Գայթակղել են ու փոշմանել

ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցություններից միայն երկուսը` ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն են վերջնական որոշում կայացրել մասնակցելու իշխող մեծամասնության կողմից նախաձեռնած` «գազի» հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին:

«Ժառանգություն» խմբակցությունը որոշում է կայացրել չմասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին, ՀԱԿ խմբակցությունն էլ հրաժարվել է մասնակցել հանձնաժողովի ստեղծման շուրջ ընթացող բանակցություններին: Մեզ հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, թե իշխող Հանրապետական խմբակցությունը նախ «գայթակղել» է իրենց, ներկայացրել նախագծի ավելի ընդունելի տարբերակ, ապա «փոշմանել» և նախագծի էությունը հենց տեղում փոխել է` դրանով իսկ խախտելով բանակցային էթիկան:

«Հանրապետական մեծամասնությունը, ևս մեկ անգամ խախտելով բանակցային էթիկայի բոլոր կանոնները, սկզբից հանդես եկավ մի առաջարկով, հետո, երբ սկզբունքային համաձայնություն տեղի ունեցավ, էականորեն փոխեց իր առաջարկը, որ հանձնաժողովի աշխատանքները լինեն դռնփակ: Մեզ համար անընդունելի է դռնփակ հանձնաժողովի գաղափարը, որովհետև մենք համարում ենք, որ նման հանձնաժողովները պետք է լինեն բաց, որպեսզի հանրությունը կարողանա հետևել հանձնաժողովի ամբողջ աշխատանքներին: Էթիկապես շատ սխալ էր` բերում են մի առաջարկ, մենք գնում ենք խմբակցություններում քննարկում ենք, բերում ենք մեր պատասխան առաջարկները, ինչ-որ բան համաձայնեցնում ենք, ու նրանք դրանից հետո նորից փոխում են իրենց առաջարկը: Շատ տգեղ մի երևույթ ստացվեց` ներկայացնում են գայթակղիչ մի առաջարկ` մեր համաձայնությունն ապահովելու նպատակով, իսկ հետո նույն առաջարկը փչացնում են»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Նա նշեց, թե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած վերջին խորհրդակցության ժամանակ, որի ընթացքում էլ հենց ՀՀԿ-ն փոխել է առաջարկների բնույթը, ՀՀԿ-ական պատգամավորը չի թաքցրել ու ասել է, թե իրենք «փոշմանել» են:

Կարդացեք նաև

«Դավիթ Հարությունյանն այդպես էլ ասաց` այո, փոշմանել ենք, կարող ենք նորից փոշմանել: Ուստի ՀԱԿ խմբակցությունը համարում է, որ չի կարող բանակցել մի քաղաքական ուժի հետ, որը րոպեն մեկ կարող է փոշմանել: Մեզ պետք են ավելի հուսալի գործընկերներ բանակցությունների համար, ուստի մենք բանակցային գործընթացից դուրս ենք եկել, որովհետև անիմաստ ենք համարում բանակցել հարցերի շուրջ, որոնք րոպեն մեկ փոխվում են: Մենք բանակցությունների մեջ ոչ մի իմաստ չենք տեսնում, որովհետև անում են այն, ինչ իրենց պետք է»,- ասաց նա:

Հարցրեցինք, թե արդյոք բանակցություններին չմասնակցելով` ՀԱԿ-ը, հավանական է, որ չմասնակցի նաև հանձնաժողովի՞ աշխատանքներին, խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Թող իրենք իրենց վերջնական առաջարկը բերեն լիագումար նիստին, ու մենք մեր դիրքորոշումն այդ ժամանակ կհայտնենք»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, թե իրենք իշխող մեծամասնությանն առաջարկներ են ներկայացրել, որոնք ՀՀԿ-ն չի ընդունել, ուստի որոշել են չմասնակցել հանձնաժողովի աշխատանքներին: «Մենք առաջարկություններ ենք ներկայացրել, որոնք, ցավոք, չեն ընդունվել: Հատկապես հանձնաժողովի ձևավորման կարգի, գործելու ժամկետի հետ կապված, որոնք առայժմ չեն ընդունվել: Քանի որ մեր առաջարկները չեն ընդունվել, մենք որոշել ենք, որ չենք մասնակցելու նիստերի աշխատանքներին»,- ասաց նա:

Ռ. Հակոբյանը շեշտեց, որ եթե ՀՀԿ-ն ընդունի իրենց առաջարկները և քառօրյա նիստում նախագիծը ներկայացնի փոփոխված տարբերակով, իրենք կորոշեն` ինչպես վարվել: «Երբ հարցը մտնի օրակարգ, մեզ ներկայացնեն նախագծի փաստաթուղթը, և պարզ դառնա, որ ընդառաջել են մեր առաջարկություններին, ընդունել են, այդ դեպքում մենք կորոշենք` ինչպես վարվել»,- նշեց նա:

ՀՀԿ-ի կողմից ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման նախագծի նոր առաջարկը, Լևոն Զուրաբյանի խոսքով, սահմանափակումներ ունի հրապարակայնության մասով, այսինքն` նիստերը պետք է անցնեն դռնփակ: Այս առնչությամբ հետաքրքրվեցինք, թե արդյոք ՀԱԿ-ը կմասնակցի՞ հանձնաժողովի աշխատանքներին, եթե ՀՀԿ-ն հանի սահմանափակումը: «Թող իրենք կողմնորոշվեն` ինչ են առաջարկում, որ փոշմանել չլինի, վերջնական նախագիծը բերեն լիագումար նիստ, ու այդ ժամանակ մենք մեր դիրքորոշումը կհայտնենք»,- պատասխանեց նա:

Լևոն Զուրաբյանն ասաց, թե փակ նիստեր անելու որոշումն իշխանություններին բնորոշ է: Նա նշեց, թե նրանք ամեն ինչ անում են «գաղտագողի ճանապարհներով», ապա հիշեցրեց. «Ընդհանրապես, սա այս իշխանության ոճն է, արհամարհել հանրությանը, չներկայացնել որևէ որոշում հանրության դատին, լինի դա Մաքսային միությանն անդամակցելը, Եվրոասոցացման համաձայնագրի շուրջ բանակցելը, լինի դա գազի դիմաց 300 մլն դոլարի պարտքի կուտակումը: Նրանց թվում է, որ կարող են` ինչ ուզեն անեն, ոչ մի հաշիվ չտան հանրությանը և ԱԺ-ին` շրջանցելով Սահմանադրությունը:

Հանձնաժողովի ստեղծման իմաստը հենց դա է, որ ջրի երես հանենք այն, ինչ թաքցրել է իշխանությունը, իսկ նրանք վախենում են, չեն ցանկանում, որ հանրությունը տեղեականա այս խնդիրներին: Վախենում են, ուզում են սահմանափակել»:
Ըստ Զուրաբյանի` մի կողմից` իշխանությունները չեն կարող գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով չստեղծել «այս ամբողջ աղմուկից, ճնշումներից հետո», մյուս կողմից` ուզում են նվազեցնել հանձնաժողովի գործունեության վնասները, որոնք իրենք կրելու են, ուստի կրկին ընտրում են գաղտնիության ճանապարհը:

Ռուբեն Հակոբյանն էլ հարցին, թե` «Ժառանգությունն» արդյոք պատրա՞ստ է աշխատել դռնփակ նիստերով անցնող հանձնաժողովում, եթե իրենց առաջարկները ՀՀԿ-ի կողմից ընդունվեն, պատասխանեց. «Հանձնաժողովն, այո, բավական սահմանափակումներ ունի, և մեր որոշումը` չմասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին, բխում է նաև այդ պատճառներից»:

Տեսանյութեր

Լրահոս