածքում ժամանակավոր աշխատանքային գործունեություն ծավալելու համար հնարավորինս շատ ՀՀ քաղաքացի ներգրավվի: Ժամանակը սուղ է: Դա Ձեզ ցանկացած «խոպանչի» կբացատրի: Ահա այսպիսի տարօրինակ ու օլիմպիական Մաքսային միություն: Կամ` Օլիմպիական խաղեր, որ անցկացվեցին այդ միության փոխարեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս