
ԵՄ-ը կարող է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել նախագահական ընտրություններից հետո. Սիկորսկի

Լեհական Gazeta Wyborcza թերթին տված հարցազրույցի ժամանակ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ ԵՄ-ը կարող է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել այդ երկրում մայիսի 25-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրություններից հետո.
«Ասոցացման համաձայնագիրը պատրաստ է ստորագրման համար: Հենց որ Ուկրաինան ունենա ժողովրդավարական կառավարություն, որն ունակ կլինի ղեկավարել երկիրը, այդ ժամանակ էլ կարող է գալ Բրյուսել ու ստորագրել այն: Հնարավոր է՝ դա պետք է տեղի ունենա մայիսին կայանալիք նախագահական ընտրությունների հետ, որպեսզի այն ստորագրի նորացված ժողովրդավարական մանդատով առաջնորդը»:
Սիկորսկին հավելել է, որ Ռուսաստանն ունի բոլոր հիմքերը, որպեսզի դժգոհ մնա Ուկրաինայում ստեղծված իրավիճակից. «Մոսկվան կարող է դժգոհ լինել, որ Ուկրաինային խոստացել է 15 միլիարդ դոլար, ծախսել է երեք միլիարդը, իսկ Ուկրաինան դրա հետ մեկտեղ վերադարձ է կատարում եվրոպական ուղուն»: