Իգոր Մուրադյան. «Հայաստանում քաղաքական կյանքը մահացել է» (տեսանյութեր)
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, փորձագետ, վերլուծաբան Իգոր Մուրադյանը խոսելով Ուկրաինայում ներկայումս տիրող իրավիճակի մասին՝ ասաց, որ այնտեղ այժմ արևելյան Եվրոպայի աշխարհաքաղաքական բաժանում է տեղի ունենում, և հնարավոր է՝ ոչ միայն արևելյան Եվրոպայի.
«Ինձ շատ անհարմար է խոսել հայ լսարանի հետ այն մասին, թե ինչ է կատարվում Կիևում, քանի որ ուկրաինական ժողովուրդը, առանց որևէ արտաքին աջակցության հույսի, հանդես եկավ ռուսական գաղութացման դեմ: Դրա հետ մեկտեղ՝ Հայաստանը կանգնեց պետականության կորստի վտանգի առջև. սա լրիվ ադեկվատ ձևակերպում է, և դա մենք հետո կտեսնենք:
Եվ, կանգնած լինելով այս ամենի առջև, տեսնում եմ բոլորի լռությունը: Նրանք, ովքեր այդքան հպարտ անվանում էին իրենց ազգայնականներ, հայրենասերներ, լիբերալներ, որոնք այդքան երկար պայքարել են, հայտնի չէ` ինչի համար, ժողովրդավարության համար, անկախության համար և այլն, ինչո՞ւ են բոլորը լռում: Ի՞նչ է պատահել: Պատասխան չկա»:
Ի. Մուրադյանի կարծիքով՝ բոլորը հույս ունեն ստանալ այս խաղի վերջին սեանսը Ռուսաստանի աջակցությամբ. «Հայաստանում քաղաքական կյանքը մահացել է, այն չկա: Եվ այս պարագայում ես անգամ չգիտեմ էլ՝ իմաստ ունի՞ հայ սպառողի, հասարակության համար մտածել, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, հարց է տրվում` ինչո՞ւ, ինչի՞ համար: Միակ բանը, որ մնում է՝ հետաքրքրասիրությունն է: Իմ կարծիքով՝ դրանով սահմանափակվում է»:
Իգոր Մուրադյանի համոզմամբ՝ խնդիրը նրանում է, որ ռուսական պրոպագանդան փորձում է իրավիճակը մեկնաբանել այսպես. ուկրաինացիները դժգոհ են այն հանգամանքից, որ Ուկրաինան չի ինտեգրվում Եվրոպային. «Դա այդպես չէ, սա դեմագոգիա է: Ուկրաինան այն ժամանակ էլ առանձնապես ինտեգրված չի եղել: Խնդիրը, պարզ է, դա չէ: Ուկրաինայի գլխին է ծառացել իմպերիալ սպառնալիքը` անկախության կորստի սպառնալիքը: Այսօրվա Ուկրաինան դարերի ընթացքում տուժած պետություն է: Այն ժողովուրդ է, որը գտնվել է կայսրությունների միջև` գերմանական, օսմանական, ռուսական, և այլն: Եվ վերջապես հնարավորություն եղավ ստեղծել անկախ պետություն: Հնարավոր չէ: Թույլ չեն տալիս: Պարզվում է, որ Ռուսաստանի համար դա շատ վատ է: Ի՞նչն է վատ: Այն, որ Ուկրաինան չեզոքության դիրքորոշում է որդեգրել: Այսինքն, դա նշանակում է՝ ոչ Արևմուտք, ոչ Արևելք, այլ ինքն իր համար»:
Մյուս բանախոսը՝ «Կանաչների» կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը, նշեց, որ համաձայն է Ի. Մուրադյանի նշած գրեթե բոլոր մեկնաբանությունների հետ. «Այդ աշխարհաքաղաքական պրոցեսի մի փուլն ավարտվեց ծանր արյունահեղության գնով: Այդ աշխարհաքաղաքական արյունահեղության մեջ այդ պահն ավարտվեց: Հիմա շատ բան կախված է այսօրվա դեպքերից, թե Խարկովում ինչպիսի հայտարարություններ, որոշումներ կընդունվեն` Ռեգիոնների կուսակցության ժողովի ժամանակ:
Երեկ ես նայում էի նախկին վարչապետ Ազարովի հանդիպումը կուսակցության իրենց ակտիվի դեպուտատների հետ, որը շատ նման էր նախկին սովետական շրջանի ժողովի, որտեղ մեկը այսպես լուրջ դեմքով բացատրում էր, թե, այսպես ասած, ընդդիմադիրներն ինչքան վատ են վերաբերվում իշխանություններին և իրենց կուսակցությանը, պետությանը, և մնացած բոլոր ներկաները, գլուխները շարժելով, համաձայնվում էին»:
Ըստ Ա. Դովլաթյանի՝ Ուկրաինայում տարվող քաղաքականությունը տնտեսական խոշոր շահերի է սպասարկում, և այսօր որոշվում է դրանում տնտեսական և աշխարհաքաղաքական շահերի սահմանի հարցը: «Եվրամիությանն ու ԱՄՆ-ին ձեռնտու է Եվրասիական միության ստեղծումը, քանի որ միանգամայն հնարավոր է, որ նրանք պարզապես իրենց կապիտալով կներխուժեն այդ տարածք և կնվաճեն ռուսական շուկան։ Կան որոշ նախադրյալներ, որ հենց դա է այսօր տեղի ունենում։ Եվ հնարավոր է, որ Ուկրաինան այդ գործընթացի մասն է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նույնը կարող է լինել Հայաստանում, օրինակ՝ առաջիկայում կարող են ներդրումներ կատարվել երկրում։