«Հայերն առողջության համար պատրաստ են ամեն ինչի…»
Ուռուցքի բացահայտման և կանխարգելման PET/CT հետազոտություն
Պոզիտրոնային էմիսիոն և կոմպյուտերային տոմոգրաֆիայի յուրօրինակ համադրումը հնարավորություն է ընձեռում ոչ միայն ստանալ նյութափոխանակության գործընթացի, այլև ներքին օրգանների, հյուսվածքների և կմախքի հատվածների պատկերումներ: Այն բոլորովին անվտանգ է: PET/CT-ն կիրառվում է վաղ շրջանի ուռուցքների բացահայտման համար, քաղցկեղի բուժման ընթացքում և ուռուցքի բարորակ կամ չարորակ տեսակը որոշելու համար, ինչպես նաև՝ ուռուցքի տարածվածությունը հարևան հյուսվածքներում և ավշային հանգույցներում:
Մինչ պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիան ի հայտ է բերում քաղցկեղի նույնիսկ ամենաչնչին տարրերը (մինչև 5 մմ տրամագծով ուռուցք), կոմպյուտերային տոմոգրաֆիան հստակորեն որոշում է դրանց տեղակայումը: Սույն տեխնոլոգիան թույլ է տալիս առավել հստակորեն որոշել ուռուցքի տեղակայումը, առավել մանրակրկիտ հետևել հիվանդության զարգացմանը, օպտիմալ ձևով ընտրել անհատական թերապիա և հետևել դրական փոփոխություններին: Օրինակ՝ PET/CT-ի օգնությամբ կարելի է վստահ լինել, թե ինչ արդյունավետություն է ունեցել քիմիաթերապիան, և հաստատել հիվանդության կրկնվելը կամ դրա բացակայությունը: PET/CT-ն լայն կիրառություն է գտել աշխարհում միայն վերջին տարիներին: Ոլորտները, որտեղ այս մեթոդը լայնորեն կիրառվում է, չեն սահմանափակվում միայն ուռուցքաբանությամբ: Պոզիտրոն-էմիսիոնային/համակարգչային տոմոգրաֆիան որոշիչ դեր է խաղում նաև էպիլեպսիայի օջախի որոշման համար, նյարդաբանական հիվանդությունների, օրինակ՝ Ալցհայմերի բուժման ժամանակ: PET/CT-ի առավելությունը նրանում է, որ միաժամանակ անցկացվում է երկու հետազոտություն: Այդպիսով, հիվանդները կարող են կրճատել բուժման ծախսերը, ինչպես նաև՝ ստանալ առավելագույն ճշգրիտ արդյունք:
Ի՞նչ արժե բուժումն արտերկրում
Գերմանական Ֆրայբուրգ քաղաքի համալսարանական կլինիկայի 2013թ. հիմնված հայաստանյան ներկայացուցիչը` «ԳերմԱրմ» ընկերությունը, առաջարկում է անցնել նշված հետազոտությունը Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայում:
Բժշկական այս կենտրոնը Հայաստանում բժշկական ծառայություններ չի մատուցում, այլ օգնում է հիվանդներին մեկնել Գերմանիա, հետազոտություններ անցկացնել, մասնագիտական խորհրդատվություն, ապա նաև՝ համապատասխան բարձրակարգ մասնագետների մոտ բուժում ստանալ: Եվ այս ամենը ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ 50 տոկոս հատուկ զեղչված գներով:
168.am-ի հետ զրույցում կենտրոնի տնօրեն Սաթենիկ Առաքելյանը նշեց, որ իրենք իրականացնում են նաև հիվանդների հետազոտությունների գերմաներեն թարգմանությունները, որոնք ուղարկվում են Գերմանիա. «Այնտեղ բժիշկները նայում են դրանք և տեղեկություն են ուղարկում տվյալ հիվանդի և հիվանդության մասին, թե որքա՞ն ժամանակ կտևի բուժումը, ի՞նչ մեթոդներով պետք է բուժվի տվյալ հիվանդը: Դրանից հետո մենք տեղեկացնում ենք հիվանդին այս ամենի մասին, և նա ինքը որոշում է՝ մեկնե՞լ Գերմանիա, թե՞ ոչ: Եթե որոշում է, որ պետք է մեկնի, սկսվում է վիզայի տրամադրման հետ կապված գործընթացը, և, եթե անհրաժեշտություն է լինում, շատ շտապ է մեկնելու, ապա մենք նույնիսկ մի քանի ժամվա ընթացքում ենք իրականացնում վիզայի տրամադրումը, այսինքն՝ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան հետ մեր կենտրոնը համագործակցում է»: Ս. Առաքելյանն ասաց, որ կենտրոնին հիմնականում դիմում են այն մարդիկ, որոնք Հայաստանում անցել են հետազոտությունները, բուժում են ստացել, և արդյունք չունենալու պատճառով՝ որոշում են բուժումը կազմակերպել արտերկրում. «Հայաստանում արված հետազոտությունները մենք փոխանցում ենք գերմանացի մեր գործընկերներին»:
Մեր հարցին, թե արդյոք լինո՞ւմ են դեպքեր, երբ Գերմանիայից մերժում են հիվանդների հայցերը, ընկերության գերմաներենի մասնագետ Մարիա Բալայանն ասաց. «Մերժում են միայն այն դեպքում, երբ այլևս օգնելու եզրեր չկան, այսինքն՝ նրանք չեն նայում այնպես, կարծես մեր հիվանդն իրենց համար պոտենցիալ փողաբեր աղբյուր է: Եթե զգում են, որ չեն կարող մարդուն ոչնչով օգնել, երբեք չեն ասում՝ ուղարկեք հիվանդին, ու այդպես էլ առանց բուժելու ճանապարհեն: Ունեցել ենք դեպքեր, որ մերժել են տվյալ մարդուն` տեսնելով, որ այլևս չեն կարող ոչինչ անել»:
Մ. Բալայանը նշեց, որ Հայաստանում հիմնականում օնկոլոգիական հիվանդությունների, ողնաշարային ճողվածքների, մանկական շաքարային դիաբետի համար են շատ դիմում ու հարցումներ անում:
Իսկ հարցին, թե որքանո՞վ են գները մատչելի մարդկանց համար, կենտրոնի աշխատակիցները պատասխանեցին, որ չնայած այս ծառայությունները հայաստանյան կենսամակարդակի ցածր լինելու պատճառով այնքան էլ հասանելի չեն բոլորին, բայց առողջության համար, մանավանդ՝ հայերը, պատրաստ են ամեն ինչի. «Մենք աշխատում ենք հնարավորինս մատչելի՝ համեմատած նույն հենց գերմանացու ստացած բուժծառայության գների հետ, որովհետև կա պայմանավորվածություն հիվանդանոցի հետ, ըստ որի՝ մենք սպասարկվում ենք անմիջականորեն: Գերմանիայում կա սիստեմ, համաձայն որի՝ դրսից գնացող հիվանդներն անցնում են միջազգային հիվանդների բաժնով, որն իրականացնում է այն նույն ծառայությունը, ինչն այստեղ մենք ենք իրականացնում, և գանձում են շատ մեծ թվով գումարներ: Մեզ հաջողվել է շրջանցել այդ բաժինը, և մենք կարողանում ենք անմիջական կապ հաստատել բժիշկների հետ: Այդ պատճառով մեր հիվանդն ահագին գումար է խնայում (5-10.000 եվրո իրենց միջնորդավճարը կարող է արժենալ)»:
Տնօրենը նշեց, որ առայժմ շատ մեծաքանակ դիմողներ չունեն. «Ամեն դեպքում, մեր ընկերության պատմության մեջ արդեն բազմաթիվ մարդիկ մեկնել են, ու, կարծում եմ, գոհ են, քանի որ դժգոհություններ մեր ականջին չեն հասել»:
Խոսելով բժշկական ծառայությունների գների մասին, Մ. Բալայանը նշեց, որ իրենք ոչ բոլոր դեպքերում կարող են հստակ ասել, թե որքան կկազմի գումարը. «Եթե հիվանդը գնում է հետազոտության, փորձի բերումով՝ ունենք ֆիքսված, փոքր-ինչ տատանվող վճար: Իսկ ինչ վերաբերում է վիրահատություններին, երբեք չենք կարող ասել, թե որքան այն կկազմի: Ասենք՝ կար մարդ, որ պետք է վիրահատվեր, բայց ուներ սրտի խնդիր, և դա նշանակում է, որ վիրահատությանը պետք է ներկա լինի նաև կարդիոլոգը: Այսինքն` կողքից ուղեկցվող հիվանդությունները կարող են էական տարբերություն առաջացնել գնի մեջ: Երբեք չենք ենթադրում՝ վիրահատությունները որքան կլինեն, բայց բավականին թանկ արժեն՝ 15.000 եվրո և ավելի»:
Հարցին, թե ինչպիսի՞ մասնագետներ են աշխատում հիվանդների հետ, Սաթենիկ Առաքելյանը պատասխանեց, որ իրենց հիվանդները բուժվում են միայն պրոֆեսորների մոտ. «Դա ի սկզբանե համագործակցության հիմքում է դրվել, քանի որ նախընտրում ենք մի քիչ բարձր գնով մեկ հոգի ուղարկել պրոֆեսորի մոտ, քան մի քանի հոգի՝ միջին բժշկի մոտ, քանի որ միջին և վատ բժիշկ նույնիսկ Գերմանիայում կա»: