Իշխանության և ընդդիմության միասնության ուխտը

ԱԺ ՀՅԴ խմբակցության հինգ անդամներից երեքը`Արծվիկ Մինասյանը, Աղվան Վարդանյանը և Արմեն Ռուստամյանը, ներկայացրել էին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ մասնավորեցման, վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծ:

Հետաքրքիր է, որ այս նախաձեռնությանը չեն միացել խմբակցության մյուս երկու անդամները` Արմեն Բաբայանը, ով խմբակցությունում է «Գրանդ հոլդինգի» քվոտայով, և Միքայել Մանուկյանը, ով «Մեղեդի» սրճարանի սեփականատերն է: ՀՅԴ խմբակցությունը որոշման այս նախագիծը ճանաչել էր հրատապ, և այն այսօր արտահերթ կարգով դրվեց քննարկման:

ՀՅԴ-ականները նման հանձնաժողով ցանկանում էին ստեղծել դեռ 2013թ. աշնանը, բայց այն ժամանակ ՀՀԿ-ական մեծամասնությունը և Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հակադարձում էին, որ կա ռազմավարական ներդրող «Ռոսնեֆտ» ընկերությունը, որն ուսումնասիրում է գործարանում տիրող վիճակը, և, եթե հարցը քննարկվի նաև խորհրդարանում, ապա կարող է բացասաբար ազդել ներդրողի տրամադրությունների վրա: Այն ժամանակ Արմեն Մովսիսյանը վստահեցնում էր, որ ուսումնասիրությունները կավարտվեն 2014թ. փետրվարին, և այդ ժամանակ որևէ խնդիր չի լինի հանձնաժողով ստեղծելու և առաջացած հարցերը քննարկելու համար:

Հիմա իշխանության ներկայացուցիչները և նույն Արմեն Մովսիսյանն ասում են, որ հարցը պետք չէ քննարկել, և առաջարկում են այն հետաձգել մինչև աշուն: Հիմնավորումը դարձյալ նույնն է. «Ռոսնեֆտը» 500 միլիոն դոլարի ներդրում կարող է կատարել, և քաղաքական շահարկումները կարող են խանգարել այդ նախագծի իրականացմանը:

Իշխանության մյուս հակափաստարկը նման հանձնաժողովի ստեղծմանն այն է, որ եթե ՀՅԴ-ականները գիտեն փաստեր, որ «Նաիրիտ» գործարանում տեղի են ունեցել չարաշահումներ, յուրացումներ կամ այլ հանցագործություններ, ապա պետք է դիմել իրավապահ մարմիններին, կոնկրետ Դատախազություն, և թող Դատախազությունն ուսումնասիրի այդ փաստերը, որից հետո նոր հանձնաժողովը կտա քաղաքական գնահատական:

Հետաքրքիր էր, որ իշխանության ներկայացուցիչների` ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի, ՀՀԿ-ական այլ պատգամավորների, Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանի՝ այս հանձնաժողովի ստեղծմանը դեմ ունեցած ելույթներից հետո ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և խոստացավ, որ «Նաիրիտի» հարցով հանձնաժողով կստեղծվի: Եվ իր խոստման հավաստիությունն ընդգծելու համար հիշեցրեց, որ ինքը խոստացել է, որ կստեղծվի «Գազային պայմանագրերն» ուսումնասիրող հանձնաժողով, որը և ստեղծվում է:

Այս ամենից հետո զարմանալի չի լինի, եթե վաղը Հովիկ Աբրահամյանը հայտարարի, որ ինքը դեմ չէ նաև Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու՝ ՀԱԿ-ի նախաձեռնությանը: Բայց այդ հանձնաժողովը կստեղծվի ոչ թե ՀԱԿ-ի, այլ ՀՀԿ-ի նախաձեռնությամբ:

Ի՞նչ հետևություն կարելի է անել վերոնշյալից: ՀՀԿ-ն ուզում է ցույց տալ, որ որևէ հակադրություն ընդդիմադիր կամ կիսաընդդիմադիր խմբակցությունների հետ չկա:
Ընդհակառակը՝ ՀՀԿ-ն այնքան ջերմ վերաբերմունք ունի այդ խմբակցությունների նկատմամբ, որ պատրաստ է նրանց նախաձեռնությունները համարել իրենը և նրանց հետ համատեղ քննարկել դրանք: Ընդդիմադիրները մի փոքր ընդդիմանում են, բայց ի վերջո շնորհակալություն են հայտնում ԱԺ նախագահին՝ նման ջերմ վերաբերմունքի և իրենց ընդառաջելու համար:

Ուկրաինական դեպքերից հետո իշխանությունը ցանկանում է ցույց տալ, որ ընդդիմության հետ որևէ հակադրություն չկա, այլ կա ջերմ համագործակցություն, ընդդիմությունը դեմ չէ այդ համագործակցությանը, քանի որ անընդունելի է համարում հայաստանյան մայդանը:

Տեսանյութեր

Լրահոս