Կրթության փոխնախարարի պատասխանը չգոհացրեց Նիկոլ Փաշինյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին չբավարարեց ՀՀ Կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանի մեկնաբանությունը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մեծ աղմուկ բարձրացրած ատենախոսության պաշտպանության մասին: Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտապան հանձնմաժողովում, որի ժամանակ պետք է քննարկվեր, 2013 թվականի հունիսի 24-ին Ամմանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը, Ն. Փաշինյանն ասաց, թե համաձայնագիրը վերաբերում է բուհական համակարգին, փոխադարձ հարաբերություններին և այս առումով շատ կարևոր է Հայաստանի բուհական համակարգի իմիջը:

Նա հիշեցրեց Տարոն Մարգարյանի պաշտպանության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, և հետարքրքվեց, թե արդյոք դա չի՞ ազդում Հայաստանի բուհական համակարգի միջի վրա, և արդյոք նախարարությունը որևէ պատժամիջոցներ դեպքի առնչությամբ ձեռնարկե՞լ է, թե՞ ոչ, սակայն Մանուկ Մկրտչյանը միայն պատասխանեց, թե դրա մասին հնարավոր լինի խոսել հաջորդ տարի:

Ն. Փաշինյանը ևս մեկ անգամ փորձեց կրկնել իր հարցը, բայց Մ. Մկրտչյանն արձագանքեց, թե ինքը հարցը լավ հասկացել է ու հնչեցրել իր պատասխանը: «Դուք մի ասեք ես ինչպե՞ս պատասխանեմ»,- ասաց նա Փաշինյանին:

ՀԱԿ պատգամավորը նորից ասաց, «Հարցը հետևյալի մեջ է, ես ասում եմ, ինչպե՞ս են ազդում Հայաստանի բուհական համակարգի վարկանիշի վրա նման միջադեպերը, և ի դեպ, ուզում եմ հիշեցնել, որ մենք տարիներ առաջ ուշադրություն չդարձրինք այն ամենին, ինչ տեղի էր ունենում բժշկական համալսարանում, և օտարերկյա ուսանողների թիվը սկսեց նվազել: Նմանօրինակ վեճերի պատճառով էր նաև, քուչայական մթնոլորտի պատճառով էր, որ դրսից ուսանողների թիվը նվազեց: Նորից եմ հարցնում՝ միջոցներ ձեռնարկե՞լ եք, թե՞ ոչ, ինչպե՞ս դա կարող է ազդել բուհի վարկանիշի վրա»:

Մանուկ Մկրտչյանն էլ ասաց, թե նախարարությունը «հատուկ հետազոտություն» չի անցկացրել պարզելու՝ ազդե՞լ է այդ միջադեպը Հայաստանի բուհական համակարգի վարկանիշի վրա, թե՞ ոչ:

ՀՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ իր հերթին ասաց, թե պետք չէ կապել այս հարցերն իրար: Նա նշեց, թե ուսանողների դրսևորած պահվածքը առնչություն չունի բուհի մասնագիտական խորհրդի այն որոշման վրա որ Տարոն Մարգարյանին պետք է տրվի կոչում: Նրա խոսքով՝ իր համար անցանկալի է, երբ ուսանողն անկարգություն է անում, և երբ խոչընդոտվում է լրագրողի աշխատանքը:

Փաշինյանն էլ հիշեցրեց նմանատիպ ևս մեկ դեպք, երբ ՀԱԿ երիտասարդների հետ, ովքեր Մարտի մեկի հանրահավաքի իրազեկման մասին թռուցիկներ էին բաժանում, կռվի մեջ էին մտել Հանրապետական երիտասարդները, ովքեր ևս գիտական կոչում ունեին: «Գիտական խորհրդի գործունեության հարցը կասկածի տակ է դրվում այս միջադեպով, երբ գիտական խորհրդի կողմից գիտական թեկնածու կարգավիճակին արժանացած մարդը իրեն  թույլ է տալիս մտնել փողոցային արտահատությունների, վեճերի, լեզվակռվի մեջ, ուրեմն կակսածի տակ է առնվում գիտական թեկնածությունը: Գիտական խորհուրդները վերածվել են փակ խմբակների և պարոն Մկրտչյանն իմ հարցին չպատասխանեցիք դուք՝ միջոցներ ձեռարկվե՞լ են, թե՞ ոչ»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս