Գրիգոր Բադալյան. «Հայաստանում քաղցկեղով տարեկան մոտ 8000 հիվանդ է գրանցվում, որից գրեթե 80-ը երեխաներ են» (տեսանյութ)
«Փետրվարի 15-ը որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր նշելը ունի երկու նպատակ. Առաջինը՝ գրավել հասարակության ուշադրությունը մանկական ուռուցքաբանության խնդիրների նկատմամբ, և երկրորդը՝ գումարների, միջոցների հավաքագրումն է այս խնդիրները լուծելու համար»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ, Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Գրիգոր Բադալյանը:
Նա նշեց, որ այս օրը ընտրվել և հռչակվել է Լյուքսեմբուրգում 2001 թվականին: Ընդունող կազմակերպությունը կոչվում է ICCCPO, այսինքն` քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների և հիմնադրամների միություն. «Մոտ 88 երկրներ արդեն ներգրավված են այս ICCCPO կազմակերպության մեջ, և վերջին տվյալներով մոտ 188 կազմակերպություններ այդ երկրներում նշում են այս օրը: Մեր հիմնադրամը, որը ես ղեկավարում եմ 1993 թվականից (Քաղցկեղով երեխաների բարեկամներ հասարակական կազմակերպությունը), 2003 թվականից ICCCPO-ի անդամ է»,- նշեց Գ. Բադալյանը:
Ըստ պրոֆեսորի` մանակական ուռուցքաբանությունը մի շարք առանձնահատկություններով տարբերվում է մեծահասակների ուռուցքաբանությունից. «Վերջին տվյալներով՝ աշխարհում քաղցկեղով տարեկան հիվանդանում են 290000 մարդիկ, իսկ մանկական քաղցկեղից մահանում են 90000 երեխաներ (խոսքը՝ 0-16 տարեկան երեխաների մասին է): Եվ աշխարում 10 երեխաներից 1-2-ը հիվանդանում են չարորակ ուռուցքով: Հայաստանում քաղցկեղով տարեկան մոտ 8000 հիվանդ է գրանցվում, որից մոտ 80-ը երեխաներ են: Եթե ընդհանուր քաղցկեղը ունի շատացման միտում, ապա մանկական քաղցկեղը մեր երկրում, վերջին 10 տարվա մեջ, այդ միտումը չունի: 2012 թվականին պաշտոնական տվյալներով գրանցվել են չարորակ ուռուցքներով ընդամենը 72 երեխաներ»:
Գ. Բադալյանն ասաց, որ եթե մեծահասակների մոտ ամենահաճախը հանդիպում են թոքի, ստամոքսաաղիքային օրգանների, կրծքագեղձի, արգանդի վզիկի, մաշկի և այլ քաղցկեղի տեսակները, ապա երեխաների մոտ այդ ուռուցքները համարյա թե չեն հանդիպում. «Երեխաների մոտ գերակշռում են ուրիշ, ավելի սարկոմատոզ ուռուցքները: Եթե կոնկրետացնենք, ապա ամենահաճախը այրան քաղցկեղն է` լեյկեմիան, մոտ 20-25% -ը այս ուռուցքով են հիվանդանում: Ուռուցքի մյուս ձևը գալիֆոմաներն են, որոնք ախտահարում են ավշային համակարգը (կազմում են մոտ 15-18 %): Այս երկուսը համարվում են համակարգային հիվանդություններ և ախտահարում են համակարգը: Մյուս ուռուցքները ախտահարում են կոնկրետ օրգանը` երիկամը, ոսկորը, լյարդը և այլն»,-ասաց նա:
Պրոֆեսորի խոսքերով`ժառանգաբար կարող է փոխանցվել ուռուցքի միայն մի տեսակ՝ աչքի չարորակ ուռուցքը. «Երեխաների մոտ այն հանդիպում է 2-4% դեպքերում: Զարգացած երկրներում կան գենետիկ, կոնսուլտատիվ կաբինետներ, որտեղ հսկվում են բոլոր ծնողները: Եթե երեխան հիվանդացել է, ապա ապագայում հսկողությունը լինում է խիստ և արդեն խորացված ցուցումներ են տալիս, ճշտում են, թե ռիսկի գործոնը որքանով է մեծ՝ հետագայում նոր երեխաներ ունենալու համար»:
Գ. Բադալյանը նշեց, որ 1993 թվականին Հայաստանում իր ղեկավարությամբ բացվել է ուռուցքաբանության հիմնադրամը, իսկ 1994-ին՝ մանկական ուռուցքաբանության առաջին բաժանմունքը. «Առաջին 10 տարում մենք բավականին առաջադեմ էինք սովետական միության մյուս հանրապետությունների, մեր հարևան պետությունների համեմատ: Այժմ, ցավոք սրտի, ունենք լճացում: Եթե մենք հետ չենք գնում, համենայնդեպս առաջ էլ չենք գնում, իսկ բժշկության մեջ, առավել ևս ուռուցքաբանության մեջ, այնքան արագ է պրոգրեսը ընթանում, որ եթե մի քանի տարի զարգացած երկրներին մի քիչ զուգահեռ քայլ չանես՝ հետ ես գնում»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: