Երբ անցյալը սևացնում է պայքարի կիրքը

Եթե ուզում ես մարդու էությունը ճանաչել` պաշտոն տուր, իսկ երբ մարդիկ զրկվում են իրենց աթոռներից` մոռանում են, թե ինչն ինչից հետո էր, և, թե հենց իրենք պաշտոնավարման ընթացքում ինչ են արել:
Սրա վառ ապացույցն օրերս երևաց ԲՀԿ համագումարի ժամանակ. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե «հանրապետությունում իրականացվող տնտեսական և սոցիալական անպտուղ քաղաքականության պարզ օրինակ է կենսաթոշակային, այսպես կոչված, ռեֆորմը: Սրանից ավելի անմարդկային և անարդյունավետ քայլ ես չեմ էլ պատկերացնում այնպիսի մի երկրում, որտեղ պաշտոնապես յուրաքանչյուր երրորդ մարդն աղքատ է»:
Չվիճարկելով աղքատության բարձր և կենսաթոշակի ցածր մակարդակը հանրապետությունում, հարկ է հիշել, թե ում իշխանության օրոք և ինչպես սկսվեցին կենսաթոշակային բարեփոխումները:

Երբ նրանց նախարարները կառավարության կազմում էին
«Հայաստանի կենսաթոշակային համակարգը պակասորդ կունենա 2021-ից և կսնանկանա 2026-ին, եթե զգալի փոփոխություններ տեղի չունենան թե՛ համակարգում, թե՛ սոցիալական հատկացումներում, թե՛ տնտեսական պայմաններում»: Սա մեր երկրում գործող կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագրի եզրակացությունն է, որը տրվել է գրեթե 10 տարի առաջ` կատարված ուսումնասիրություններից հետո: Այս և բազմաթիվ այլ միջազգային և տեղական փորձագետների, ֆինանսական կառույցների ուսումնասիրությունների արդյունքում Հայաստանի այն ժամանակվա կառավարությունը` վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ղեկավարությամբ, 2005-ի ապրիլի 28-ին որոշում ընդունեց ՀՀ կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումների հայեցակարգային մոտեցումները հաստատելու մասին, ապա 2006-ին` արդեն հայեցակարգը հաստատելու մասին: Այդ հայեցակարգով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հանձնարարվում էր ապահովել կենսաթոշակային համակարգի բարեփոխումների կատարումը:
Ովքե՞ր էին այդ տարիներին կառավարության կազմում, որ ոչ միայն դեմ չէին արտահայտվում նոր համակարգին, այլև անմիջականորեն ապահովում էին «բարեփոխումների աշխատանքների կատարումը», ինչը կառավարության որոշմամբ հանձնարարվել էր նրանց: 2003-2008-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ՀՅԴ-ն ներկայացնող Աղվան Վարդանյանն էր, 2008-2009-ին` Արսեն Համբարձումյանը, իսկ 2005-2007-ին աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը եղել է Արծվիկ Մինասյանը: Երբ ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից, նրա տեղը գրավեց ԲՀԿ-ն: Հենց այս կուսակցությանն էր տրվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը: 2009-2012 թթ. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներ են եղել ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը, Մխիթար Մնացականյանը և Արթուր Գրիգորյանը: Սրանք այն տարիներն էին, երբ կենսաթոշակային բարեփոխումների փաթեթն ամփոփվեց և ներկայացվեց Ազգային ժողովի քննարկմանը: 2010-ի դեկտեմբերի 22-ին, երբ ԱԺ-ն ընդունեց կենսաթոշակային բարեփոխումների օրենսդրական փաթեթը, ԲՀԿ պատգամավորական խմբակցությունը կողմ քվեարկեց դրան: Դաշնակցական պատգամավորները նույնպես դեմ չէին այս փաթեթին, և, ըստ էության, նրանց «ձեռնպահն» ավելի շուտ կողմ էր փաթեթի ընդունմանը, քան դեմ, քանի որ այն նպաստում էր քվորումի կայացմանը: Սակայն, եկավ կոալիցիոն կառավարությունից դուրս գալու` ԲՀԿ-ի ժամանակը, և միանգամից այս կուսակցության պատգամավորներն էլ սկսեցին համարել, որ կենսաթոշակային բարեփոխումներն «անմարդկային և անարդյունավետ» են:
Ի՞նչ է փոխվել ԲՀԿի ու ՀՅԴի` իշխանությունից հեռանալուց հետո

Ներկայումս կուտակային համակարգում ընդգրկվածները պարտադիր կերպով պետք է իրենց բազային աշխատավարձից 5% փոխանցում անեն, և նույն չափով էլ նրանցից յուրաքանչյուրի հաշվին պետական բյուջեից է փոխանցվում: Մինչդեռ 2006-ին, երբ ՀՀ-ում հաստատվել է կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումների հայեցակարգը, նախատեսվում էր, որ աշխատողների անհատական հաշիվներին պարտադիր կերպով պետք է փոխանցվի աշխատավարձի 10 %-ի չափով գումար՝ առանց պետական մասնակցության: Այսինքն՝ ստացվում է, որ այսօր պայքարող քաղաքական ուժերի մի մասը կողմ է եղել նախկին դրույթին` 10%-ն ամբողջությամբ աշխատավարձից փոխանցելուն, այն մի պայմանով, որ իրենք էլ լինեն իշխանության մեջ և կառավարության մաս կազմեն:
Այսպես թե այնպես, ցանկացած քաղաքական ուժ, այդ թվում` նույն ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, ապագայում իշխանության ղեկին հայտնվելու դեպքում, բախվելու է կենսաթոշակային համակարգի բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտությանը: Պատճառը մեկն է ու անշրջելի` տարեցտարի կենսաթոշակառուների թիվն աճում է, իսկ աշխատողների թիվը` նվազում: Ժողովրդագրական խնդիրներով պայմանավորված կենսաթոշակային համակարգի փոփոխության անհրաժեշտության մասին բազմիցս հայտարարել են նաև ընդդիմադիր գործիչները` կասկած հայտնելով միայն ներկայիս իշխանության կոմպետենտության հետ կապված: Այսօրվա պաշտոնյաներն էլ պնդում են, թե ներկայիս կառավարությունը կարող էր և չիրականացնել այս փոփոխությունները` շեշտելով, թե դրանց «արդյունքներն ինքը չի վայելելու, քանի որ դրանք դրսևորվելու են առնվազն 23 տարի հետո», ու փոխարենը` կարող էր պարտադիր կուտակային համակարգի մասնակիցներին պետական բյուջեից հատկացվող 21 մլրդ դրամն ուղղել այսօրվա կենսաթոշակառուների կենսաթոշակի ավելացմանը և դրանով քիչ թե շատ բարձրացնել իր վարկը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս