ԱԺ-ում բանավեճը շարունակվում է. Մարդն իրավունք ունի թռուցիկ բաժանի, դուրդ չի գալիս, մի գնա այդ երթին, բայց պետք չէ գնալ մարդկանց ծեծել, հայհոյել
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը շարունակում է լարված մթնոլորտում ընթանալ: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ինչպես տեղեկացրել ենք, Կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանից հետաքրքրվել էր՝ արդյոք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության շուրջ տեղի ունեցած խուլիգանությունը չի՞ ազդել ՀՀ բուհական համակարգի իմիջի վրա, և արդյոք նախարարությունը քայլ ձեռնարկե՞լ է պատժելու միջադեպի մեղավորներին:
Սակայն ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանն ասաց, թե հարցը կապ չունի օրակարգում ընդգրկված հարցի հետ: Գեղամյանի և Փաշինյանի միջև ծավալված բանավեճից հետո, հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանն էլ հորդորեց այդ հարցերը չկապել միմյանց:
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ևս միացավ Փաշինյանի այն տեսակետին, որ իր կողմից բարձրացված հարցը անմիջականորեն կապ ունի օրակարգում քննարկվող պայմանագրի հետ:
«Պատգամավորը, առիթից օգտվելով, կարող է ցանկացած թեմային առնչվող, կոնկրետ գերատեսչությանը վերաբերող հարց բարձրացնել, որովհետև, այնուամենայնիվ, ցանկացած բան կարելի է կապել միմյանց հետ: Օրինակ՝ ոմն Իբրահիմ կարող է Youtube-ով տեսել է այդ միջադեպը, ու կարող է չգալ գյուղատնտեսական համալսարան ու մենք կորուստ կունենանք, դրա համար հարցը փողկապակցված է»,- ասաց Ալ. Արզումանյանը:
Նա նշեց, որ թեպետ ոմանց «դուր չի գալիս» քննարկման ընթացքը, բայց հորդորեց հնարավորություն տալ քննարկում իրականացնել: «Պետք չէ քաղաքականացնել, մեզ մեծամասնության տեսակետ տալ, պարոն Զաքարյան: Որևէ մեկը այստեղ չի քննարկում Տարոն Մարգարյանի ատենախոսության որակը, ինձ ընդհանրապես դա չի հետաքրքրում: Մի շարք մասնագետներ, ՄԱԿ-ի անդամներ քննադատել են այն, թե ինչպե՞ս է անցել պաշտպանությունը և հարցը թեզի որակի մասին չէ, կրկնում եմ, այլ՝ պաշտպամնության ձևի»,- ասաց Ա. Արզումանյանը:
Արտակ Զաքարյանն էլ հարցրեց. «Որտե՞ղ, պաշտպանության սենյակում, թե՞ միջանցքներում»:
Ալ. Արզումանյանն էլ օրինակ բերեց. «Սա Ազգային ժողով է, և եթե միջանքում կամ սենյակում է լինում այդ կռիվը, ասում են՝ Ազգային ժողովում կռիվ եղավ, և որևէ մեկին չի հետաքրքրում ՝ դա 414 սենյակո՞ւմ էր, թե՞ դուրսը: Մարդը հարց է տալիս, ինձ էլ հետաքրքրում է՝ ո՞նց է փոխնախարարը վերաբերում այն հանգամանքին, որ բուհերից մեկում անտեսվել է թափանցիկության գործոնը, չեն թողել մարդիկ մուտք գործեն:
Արտառոց դեպք է սա, մարդու իրավունքներից ենք խոսում, ասում ենք՝ առաջընթաց ենք արձանագրել, ու մարդը իրավունք ունի ազատ դուրս գա, թռուցիկ բաժանի, դուրդ չի գալիս, մի գնա էդ երթին, բայց պետք չէ գնալ մարդկանց ծեծել, հայհոյել: Ու տարակուսելի է, որ այդ ծեծողը ուսխորհրդի անդամ է, որի հետ հանդիպում են տեղակալները, չեն ասում արդյոք՝ պարոն ուսխորհրդի անդամ, ինչի՞ ես հայոհանք տալիս»:
Արտակ Զաքարյանն էլ ասաց, թե ինքը չի ընդունում, երբ լրագրողների աշխատանքը խոչընդոտվում է, եթե դա օրենքով սահմանված չէ: «Բայց դա պետք չէ կապել գիտական աշխատանքի հետ»,- ասաց Զաքարյանը:
Արզումանյանն էլ ասաց, թե խնդիրը դրանում չէ. «Տարոն Մարգարյանի դիսերտացիան կարող է ամենահանճարեղն է վերջին քսան ամյակի ընթացքում… Դեպքը եղել է Տարոն Մարգարյանի պաշտպանության ժամանակ ու եթե Կիրակոս Կիրակոյանի պաշտպանութան ժամանակ լիներ, կասեինք՝ Կիրակոսյանի պաշտպանության ժամանակ եղավ, հիմա հանրությունը ուշադրություն է դարձնում սրան»:
Փաշինյանն էլ ավելացրեց. «Եթե փակ են անում, ուրեմն՝ այստեղից հետևություն՝ թաքցնելու բան կա: Տարոն Մարգարյանի ատենախոսությունը շատ լավ ատենախոսություն է, հարցը դա չէ, հարցը նա է, թե ո՞վ է գրել այդ ատենախոսությունը»:
Ա. Զաքարյանն էլ պնդեց, թե պատգամավորները փորձում են հարցը ուրիշ դաշտում քննարկել, ինչը կապ չունի օրակարգում ընդգրկված հարցի հետ: