Նաիրա Զոհրաբյան. Եթե բոլոր դեսպաններն էլ միաձայն, խոռով հայտարարեն, որ սա ընդունելի տարբերակ է, դա ոչինչ չի տա
Երեկ կենսաթոշակային երրորդ միջազգային համաժողովի ժամանակ իր ելույթում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը դրական էր գնահատել ՀՀ կառավարության դիրքորոշումը կենսաթոշակային պարտադիր համակարգի ներդրման վերաբերյալ:
Նա մասնավորապես ասել էր. «Հավատացած ենք, որ նոր կենսաթոշակային համակարգը շրջահայաց ձևով մշակված է՝ պաշտպանելու ապագա կենսաթոշակառուների շահերը: Այն Հայաստանի աշխատողներին հնարավորություն կտա բարելավել իրենց ֆինասական ապահովածությունը կենսաթոշակային տարիքում՝ եկամուտների աղբյուրները դիվերսիֆիկացնելու, այդ թվում մասնավոր, կրկնում եմ մասնավոր կենսաթոշակային հիմնադրամում խնայողությունների կատարելու միջոցով»:
168.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ջ. Հեֆերնի փաստարկները համոզի՞չ էին, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե ինքն այն կարծիքին չէ, որ երկրում հարաբերությունները պիտի կառուցվեն այս կամ այն դեսպանի, այդ թվում՝ նաև ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի անձնական տեսակետներով:
«Դա Ջոն Հեֆերնի անձնական տեսակետն է, որի հետ ես, միանշանակ, բացարձակապես համաձայն չեմ: Նույն Ամերիկայում կուտակային պարտադիր համակարգի կիրառումը բազմազան խնդիրներ է առաջ բերել և ես զարմանում եմ, որ դեսպանը տեղյակ չէ դրանցից: Նա պետք է տեղյակ լիներ, թե իր երկրում այս համակարգի ներդրումը ինչպիսի պայթյունավտանգ խնդիրներ է առաջացրել և այնուհետև ինչպես է վերանայվել, ինչպես է ձևափոխվել այդ համակարգը: Ես չեմ կարծում, թե մենք պետք է հատուկ կարևորենք կամ հատուկ դեբատներ անցկացնենք այն մասին, թե ինչ է մտածում կամ ինչ է ասում Ջոն Հեֆերնը թեմայի շրջանակներում»,- շեշտեց Ն. Զոհրաբյանը:
Նա հիշեցրեց, որ ԲՀԿ դիրքորոշումը «սոցիալական ծայրահեղ, կատաստրոֆիկ» պայմաններում ներդրված կուտակային կենսաթոշակային համակարգի հարցում հստակ է, որովհետև «260 000 քաղաքացու զրկում են օրվա հացի համար նախատեսված գումարից», ինչն անընդունելի է և դրա դեմ պետք է պայքարել հնարավոր բոլոր միջոցներով:
Ն. Զոհրաբյանից հետաքրքրվեցինք նաև, թե համաձա՞յն է այն տեսակետների հետ, որ Կառավարությունն «անզոր» գտնվեց հասարակությանն այս հարցում համոզելու հարցում, ուստի անցավ համակարգի օգտին ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին խոսեցելու տարբերակին:
Ի պատասխան Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Գիտեք, այս կառավարության նյարդահոգեբանական վիճակը ինձ բացարձակապես չի հետաքրքրում, ուստի թե ինչի՞ց ելնելով են իրենք դիմել դեսպանների օգնությանը, օժանդակությանը, ինձ բացարձակապես չի հետաքրքրում: Եթե բոլոր դեսպաններն էլ միաձայն, խոռով հայտարարեն, որ սա ընդունելի տարբերակ է, դա ոչինչ չի տա, որովհետև սա ՀՀ քաղաքացուն դեմ ուղղված «բարեփոխում» է»: