Ինչ դասեր պիտի քաղեն Հայաստանի իշխանությունները Ուկրաինայում տիրող իրավիճակից

ԱԺ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների կարծիքով` Ուկրաինայում տիրող լարված իրավիճակից Հայաստանի գործող իշխանությունները պիտի դասեր քաղեն:

Ըստ նրանց` նմանատիպ սցենարից խուսափելու լավագույն միջոցն այն է, որ Հայաստանի իշխանությունները ևս չպետք է գործեն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի սխալը և հաշվի նստեն ժողովրդի կարծիքի հետ:

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ եթե Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը «մի քիչ սթափ լիներ, շուտ պետք է կողմնորոշվեր, լսեր հասարակության կարծիքը` դրանով խուսափելով զոհերից»: Ըստ նրա` Ուկրաինայի ընդդիմությունը վաղուց ապացուցել էր, որ աննահանջ է և զենքի կողմնակից չէ, խաղաղ ցույցերի կողմնակից է:

Ա. Մանուկյանն ասաց, թե Ուկրաինայի իշխանությունն իրեն ճիշտ դրսևորեց մինչև այն պահը, երբ «նյարդերը տեղի տվեցին, որոշեցին բռնություն գործադրել», որի արդյունքում զոհեր ու մեծ թվով վիրավորներ կան: «Ամեն ինչ կարող էր լինել հանգիստ, անկորուստ, առանց մեծ ցնցումների, բայց հիմա և ինքը վարկաբեկվեց, խայտառակվեց, փախավ, և անմեղ զոհեր ունեցան»,- նշեց ՀԱԿ խմբակցության քարտուղարը:

Կարդացեք նաև

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները չցանկացավ համեմատել Հայաստանի հետ, բայց շեշտեց. «Յանուկովիչն իսկապես փորձանք էր այդ ազգի համար: Ինձ համար մինչև հիմա անհասկանալի է, թե ինչպե՞ս նման մարդը դարձավ պետության ղեկավար»:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, թե Ուկրաինայում նման ողբերգական դեպքերի պատճառը հասարակության կարծիքը հաշվի չառնելու սխալն էր:

Նրա խոսքով` հենց այդ ժամանակ առաջացավ մի իրավիճակ, երբ գործող իշխանություններից երես թեքեցին անգամ նրանք, այդ թվում` հենց Ուկրաինայի նախագահի կուսակցությունը, ովքեր աջակցել էին Վ. Յանուկովիչին իշխանության գալու հարցում: «Իշխանությունը շատ թանկ է վճարում այն ժամանակ, երբ հասարակական կարծիքի հետ հաշվի չի նստում, չի լուծում այն ակնհայտ սխալները, որոնք անհանգստացնում են քաղաքացիներին: Մեր իշխանությունների համար առաջին դասը հենց սա պետք է լինի` լսել մարդկանց կարծիքը»,- նշեց նա:

ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ լինում են իրավիճակներ, երբ այլ ելք չի մնում, քան հեղափոխության ճանապարհը, ինչը չի բացառվում նաև Հայաստանի պարագայում: «Եթե իշխանությունների արձագանքն այս լուրջ խնդիրներին, որոնք կան, ադեկվատ չլինի, ապա չի բացառվում, որ մեզ մոտ կրկնվի նույն սցենարը: Չի բացառվում, որովհետև հասարակությունն իր զարգացման օրենքներն ունի և, ի վերջո, կարող է պոռթկալ: Հո ուկրաինացիներն ավելի լավը չեն, ավելի ագրեսիվ չեն, քան մենք, ի՞նչ տարբերություն, չի բացառվում, որ կլինի»,- նկատեց Մարգարյանը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի համոզմամբ էլ` Ուկրաինայի իշխանություններից բոլորը դժգոհ էին, ուստի Մաքսային միությանն անդամակցելու մասին ուկրաինական իշխանությունների որոշումը ժողովրդի համար դարձավ ընդվզելու հիմք: «Ցանկացած առիթ կարող է դառնալ ընդվզման պատճառ, և սա երբեմն իշխանությունների համար նկատելի չէ, նրանք չեն տեսնում, թե ինչ աստիճանի պայթյուն, կուտակվող դժգոհության հիմքում, կարող է լինել»,- ասաց նա` ավելացնելով, որ ուկրաինական ընդդիմությունն անգամ չէր կարողանում վերահսկել ժողովրդի ընդվզման ցանկությունը, ինչը, ըստ նրա, որոշ առումով նպաստեց զոհերի թվի աճին:

«Երբ ընթացքը հախուռն է լինում, նման անցանկալի իրավիճակներ են լինում, բայց մեղավորը, իհարկե, Յանուկովիչի ղեկավարած ռեժիմն էր, որը դժգոհության հզոր ալիք էր առաջացրել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ Վ. Յանուկովիչի կուսակցությունն անգամ հրաժարվեց նրանցից, Ա. Ռուստամյանն ասաց, թե նման ճակատագրի են արժանանում բոլոր այն կուսակցությունները, որոնք ձևավորվում են մեկ անձի շուրջ: «Բոլոր այն կուսակցությունները, որոնք հատվածական շահերով են առաջնորդվում, ֆորմալ առումով կուսակցություն են, բայց կուսակցության էությանը չեն համապատասխանում, բոլորի ճակատագիրն էլ դա է: Մեր մոտ էլ եղել է, որ իշխանության դիրքերը թուլացել են, հզոր շարժում է եղել, առնետավազք, չէ՞: Հիմա իրենք իրենց դեմքը պահելու համար չարյաց փոքրագույնն են ընտրել, ուզում են պահպանել գոնե իրենց կուսակցության ռեսուրսը: Իրենք մտածում են` լավ, Յանուկովիչը չկա, բա մենք չմիավորվե՞նք, որ արևի տակ տեղ ունենանք: Երբ մեկի ձեռքին է կենտրոնանում իշխանությունը, դառնում է անվերահսկելի»,- ասաց նա` շեշտելով, որ Հայաստանի համար Ուկրաինայի նախագահի պարտությունը պետք է դաս լինի:

Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ պնդեց, որ ՀՀ իշխանությունները Ուկրաինայում տիրող իրավիճակից դասեր քաղելու անհրաժեշտություն չունեն: Մեր հարցին, թե արդյո՞ք Հայաստանի իշխանությունները դասեր քաղում են` չկրկնելու այն սխալները, որոնք թույլ տվեց Վ. Յանուկովիչը, Սահակյանը պատասխանեց.

«Նման կարծիքներ են հայտնում նրանք, ովքեր ժամ առաջ ուզում են… դրանք ցնորամիտ մտայնությամբ մարդիկ են ասում, որոնք քաղաքի փողոցներում ուզում են շահեկան վիճակ ստեղծել, որ իշխանության գան, ու այդ ամենն ասում են հրճվանքով:

Մեր խնդիրները լրիվ ուրիշ են, մեր պետությունը լրիվ ուրիշ է, մեր քայլերը լրիվ ուրիշ են, և մեր առաջիկա ծրագրերը երբեք ու երբեք չի կարելի համեմատել աշխարհի ցանկացած երկրի հետ»:

Մեր ճշտող հարցին, թե` համոզվա՞ծ եք, որ Հայաստանում նման սցենար չի կրկնվի, Սահակյանը պատասխանեց. «Բնականաբար, չի լինի, որովհետև հայը հայի վրա երբեք զենք չի բարձրացնի»:

Պատասխանելով դիտարկմանը, թե մի անգամ արդեն եղել է, Մարտի մեկի արդյունքում տասը զոհ է եղել, Գալուստ Սահակյանը կրկնեց. «Որևէ անգամ զենք չի բարձրացրել: Միջադեպերն այլ են, այլ բան է` ամբողջ պետությունը քանդել, տարբեր մասերի բաժանել: Իհարկե, մի անգամ եղել է, զոհեր են եղել, ու կարծում եմ, որ դա մեզ պետք է ցավ պատճառի, պիտի դասեր քաղենք»:

Նա շեշտեց, թե ՀՀԿ-ն այն կուսակցությունը չէ, որ «նահանջներ ապրի», բայց նաև այն կուսակցությունը չէ, որ «մտածի, թե անընդհատ պրոցեսների մեջ պիտի լինի` որպես քաղաքական մեծամասնություն: ՀՀԿ-ն այնքան կլինի, որքան անհրաժեշտ է»:

«Եվրամայդանի» ակտիվիստներն օրերս այցելել էին նախագահ Վիկտոր Յանուկովիչի, Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկայի առանձնատներ և հրապարակել լուսանկարներ, որոնցից ակնհայտ է դառնում, թե ինչ հարստություն են կուտակել նրանք պաշտոնավարման ընթացքում:

ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներից հետաքրքրվեցինք, թե ապօրինի հարստության, ունեցվածքի հրապարակումը կարո՞ղ է օրինակ ծառայել Հայաստանում, դառնալ զսպող` նման հարստություն չկուտակելու համար: Այս առնչությամբ Արմեն Ռուստամյանը միայն հույս հայտնեց, որ ՀՀ պաշտոնյաներին դա կզգաստացնի: «Խելոք մարդիկ սովորում են ուրիշների սխալների վրա»,- ասաց նա:

Ռուբեն Հակոբյանն էլ նկատեց, թե, ցավոք սրտի, հետխորհրդային պետությունների իշխանությունները` տարբեր ձևաչափերով, բայց ունեն նման խնդիր:

Արամ Մանուկյանն էլ վստահեցրեց, թե այն, ինչ ջրի երես դուրս կգա Հայաստանի պաշտոնյաների տանից, շատ ավելի շքեղ կլինի, քան Յանուկովիչի ունեցվածքը: «Յանուկովիչի ունեցվածքը շատ համեստ է` նրա հետ համեմատած, որը մի օր կերևա Հայաստանում: Իսկ դա մի օր կերևա, ինչքան շուտ` այնքան լավ»,- ասաց ՀԱԿ պատգամավորը:

Ստեփան Մարգարյանն ասաց, թե որպես կանոն` գաղտնիքներ չեն մնում, ցանկացած երևույթ մի օր ջրի երես է դուրս գալիս:

Իսկ Գալուստ Սահակյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի իշխանավորները նման շքեղություն չունեն: «Հայաստանում նման անձեր իմ տեսադաշտում չկան, և կարծում եմ, որ հայկական իրականությունն այնպիսին չէ, որ մտնեն տներն` ահաբեկեն, հատկապես` ընտանիքների առումով, որովհետև մենք ընտանիքը պաշտող ժողովուրդ ենք»:

Տեսանյութեր

Լրահոս