Բաժիններ՝

Պայծառատեսը, որ եկել էր փրկելու հայերին

Մեր կյանքը լի է զարմանահրաշ ու անհավանական իրադարձություններով: Ոմանք դրանց հավատում են, մյուսները շարունակում են մնալ թերահավատ, սակայն մարդկանց փոփոխական վերաբերմունքը չի նվազեցնում նման երևույթների ու դեպքերի առատությունը, ինչպես որ մարդկային հնարավորությունները չեն դադարում ապշեցնել իրենց սահմաններ չճանաչող նորանոր թռիչքներով:

Այսօր ուզում ենք պատմել ավելի քան քառորդ դարի վաղեմություն ունեցող մի դրվագ, որը ոչ միայն արժանի է ուշադրության, այլև հանիրավի մոռացության է մատնվել, մինչդեռ այն ամենը, ինչ պատրաստվում ենք շարադրել ստորև, վառ երևակայության արգասիք չէ, այլ բազմաթիվ մարդկանց աչքի առաջ և նրանց անմիջական մասնակցությամբ կատարված իրողություն:

Paycarates-HovikCharxchyan (1)

Մեր հերոսը ոուս նկարչուհի Լարիսա Կորաբելնիկովան է: Նրա բացառիկ ընդունակությանը դժվար է այլ անուն տալ, քան պայծառատեսություն: Նա կարողանում էր ինֆորմացիա ստանալ ու փոխանցել տարածության վրա` օգտվելով քարտեզներից ու լուսանկարներից: Էքստրասենսի այս բնատուր շնորհը 1980-ականներին արդեն գիտնականների ուշադրության կենտրոնում էր:

Կարդացեք նաև

Պարահոգեբանության մասնագետներն այն տարիներին ջանում էին ամեն կերպ գտնել հոգեֆիզիոլոգիական երևույթների բացատրությունը` անվերջանալի լաբորատոր փորձերի ու դիտարկումների միջոցով: Շատերի թվում Կորաբելնիկովայի ընդունակություններով հետաքրքրվում էր նաև ՏԱՍՍ-ի թղթակից Ալեքսանդր Բոնդարենկոն և պարբերաբար այցելում էր լաբորատորիա:

Paycarates-HovikCharxchyan (1)

Դիտումներից բացի, թղթակիցը ջանում էր գտնել այնպիսի անհերքելի փաստարկներ և այնպիսի իրավիճակներ, որոնք թույլ կտային գործնականում ի հայտ բերել եզակի ֆենոմենը և, ըստ այդմ, մեկընդմիշտ վերջ դնել նրա հանդեպ առկա անվստահությանը: 1988 թվականի Լենինականի երկրաշարժը տեղի ունեցավ հենց այդ օրերին:
1988 թ. դեկտեմբերի 9-ին Կորաբելնիկովան անձամբ զանգահարեց Բոնդարենկոյին և ասաց.

– Հայաստանում փլատակների տակ դեռ բազմաթիվ կենդանի մարդիկ կան: Եթե հաջողվի հասնել այնտեղ, ապա լուսանկարների ու քարտեզների օգնությամբ ես կարող եմ ասել, թե որտեղ փնտրեն աղետյալներին:

Հաջորդ օրն իսկ թղթակիցը գործի անցավ: Նա դիմեց «Կարմիր խաչին», Մոսկվայում Հայաստանի ներկայացուցչություն, Կանանց կոմիտե, իսկ մեկ օր անց հաջողվեց ձեռք բերել Կոմերիտմիության Կենտրոնական կոմիտեի համաձայնությունը: Պայծառատեսն ու թղթակիցն ինքնաթիռով Երևան մեկնեցին անմիջապես:

Այն, ինչի ականատեսը եղան Հայաստանում, վեր էր պատկերացումներից: Ամենուր քաոսային իրարանցում էր տիրում: Իսկ աղետի հարվածներից ուշքի չեկած, ուժասպառ և տանջահար մարդիկ հենց լսում էին, թե ինչու էին ժամանել ռուս ընկերները, դա նրանց մոտ կամ բուռն զայրույթ էր հարուցում, կամ, լավագույն դեպքում` դառը քմծիծաղ. «Այս սարսափելի պահին ի՞նչ գուշակության ժամանակն է»:

Երևանի Կոմերիտմիության շտաբում անհամեմատ զուսպ գտնվեցին և բացատրեցին, որ երկրաշարժի գոտում հիմա դժվար է գտնել լուսանկար կամ քարտեզ, ամեն բան փլատակների տակ է, իսկ դրան էլ գումարվել են ուժեղ սառնամանիքները` կասեցնելով փրկարարական աշխատանքների ընթացքը:

Paycarates-HovikCharxchyan (2)

Աղետյալների օգնության և անհետ կորածների որոնման կենտրոնում ուղղակի առաջարկեցին` եթե օգնել եք ուզում, նստեք այստեղ ու հեռախոսազանգերին պատասխանեք: Եվ նրանք նստեցին…

Կենտրոնը գտնվում էր Կոնսերվատորիայի շենքում: Հենց այստեղից էլ Լարիսա Կորաբելնիկովան սկսեց ապացուցել, որ իր ժամանումն անօգուտ չէ, իր նկատմամբ վերաբերմունքն` անարդար:

Որքան էլ զարմանալի թվա, բայց Հայաստան ժամանած պայծառատես կնոջ մասին, այնուամենայնիվ, մարդիկ իմացան շատ արագ, ու սկսվեց վերջին հույսից կառչող հարազատների հոսքը: Լարիսային հարցնում էին, թե նա կարո՞ղ է կանգնել փլատակների մոտ և ասել` մարդիկ քարերի տակ դեռ կենդանի՞ են, թե՞ ոչ: Ու երբ լսում էին բացասական պատասխան, հեռանում էին մեծ հիասթափությամբ:

Կնոջ համար դժվար էր համոզել, որ ինչ-որ բան իմանալու համար անհրաժեշտ է նախ և առաջ` ինֆորմացիա կրող որևէ իր, ու միայն այդ դեպքում կարող է գործի դնել իր հրաշագործ շնորհը: Կորաբելնիկովայի նկատմամբ վերաբերմունքի կտրուկ փոփոխություն տեղի ունեցավ միայն այն բանից հետո, երբ դիտելով 12 երեխաների լուսանկարները, նա անսխալ պատասխանեց, որ 5-ը զոհվել են, 6-ը գտնվում են ծանր վիճակում, և միայն մի աղջնակ է ողջ ու անվնաս:

Paycarates-HovikCharxchyan (2)

Հայաստանցիների վրա հատկապես ցնցող տպավորություն գործեց այն դեպքը, երբ նրան դիմեց մի տղամարդ` պատմելով, թե իրեն ասել են, որ որդին զոհվել է, բայց նա լսել է, որ վիրահատությունից հետո տղային տեղափոխել են Երևան: Սակայն մայրաքաղաքում գտնել չի հաջողվել: Սեղանին փռելով մի հսկա քարտեզ` Լարիսան երկար նայեց դրան ու վերջապես ասաց. «Ձեր տղան ողջ է: Նրան տեղափոխել են Ղրիմ»: Եվ դա իսկապես այդպես էր…

Դեկտեմբերի 13-ին պայծառատես կինն ու նրա լրագրող ընկերը վերջապես մեկնեցին Լենինական: Ավերված քաղաքում հյուրերին մի փոքրիկ տեղ հատկացրեցին քաղաքի կինոթատրոնի մոտակայքում: Շատ ավելի ուշ Լ. Կորաբելնիկովան պիտի վերհիշեր իր զգայացունց տեսիլքի մասին. «… Երբ մենք քայլում էինք Լենինականի փողոցներով, ինձ հանկարծ ապշեցրեց այն, որ այդ սառնամանիքին ոմանք շրջում էին առանց հագուստի: Այդ մասին ասացի Սաշային:

Նա զարմացավ ու ասաց, որ ոչ մի մերկացած մարդ չի տեսնում: Եվ այդ ժամանակ հասկացա, որ ես տեսնում եմ մահացածներին: Նրանք արդեն պատկանում էին մեկ այլ աշխարհի, մինչդեռ հոգիները դեռ չէին գիտակցում այդ բանը: Ինձ թվաց, որ սիրտս չի դիմանա: Մահացածները գալիս էին իրենց հարազատների մոտ, սակայն վերջիններս նրանց չէին տեսնում ու չէին լսում»:

Աղետյալների օգնության շտաբում, վահանակների վրա փակցված էին փնտրվողների ցուցակները և մի քանի լուսանկար: Կորաբելնիկովան որոշեց սկսել հենց դրանցից: Նա մեկ առ մեկ թվարկեց նրանց անունները, ովքեր կենդանի էին: Լսելով այդ մասին, մարդիկ սկսեցին գալ ու բերել հարազատների անձնագրերն ու նկարները:

Այնուհետև Լարիսան և Ալեքսանդրն այցելեցին քաղաքի կայազորի ղեկավարներին և այստեղ ևս առաջարկեցին իրենց ծառայությունը: Կայազորի պետն ասաց, որ քաղաքի անձնագրային ծառայությունների շենքերն ավերվել են, և անհնար է գտնել անհրաժեշտ փաստաթղթերը: «Լավ կլինի` Երևան վերադառնաք: Այստեղ անելիք չունեք»:

Մարդկանց անսահման վշտի մեջ օգնության եկածներն իրենց զգում էին չհասկացված ու միայնակ: Ոչինչ չէր մնում անել, քան վերադառնալ մայրաքաղաք: Սակայն նահանջելու մասին խոսք լինել չէր կարող:

Երևանում հնարամիտ Ալեքսանդր Բոնդարենկոն որոշեց դիմել հայ գործընկերների օգնությանը: Նրանք գնացին «Արմենպրես» գործակալություն: Այստեղ հուշեցին, որ կարելի է դիմել Քաղաքաշինության վարչություն: Շտապեցին այնտեղ: Բացատրեցին, համոզեցին: Շուտով սեղանին դրվեց Լենինականի ընդարձակ քարտեզը: Այնտեղ արդեն կարմիր գույնով նշված էին փլուզված շինությունները: Լարիսան կենտրոնացավ ու սկսեց ձեռքի ափերը շարժել քարտեզի երկայնքով: Հանկարծ նա կանգ առավ, ցույց տվեց մի կետ և ասաց. «Այստեղ դեռ շատ կենդանի մնացածներ կան: Սա ի՞նչ շինություն է»: Պարզվեց, որ դա Լենինականի կոմպրեսորների գործարանն է:

Աշխատակիցներից մեկը թուղթ ու գրիչ վերցրեց և սկսեց մեկ առ մեկ նշել այն բոլոր վայրերը, որոնք ցույց էր տալիս պայծառատեսը: Դեկտեմբերի 15-ին, ժամը 14։30-ի դրությամբ Կորաբելնիկովան մատնացույց էր արել 18 հասցե, որտեղ դեռ կենդանի մնացածներ կային: Այնուհետև մեջտեղ բերվեց Սպիտակ քաղաքի քարտեզը: Սպիտակում նա կարողացավ մատնանշել 15 ավերված շինություն, ուր ողջեր կային: Հայաստանի Պետշինի նախագահի տեղակալ Ա. Ալեքսանյանն այդ գրառումներով մեկնեց Լենինական:

Նույն օրը երեկոյան «Ժամանակ» հեռուստատեսային լրատվական ծրագրով հաղորդեցին. «Այսօր Լենինականի կոմպրեսորների գործարանի փլատակների տակից դուրս են բերվել կենդանի մնացած 27 քաղաքացիներ»:

Շատ չանցած նրանց այցելեց մի գեներալ` իր հետ բերելով Սպիտակի նոր քարտեզներ: Լարիսան դրանք ևս զննեց ու կանգ առավ մի կետի վրա: «Այստեղ ևս կենդանի մնացած շատ մարդիկ կան, բայց նրանց վիճակը ծայրահեղ ծանր է: Եթե արագ դուրս չբերեք, բոլորը կզոհվեն»: Իսկ հետո հարցրեց. «Դա ի՞նչ շինություն է»:

– Վերելակների գործարանն է,- պատախանեցին նրան:

Սպիտակում, դժբախտաբար, օգնությունը ժամանակին տեղ չհասավ: Հաջողվեց փրկել ընդամենը մեկի կյանքը:

Լարիսա Կորաբելնիկովան և Ալեքսանդր Բոնդարենկոն Հայաստանում մնացին մոտ մեկ շաբաթ: Երկու ամիս անց Ա. Բոնդարենկոն մոսկովյան «Երիտասարդական կյանք» հանդեսի համարներից մեկում հրապարակեց «Անուղղակի նյութեր» վերտառությամբ հոդվածը` աղետի գոտի կատարած իրենց ուղևորության մասին: Դա սեփական արարքի ինքնահաճո շարադրանք չէր, այլ փաստագրություն` փրկված կյանքերի և դրանց համար ամեն գնով պայքարող մարդկանց մասին:

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս