Մետրոպոլիտենի տնօրենը` հեռացված աշխատակիցների մասին. Մարդիկ կան՝ 30 տարի իրար հետ համատեղ կյանքով ապրելուց հետո, էլի բաժանվում են
Ինչպես հայտնի է, Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի երեք աշխատակիցները կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիայից հետո հեռացվել են աշխատանքից: Նրանք նշում են, որ դա, հավանաբար, պայմանավորված է եղել իրենց՝ բողոքի ակցիային մասնակցելու հանգամանքով: Աշխատանքից ազատված աշխատակիցները նշում են նաև, որ իրենց պաշտոնապես ազատել են անվստահություն հայտնելու հիմքով, սակայն ղեկավարությունը մասնավոր ցրույցներում իրենց ասել է, որ աշխատանքից ազատվում են կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ Մետրոպոլիտենի վարչական շենքի դիմաց բողոքի ակցիա կազմակերպելու, «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամներին հրավիրելու և հարցազրույց տալու համար:
Արձագանքելով այս հայտարարություններին՝ Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նման բան չի եղել: «Ո՞վ, ո՞վ: Կոնկրետ ասեք՝ ես այդ մարդուն հրավիրեմ այստեղ, իրեն էլ ձայնագրեք: Այդպիսի մարդ չկա, որ կարող է այդպիսի բան ասել ղեկավարությունից: Իր ղեկավարը եղել է տեղում, անձամբ ստուգել է գրառումները, շահագործման կանոնների պահպանման ձևերը: Իր մոտ, իր ներկայությամբ ֆիքսել է թերությունները և զեկուցագիր է գրել մասնաճյուղի պետին, մասնաճյուղի պետն էլ համապատասխան հրամանի նախագիծ է պատրաստել»,- ասաց Մետրոպոլիտենի տնօրենը:
Անդրադառնալով աշխատանքից ազատված աշխատակիցների այն պնդումներին, որ պաշտոնական հիմնավորմամբ՝ իրենց աշխատանքից ազատել են անվստահություն հայտնելու հիմքով, սակայն այդ հիմքով իրենց աշխատանքից ազատելու համար 1 տարվա ընթացքում 2 նախազգուշացում պետք է ստանային, ինչը չի եղել, Փայլակ Յայլոյանն ասաց. «Սխալ են ասում իրենք: Եթե անվստահություն է հայտնում անմիջական պետը, մասնաճյուղի պետը կամգլխավոր ինժեները, իրենց բազմաթիվ անգամ դիտողություններ են անում, ու նրանք չեն հասկանում դա, ուրեմն՝ կարևորագույն օբյեկտ, ինչպիսին է՝ շարժասանդուղքների մեքենայասրահը, նրանց վստահել չի կարելի, մանավանդ որ, կամերաները ֆիքսում են, թե նրանք դրսից ում են ներս բերում, ում են տանում, և այլն, և այլն: Նրանք անվստահություն են հայտնում այդպիսի աշխատակիցներին»:
Փ. Յայլոյանը վստահեցնում է՝ 3 անձանց աշխատանքից ազատելն օրինական է եղել. «Օրենքի համապատասխան հոդվածով մասնաճյուղի պետը նրանց ազատման է ներկայացրել»: Անդրադառնալով «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամների տարակուսանքին՝ ինչպե՞ս է ստացվել, որ 15 տարի Մետրոպոլիտենում աշխատած անձինք աշխատանքից ազատվել են բողոքի ակցիային մասնակցելուց հետո, Փ. Յայլոյանն ասաց. «15 տարին ոչ մի բան չի ասում: Մարդիկ կան՝ 30 տարի իրար հետ համատեղ կյանքով ապրելուց հետո, էլի բաժանվում են իրարից»:
Փ. Յայլոյանն ասաց նաև, որ դատարան դիմելն աշխատակիցների իրավունքն է. «Կարող են դիմել, խնդիր չկա»:
Փ. Յայլոյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք քննարկվե՞լ է ավելի վաղ աշխատակիցների կողմից ներկայացված դիմում-բողոքը: «Այդ դիմում-բողոքը հայտնի դիմում-բողոք է, որ պտտվում է ամբողջ ինտերնետում: Դա նորություն չէ, ու այդ հարցը մենք չենք քննարկում: Այդ հարցը Սահմանադրական դատարանը համապատասխան ժամկետում կքննարկի: Ինչ որոշում որ ընդունի, մեզ համար օրենք կլինի»,- ի պատասխան՝ ասաց Փ. Յայլոյանը: