Վահրամ Բաղդասարյան. «Բոլոր լավ և վատ արած գործերի համար կառավարությունը ժամանակին պատասխան է տալու»

«Ինձ թվում է՝ մենք բավականին լուրջ խնդիիրներ ունենք օրենսդրական դաշտում, ազատ շուկայական հարաբերությունների ստեղծման ոլորտում, տնտեսության դինամիկ զարգացման հետ կապված»,- այսօր ասուլիսի ժամանակ նկատեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը:

Անդրադառնալով Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակին՝ նա նշեց, որ Մաքսային միության հետ հարաբերություններ սկսելուց հետո իրենք շատ հստակ պետք է կարողանան օրենսդրական դաշտն  այնքան մատչելի և հասանելի դարձնել հասարակությանը, որ մարդիկ հասկանան, թե նշված քաղաքական քայլը հետագա ի՞նչ նպատակներ է հետապնդում և տնտեսության վրա ինչպիսի՞ ազդեցություններ կարող է ունենալ.

«Այսինքն՝ մենք պետք է ամեն ինչ սկսենք օրենսդրական դաշտից: Մենք  ժամանակի ընթացքում բավականին բացթողումներ ենք ունեցել, քանի որ հապճեպ բերված օրենքները, հապճեպ փաթեթները բավականին բացասական ազդեցություն են ունեցել տնտեսության զարգացման վրա, որովհետև դրանք հասանելի չեն եղել մարդկանց:

Օրինակ, բյուջեի քննարկման ժամանակ՝ 15, նույնիսկ 20 տարի շարունակ, անընդհատ բերվում էր մի հաստափոր փաթեթ, որը մարդկանց հասանելի չէր լինում: Ու դրանից մեկ-երկու ամիս հետո անընդհատ փոփոխություններ էին լինում, այն էլ՝ հարկային փաթեթում: Իսկ դա խնդիր է, քանի որ նորմալ, զարգացած երկրներում, երբ օրենքն ուժի մեջ է մտնում, 3 տարի այդ օրենքում փոփոխություններ չպետք է կատարվեն»:

Կարդացեք նաև

Վ. Բաղդասարյանն ասաց, որ պետք է կարողանան այնպիսի օրենքներ ներդնել, որպեսզի այդ օրենքներն անընդհատ հապճեպ փոփոխությունների չենթարկվեն: Հստակեցումներ պետք է մտցվեն, որպեսզի օրենքը լողալու տեղ չունենա.

«Այսինքն` չինովնիկներին չպետք է հնարավորություն տան, որ իրենք ընտրություն կատարեն: Առաջին հերթին՝ դրա վրա պետք է աշխատենք մենք` օրենսդիրներս,  ինչպես նաև՝ կառավարությունը, քանի որ բավականին մեծ քանակով օրենքների նախաձեռնությունը կառավարությանն է: Մենք պետք է ամեն ինչ սկսենք օրենքի դաշտից»:

Պատգամավորն ասաց, որ չէր ցանկանա առանձնացնել առանձին ոլորտներ, քանի որ բոլոր ոլորտներում էլ կան խնդիրներ, որոնք պետք է կարգավորվեն. «Դա չի նշանակում, որ այդ խնդիրները կապված են միայն օրենքի հետ: Օրինակ, մենք ասում ենք՝ կոռուպցիա: Կոռուպցիայի լիարժեք սահմանումը, անկեղծ ասած, մինչև այսօր որևէ մեկը չի կարողացել հստակ տալ: Այդ խնդիրների դեմ պայքարելու հետ կապված՝ մենք չենք կարծում, որ միայն կաշառակերությունն է, որի դեմ պետք է պայքարենք (միջնորդություններ, զանգեր և այլն)»:

Ըստ նրա` արդարադատության ոլորտում կան շատ խնդիրներ.  «Երբ մենք ուսումնասիրել ենք մարդկանց դժգոհությունները, դրանք հիմնականում ոչ թե սոցիալական խնդիրների, այլ պաշտպանվածության հետ են կապված, որովհետև իրենք իրենց պաշտպանված չեն զգում: Երբ արտագաղթող մարդկանց հետ բավականին երկար խոսում ենք, նկատում ենք, որ իրենք ապագան, հույսը չեն տեսնում: Մենք պետք է կարողանանք մեր օրենքների, ծրագրերի միջոցով այնպիսի ներշնչանք տարածել, որ մարդն ապագայի նկատմամբ հավատ ունենա, իմանա, թե իր երեխան 5, 10 տարի հետո այս երկրում ինչով պետք է զբաղվի»:

Վ. Բաղդասարյանի խոսքերով՝ իր՝ պատգամավոր եղած տարիներին ինքն անընդհատ քննադատել է իշխանությանը, կառավարություններին, որ երկարաժամկետ ծրագրեր չեն ներկայացնում. «Անընդհատ պահի խնդիր էինք լուծում, որ մենք ենք կառավարեցնում, մեկ, երկու տարի մեր խնդիրները կարգավորենք, բյուջեն կարգավորենք, և այլն: Այսինքն՝ ապագայի նկատմամբ հույսը չկար: Ինձ թվում է, որ կուտակային կեսաթոշակային փաթեթի հետ կապված դժգոհությունները հիմնականում ծագել են նրանից, որ չկա հավատն ապագայի նկատմամբ, քանի որ կար ավանդների դառը փորձը, և մարդիկ մտածում են՝ եթե այս քայլը կատարում ենք, ապա 5-10 տարի հետո ո՞վ է մեզ երաշխիք տալու: Բայց սա կառավարության կարևորագույն քայլերից մեկն է, որով ապագայի հետ կապված երկարաժամկետ ծրագիր է ներկայացրել: Բազում երկրներում այս խնդիրը բավականին լուրջ դրական ազդեցություն է ունեցել, և մարդիկ գոհ են»:

Բանախոսն ասաց նաև, որ ինքը լուրջ քննարկման է ենթարկել «պարտադիր» բառը. «Ես շատ կցանկանայի, որ մեր իրավիճակը, մեր հավատն ապագայի նկատմամբ այնպես լիներ, որ դա լիներ կամավոր, այդ պարտադիրը մենք մեզ համար ինքներս որոշեինք: Բայց տվյալ պարագայում՝ կա հետաքրքիր խնդիր: Եթե այսօր կառավարությունը  պատասխանատվություն է վերցնում ապագայի հանդեպ և ասում է, որ դա պարտադիր է, բոլոր լավ և վատ արած գործերի համար ժամանակին պատասխան է տալու: Ինձ թվում է, որ մենք պետք է հավատանք կառավարության ծրագրին: Եվ ես հիմքեր չունեմ չհավատալու, երբ որ կարդում եմ այդ ծրագիրը»:

Տեսանյութեր

Լրահոս