Անխուսափելի կործանման հեռանկարն է՝ մարդկանց և ժողովուրդներին մղել հերոսության, պայքարի ու հաղթանակների
Հարցազրույց «Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոնի» փորձագետ, ԱՏՕ-ում ՀՀ առաքելության նախկին անդամ Մուշեղ Մկրտչյանի հետ
– Սեպտեմբերի 3-ին Հայաստանը հրաժարվեց արտաքին քաղաքականության ոլորտում վարվող «և-և»-ի քաղաքականությունից, երբ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային Միությանն անդամակցելու որոշման մասին: Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս որոշումը Հայաստանի` հարևանների հետ ունեցած հարաբերությունների վրա:
– Տարիներ շարունակ ՀՀ արտաքին քաղաքականությունը հիմնված է եղել տարածաշրջանում բաժանարար գծերից խուսափելու սկզբունքի վրա: Եվ ահա մեկ օրվա ընթացքում ՀՀ-ն կտրուկ շրջադարձ է կատարում, ինչի արդյունքում տարածաշրջանում ստեղծվում է նոր իրավիճակ։ Եթե նախկինում հնարավոր էր համարվում ԵՄ Արևելյան գործընկերության և Ասոցացման քաղաքականության հովանու ներքո հարավկովկասյան պետությունների ինտեգրացիոն գործընթացների միջոցով տարածաշրջանային բոլոր երկրների շահերից բխող և անվտանգության առումով փոխվստահության ամրապնդմանը միտված տնտեսական միասնական տարածքի ձևավորում, ապա հրաժարվելով ԵՄ-ի հետ ասոցիացումից և միանալով ՌԴ կողմից ղեկավարվող և ձևավորվող նոր միութենական կառույցներին` Հայաստանը տնտեսապես և քաղաքականապես վերածվում է իր հարևանների հետ անհամատեղելի տնտեսական համակարգի պատկանող, իր հարևանների հետ սահմանները ՄՄ վերպետական կառույցի վերահսկմանը հանձնած անկլավի։
– Որպես ՆԱՏՕ-ում հայաստանյան առաքելության նախկին աշխատակից` ինչպե՞ս եք գնահատում այն հիմնավորումները, որ այդ ընտրությունը պայմանավորված էր ազգային անվտանգության ապահովման նկատառումներով:
– Անվտանգության քաղաքականության առումով նույնպես, օտարերկրյա ռազմակայանի առկայությամբ և արդեն իսկ իր երկրի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունն այլ պետության վերապահած երկիրը հաջորդ քայլով տվյալ երկրին է հանձնում նաև իր տնտեսական ինքնուրույնությունը։ Այս քայլի հետևանքը ոչ միայն տնտեսական մեկուսացումն է ու անսահման կախվածությունն է մեկ գերուժից, այլև Ադրբեջանի հետ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում` միջազգային հանրության կողմից` որպես ոչ անկախ և ժողովրդավարության ճանապարհից շեղված պետության ընկալումը և համապատասխան վերաբերմունքը, իսկ հարևան Վրաստանի համար` ռազմական սպառնալիքի պլացդարմ դառնալը։ Ո՞վ կարող է երաշխավորել, որ օրերից մի օր Հայաստանում տեղակայված ՌԴ ռազմական ուժերը չեն օգտագործվի հարևան Վրաստանի դեմ։ Այդ դեպքում Վրաստանի պատասխան քայլը կլինի ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի աջակցությամբ Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրումներն արգելելը։ Նման պարզագույն վերլուծությունները ցույց են տալիս այն վտանգները, որոնք շատ իրական կդառնան ՌԴ հովանու ներքո ստեղծվող նոր միություններին անդամակցելուց և անկախության վերջին փշրանքները կորցնելուց հետո։ Եվ նման ավանտյուրայի գնացող Հայաստանի իշխանությունը դեռ համարձակվում է` որպես ՌԴ-ի կողմից վերականգնվող նոր միություններին անդամակցելու պատճառ բերել անվտանգության խնդիրը։ Ումի՞ց է բխում այդ սպառնալիքը։ Թուրքիայի՞ց։ Դա ամենաքիչն անհեթեթություն է` այն պարզ պատճառով, որ լինելով ՆԱՏՕ-ի անդամ` այդ երկիրն այնքան է ինտեգրված կազմակերպության ռազմական և քաղաքական կառույցներում, որ ի վիճակի չէ առանց դաշնակիցների քաղաքական համաձայնության և ռազմական փոխգործակցության` քիչ թե շատ լուրջ ռազմական գործողություններ ձեռնարկել։ Իսկ մտածել, որ Թուրքիան պատրաստ է հրաժարվել ՆԱՏՕ-ից հայերի ցեղասպանությունն ավարտին հասցնելու համար, առնվազն անտրամաբանական է։ Այսօր Հայաստանը կանոնավոր, մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով հագեցած բանակ ունի և ունակ է ցանկացած պետության զսպել ռազմական ագրեսիայի գայթակղությունից։ Նույնը վերաբերում է նաև Ադրբեջանին։ Եթե Ադրբեջանը չգիտակցեր, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում Հայաստանը հարվածելու է նավթագազամուղերին` կոլապսի ենթարկելով այդ երկրի տնտեսական միակ հզորությունը, ապա արդեն վաղուց սկսած կլիներ պատերազմը։ Այդ դեպքում ումի՞ց է պաշտպանում Հայաստանը ՌԴ ռազմակայանը։ Գուցե Վրաստանի՞ց։
– Տեսակետ կա, որ քանի դեռ չեն կարգավորվել հայ-թուրքական հարաբերությունները, չի լուծվել Ղարաբաղյան հիմնահարցը, Հայաստանը կարիք է ունենալու անվտանգության արտաքին երաշխավորի, որի դերում հանդես է գալիս Ռուսաստանը: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի անվտանգության ապահովման համակարգը:
– Առաջարկում եմ մի պահ ենթադրել, որ Հայաստանն ու Ադրբեջանը լուծել են ԼՂ խնդիրը, Թուրքիան էլ բացել է սահմանը։ Այդ դեպքում ի՞նչ գործ կունենա ՌԴ ռազմական ներկայությունը Հայաստանում, այն էլ` ՀՀ հարկատուների հաշվին։ Ուրեմն ո՞ւմ է ձեռնտու լարվածության պահպանումն Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Ո՞ւմ է ձեռնտու հարաբերությունների վատթարացումը Վրաստանի և Իրանի հետ։ Ո՞ւմ է ձեռնտու ներկա սոցիալ-տնտեսական աղետալի վիճակը, երբ կարելի է տիրանալ երկրի տնտեսական հզորություններին և կեսդարյա մենաշնորհներ սահմանել։ Եվ չմոռանանք, հանուն ո՞ր բացահայտ հայտարարված նպատակի է տվյալ գերուժը նման քաղաքականություն վարում Հայաստանի հանդեպ։ Այդ բացահայտ հայտարարված նպատակը ՍՍՀՄ-ի շուկայական հարաբերություններին ադապտացված մոդելի վերականգնումն է, այսինքն` ՀՀ անկախության կորուստը։ Ստացվում է, որ Հայաստանին սպառնացող հիմնական վտանգն անկախության կորուստն է։ Որևէ երկրի համար անկախությունն ինքնանպատակ չէ, որ ասեն` դրոշ ունենք, հիմն ունենք, և հպարտանան դրանով։ Անկախությունն առաջին հերթին` հայրենիքի անվտանգությունը երաշխավորելու միջոց է, դրա համար անհրաժեշտ որոշումների ընդունման պատասխանատվություն, և սպառնալիքների դեպքում` համապատասխան միջոցների կիրառման ունակություն։ Նոր միութենական կազմավորման անդամակցելուց հետո Հայաստանը կզրկվի վերը թվարկված բոլոր լծակներից, և անկախ նրանից, թե Հայաստանի իշխանությունները կընտրվեն ազատ ընտրությունների՞ միջոցով, ինչն անհավանական է նոր միութենական պետության դեպքում, թե՞ կնշանակվեն միության ղեկավարների կողմից, ինչն, ի դեպ, կայացած փաստ է, երկրի սոցիալ-տնտեսական և անվտանգության, մարդկանց բարեկեցության և ապահովության խնդիրների լուծումն այլևս Հայաստանի բնակիչների և կառավարիչների կամքից չէ կախված լինելու։ Իսկ այն, որ որևէ կայսրություն շահագրգռված չէ, որ իր կողմից նվաճվածն իրենից բարեկեցիկ և ապահով կյանքով ապրի, ապացուցել պետք չէ։ Հայաստանն արդեն իսկ, շնորհիվ իր կառավարության վարած քաղաքականության, իր բնութագրով լիովին համապատասխանում է խամաճիկ պետություն եզրին։
– Հնարավոր համարո՞ւմ եք հրաժարումն արդեն ընդունված որոշումից, թե՞ Հայաստանի ապագան ևս 70 տարով կապվել է Ռուսաստանի հետ:
– Նման իրավիճակի միակ ելքն իշխանափոխությունն է։ Բայց ոչ ինքնանպատակ իշխանափոխություն` մի խամաճիկ ռեժիմը մեկ այլ խամաճիկ ռեժիմով փոխարինելու համար, այլ իշխանափոխություն` հանուն անկախության, ազատության և համամարդկային արժեքների գերակայության։ Հայաստանի ժողովուրդը հպարտ, արժանապատիվ և գիտակից ժողովուրդ է։ Պատմականորեն անկախության կորստի դեմ պայքարը պարունակում է ժողովրդին համախմբող և միավորող ազգային արժանապատվության գիտակցման հզոր ներուժը։ Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական դժգոհություններն ու բողոքի դրսևորումները հասունացնելու են ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պայքարելու անհրաժեշտության գիտակցումը, և հակամաքսային, հակաեվրասիական, հակաիմպերիական հզոր շարժում Հայաստանում ոչ միայն հնարավոր է, այլև անխուսափելի է։
– Հայաստանում հակամաքսային շարժում սկսելը կարծես անհույս գործ է, քանի որ և՛ էլիտան, և՛ հասարակության մեծ մասը հրճվում է Մաքսային միությանն անդամակցելու հեռանկարից: Բացառությունները շատ փոքրաթիվ են:
– Պատմությունը նաև ցույց է տալիս, որ նվաճող պետություններին միշտ անհրաժեշտ է եղել հենասյուն` իրենց նվաճումը նվաճված ժողովրդի համար ընկալելի և ընդունելի դարձնելու, տեղացի դրածոների միջոցով կառավարելու համար։ Եվրոպայի պատմությունը լի է փաստերով, թե ինչպես են նվաճող պետությունները հմտորեն իրենց կողմը գրավում և, առաջին հերթին` հիմնվում տեղական ֆեոդալների վրա։ Զուգահեռներ անցկացնելով ներկայիս Հայաստանի հետ` ստանում ենք մոտավորապես նույն պատկերը։ Հիմնականում մեծ բիզնեսի կապիտալի միջոցով ստեղծված, վերափոխված կամ գոյություն պահպանող քաղաքական ուժերն ուղղակի կամ անուղղակի կերպով հավատարմության երդում են տալիս երկրի անկախության վրա ոտնձգություն կատարող պետությանը` իրենց սնող կապիտալի տերերի դիրքերի ստատուս-քվոյի պահպանման համար։ Եվ դա բնական է, քանի որ արժեքային համակարգի առումով նրանք ոչ մի հակասություն չունեն գործող ռեժիմի հետ։ Նույնիսկ ավելին։ ԵՄ-ի հետ ասոցիացումը հանգեցնելու էր խաղի կանոնների, այն է` արժեքային համակարգի փոփոխության, ինչը սպառնում է տվյալ բիզնեսատերերի առկա մենաշնորհային դիրքերին։ Պայմանական ասված` ՌԴ-ի կողմից ղեկավարվող որևէ միության կազմում խաղի կանոնների փոփոխություն չի ակնկալվում։
– Ընդդիմությունը կամ նրա հիմնական մասը` իր մոտեցումներով, կարծես թե շատ չի տարբերվում իշխանությունից:
– Այո, տեսեք, թե ինչ գաղափարական մոտեցումներ է առաջարկում հայաստանյան ընդդիմությունը։ Մենք ավելի ազնիվ և երկրի համար մտահոգ ենք, քան գործող ռեժիմը, Արևմուտքը աչք է փակում գործող ռեժիմի հանցագործությունների վրա և դավաճանում իր իսկ դավանած արժեքներին, և դա ապացուցում է, որ մեր միակ դաշնակիցը և անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է, որի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ պայմանավորված է ՀՀ իշխանությունների հանդեպ վստահության կորստով։ Իշխանության գալուց հետո մենք վստահելի կլինենք ՌԴ-ի համար, և ամեն ինչ լավ կլինի։ Այս քարոզչությունը ոչ միայն համոզիչ չէ, այլև կոտրում է մարդկանց դիմադրողականությունը, պայքարի կամքը, արժանապատվությունը։ Ինչպե՞ս կարելի է արժանապատիվ մարդուն բերել պայքարի, երբ, օրինակ, ի վերուստ հայտարարվում է անկախության հաշվին ՌԴ միություններին միանալու անխուսափելիության մասին։
– Ստացվում է, որ Հայաստանի անկախության կորուստը կանխորոշված է ու անխուսափելի։
– Ամենևին էլ` ոչ։ Պատմության հեգնանքը կայանում է հենց նրանում, որ հենց անխուսափելի կործանման հեռանկարն է մարդկանց և ժողովուրդներին մղել հերոսության, պայքարի ու հաղթանակների։ Ազգային հպարտությունն ու արժանապատվությունն են համախմբել մարդկանց և ժողովուրդներին։ Պետականության հզորագույն ֆորմացիաները ստեղծվել են ազգ-պետությունների ձևավորման հետևանքով։ Նորից զուգահեռներ անցկացնելով` կարելի է նշել, որ կարդինալ Ռիշելիեն արտաքին վտանգները դիմակայելու համար կենսունակ համարեց ոչ թե կրոնական, այլ ազգային-ազատագրական գործոնը` սկիզբ դնելով պետականության հզորագույն ֆորմացիայի` ազգ-պետության ձևավորմանը։ Իսկ ազգային անկախության կորստի եզրին գտնվող Հայաստանում կուսակցական գաղափարախոսություններն ավելի շատ հիշեցնում են կրոնական դոգմաներ` փաթեթավորված հստակ հաշվարկների և շախմատային հանճարեղ քայլերի պատրանքով։ Իսկ գուցե ավելի լավ է նախ` հաղթահարել սեփական վախը վերաստեղծվող կայսրության հանդեպ, հետո ազնիվ և շիտակ լինել ժողովրդի հետ, բացատրել իրավիճակի լրջությունը և ապավինել ոչ թե ռուսաստանյան, գուցե և` բարեկամաբար տրամադրված, որոշ ուժերին, այլ սեփական ժողովրդի ազգային արժանապատվությանը, անկախ պետություն ունենալու ձգտմանը և հավաքական ուժին։