Օլիմպիական կուտակումներ
Ռուսաստանը` չգիտեմ, բայց Պուտինն Ուկրաինային չի ների: Չի ների` անկախ դեպքերի ընթացքից: Հանաք բան չէր: Մարդը որոշել էր աշխարհի ու սեփական ժողովրդի համար տոն կազմակերպել` ձմեռային օլիմպիադայի տեսքով: Թվով, կարծեմ, 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի վրա ավելի շատ գումար է ծախսվել, քան նախորդներում` միասին վերցրած: Խաղերի բացումից առաջ հայտարարվեց, որ 50 մլրդ դոլար է ծախսվել: Լրագրողները հրապարակավ կասկածեցին:
Բայց Վ. Պուտինն ակնարկեց, որ կասկածներով ու փնթփնթոցով չարժե տոնը փչացնել: Որ ինքը խաղերից անմիջապես հետո կհանձնարարի ստուգել ֆինանսական ծախսերի արդյունավետությունը: Մինչ այդ խոշորագույն երկրների լիդերները մերժել էին օլիմպիադա այցելելու հրավերը:
Ճոխ բացման արարողությունը Պուտինը ստիպված էր ըմբոշխնել Մաքսային ու մերձմաքսային միության անդամ երկրների ղեկավարների հետ: Ռուսաստանի նախագահը ոչ այն է` մանկական, ոչ այն է` մարզիկին վայել ոգևորությամբ ստադիոնից ստադիոն է այցելում, փորձում ուրախանալ բոլորի հետ: Հատկապես, որ ռուսաստանյան հավաքականն էլ ուրախանալու լուրջ առիթներ չի տալիս: Ու այս ամենի ֆոնին` աշխարհի ուշադրությունն Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացի վրա է գամվել: Նույնիսկ Հայաստանում օլիմպիադան անհրաժեշտ ուշադրության չի արժանանում:
Իհարկե, չի կարելի ասել, թե մեր հասարակությանն օլիմպիական մարզաձևերից ուկրաինական դեպքերն են շեղել: Ավելին, մեր իշխանությունները ձեռքներից եկածն արել էին, որ մենք օլիմպիադայից չշեղվենք. անհրաժեշտ գումարը մուծել էին, որ հանրային հեռուստատեսությունը հնարավորինս մանրամասն կարողանա լուսաբանել այդ հզոր միջոցառումը: Միջոցառում, որին Հայաստանից երկու կենտ ու մի զույգ մարզիկ-մարզիչներ են մասնակցում: Հայաստանում բոլորովին այլ կրքեր են կուտակվում: Ավելի ճիշտ` կուտակային կենսաթոշակային կրքեր են կուտակվում: Հատկապես, որ իշխանական բոլոր օղակները ջանք ու եռանդ չեն խնայում իրավիճակն ավելի անհասկանալի դարձնելու համար: Այս գործում առաջամարտիկն, իհարկե, Սահմանադրական դատարանն է` իր հանրահայտ որոշմամբ:
Այն ավելի խճողեց իրավիճակը: Տնտեսվարողները երկար ժամանակ չէին հասկանում, թե ինչ որոշում է կայացրել այս մարմինը: Ուստի, ով չալարեց` մեկնաբանեց ՍԴ որոշումը` ԿԲ-ից մինչև առանձին վերցրած նախարարներ ու ավելի ցածրաստիճան չինովնիկներ: Անկեղծ ասած` հաշվապահի խնդրանքով` ինքս էլ փորձեցի մեր տնտեսական իշխանություններից պարզել` ինչպես պիտի իրեն պահի տնտեսվարողը: Միանշանակ պատասխան չստացա: ՍԴ որոշումն աներևակայելի խճողել է մեր ֆինանսական կյանքը:
Մինչև այդ որոշումը, ընտրությունից` ընտրություն, ՍԴ խրոխտ անունը կրող մարմինը հայտնվում էր հասարակական ուշադրության կենտրոնում: Մի քանի տասնյակ անուղղելի ռոմանտիկներ ընտրությունները չեղյալ հայտարարելու հայցով այդ դատարան էին դիմում: Հետո ողջ հասարակությունն ըմբոշխնում էր ՍԴ որոշումները լսելու հաճույքը: Ինձ իրավական տեքստերի մասնագետ չհամարելով, միևնույն է, բոլորին խորհուրդ կտամ ընթերցել ու վերընթերցել այս գրասենյակի վճիռ-որոշումները, հրապարակած բոլոր գրավոր տեքստերը: Հայ գրավոր մշակույթի ոչ մի քանքարավոր գործչի չի հաջողվել այդքան խոսքաշատ լինել: Երբևէ:
Ամենահմուտ լեզվաբաններն անգամ չեն կարողանա կառուցվածքային վերլուծության ենթարկել ՍԴ վճիռ-որոշումների նախադասությունները: Այդքան ստորադաս ու ենթաստորադաս նախադասություններ նույնիսկ Լև Տոլստոյի գրական շնորհն ունեցող մարդը չէր հաջողի գրել: Հայկական կայքերից մեկը ՍԴ հնարավոր որոշման մասին հարցում է կազմակերպել:
«Ի՞նչ որոշում կկայացնի մարտի 28-ին Սահմանադրական դատարանը Կենսաթոշակային կուտակման բաղադրիչի հարցով» հարցի 4 հնարավոր պատասխաններից մեկը սա է. «Լղոզված որոշում կկայացնի, որից ոչ ոք չի հասկանա` այն Սահմանադրությանը համապատասխանում է, թե՞ հակասո՞ւմ»: Դժվար չէ գլխի ընկնել, որ հարցման մասնակիցների ուղիղ կեսն այս պատասխանն է ընտրում: Որովհետև նախադեպեր կան:
Մինչդեռ կուտակայինի դեմ հասարակական շարժումն օր օրի ընդարձակվում է: Իսկ իշխանությունները բավարարվում են` ընդունելով, որ հասարակության 80 տոկոսը դեմ է այս համակարգին, և փորձում են ձևացնել, որ դա կարևոր չէ: Կարևորն այն է, որ մեր իշխանությունները հերթական անգամ բռնի մեթոդներով փորձում են երջանկացնել մեզ: Չլսելով ու չպատասխանելով պարտադիր կուտակայինի վերաբերյալ ոչ մի լուրջ հարցի:
Այս կուտակային կոչվածի պատճառով մերոնք էլ օլիմպական խաղերը համաշխարհային տոն չհամարեցին ու մատների արանքով հետևեցին դրանց: Հետևաբար` լավ բան չի լինի, եթե այս փաստը Պուտինի ականջով ընկնի: Երևի մերոնց էլ չների: