Հնարավո՞ր է արդյոք նոր պետական հեղաշրջում

Հայաստանի խորհրդարանի չորս ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները. ԲՀԿ-ից` Վարդան Օսկանյանը և Նաիրա Զոհրաբյանը, ՀԱԿ-ից` Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը, և «Ժառանգությունից» Ռուբիկ Հակոբյանը երեկ հանդիպել են և քննարկել առաջիկա քառօրյայի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը:

Կառավարությանն անվստահության հայտնելու հարցում բացարձակ կոնսենսուս կա. բոլոր այս ուժերն էլ համարում են, որ կառավարությունը ձախողվել է իր գործունեության մեջ, և պետք է հասնել նրա հրաժարականին: Տարբերությունները տեխնիկական են. յուրաքանչյուր խմբակցություն ներկայացրել է կառավարությանն անվստահություն հայտնելու իր հիմնավորումները: Որոշվել է երկօրյա ժամկետում համադրել դրանք և կազմել միասնական փաստաթուղթ:

Այդ հիմնավորումները հայտնի են. կառավարությունը ձախողել է իր իսկ կողմից ներկայացված և խորհրդարանի կողմից հավանության արժանացած ծրագրերը. երկրում աղքատության և գործազրկության մակարդակը ոչ միայն չի նվազում, այլև ավելանում է, պակասում են օտարերկրյա ներդրումները, քաղաքացիների եկամուտները տարեցտարի կրճատվում են, իսկ գներն աճում են եկամուտներից բարձր տեմպերով: Այս ամենի արդյունքում` ավելանում է արտագաղթը և սոցիալական բևեռացվածությունը:

Փաստաթղթում հղում է լինելու նաև «գազային պայմանագրին»: Փաստաթղթի հեղինակները կառավարությանը մեղադրելու են` առանց խորհրդարանի համաձայնության արտաքին պարտք կուտակելու և այդ պարտքի դիմաց պետության ունեցվածքն օտարելու, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ ներդնելու և այդ միջոցով մարդկանց իրենց եկամուտների մի զգալի մասից զրկելու մեջ:
Այս ամենը հայտնի է վաղուց, և այս մեղադրանքների մեջ որևէ նոր բան չկա:

Կարդացեք նաև

Բայց կան մի քանի հարցեր, որոնք առաջանում են կառավարության հրաժարականը պահանջելու հետ կապված: Առաջին հարցն այն է, որ այս չորս ուժերը խորհրդարանում ունեն ընդամենը 56 պատգամավոր, իսկ կառավարության հրաժարականի մասին որոշում կայացնելու համար անհրաժեշտ է 66 պատգամավորի աջակցություն: Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներն ասում են, որ անկախ այն հանգամանքից, որ իրենք փոքրամասնություն են, իրենք բարձրացնելու են այդ հարցը: Նրանք կարծում են, որ արդեն այդ հարցը բարձրացնելու և կառավարության գործունեության արդյունքները քննարկելու միջոցով իրենք բավական լուրջ քաղաքական արդյունքի են հասնում, քանի որ ի ցույց են դնում կառավարող ուժի և նրա ձևավորած կառավարության գործունեությունը:

«Ինչ վատ բան կա նրա մեջ, որ մենք ուզում ենք մանրամասն ցույց տալ, թե իրականում ինչ արդյունքների է հասել այս կառավարությունն իր գործունեության վեց տարիների ընթացքում: Թող կառավարության կամ ՀՀԿ ներկայացուցիչներն ասեն, թե մեր ներկայացված որ հիմնավորումն է սխալ կամ իրականությանը չհամապատասխանող: ՀՀԿ-ականներն իրենք էլ են դժգոհ կառավարության գործունեության արդյունքներից, և նույնիսկ հրապարակավ ընդունում են, որ կառավարության հասցեին ուղղված քննադատությունը ճիշտ է, որ կառավարության քաղաքականությունը չի նպաստում տնտեսական աճին, որ իրենք դեմ են կառավարության կողմից ներկայացված օրենքներին, որոնք առաջացնում են քաղաքացիների դժգոհությունն իշխանությունից:

Այդքանից հետո, ինչպե՞ս են նրանք պատրաստվում պաշտպանել կառավարությանը, թեկուզ այն համարվում է ՀՀԿ-ական»,- կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության անհրաժեշտությունը հիմնավորում է ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներից մեկը:

Մյուս ոչ կարևոր հարցն այն է, թե ինչո՞ւ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները բարձրացնելով կառավարությանն անվստահության հայտնելու հարցը, հանդես գալով կառավարության գործունեության քննադատությամբ` չեն նախաձեռնում նախագահի իմպիչմենթի գործընթաց: Չէ՞ որ գործող Սահմանադրությամբ պետության գլուխը հենց նախագահն է, և նա է նշանակում վարչապետին, նշանակում կամ ազատում կառավարության անդամներին:

Ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները և հատկապես ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն կտրականապես դեմ են նախագահի հրաժարականի պահանջին՝ հետևյալ ֆորմալ և, ըստ էության, ծիծաղելի հիմնավորմամբ. «Հայաստանի Սահմանադրությամբ վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականության պատասխանատուն վարչապետն է, իր ղեկավարած կառավարությամբ, այնպես որ, այդ քաղաքականության ձախողման համար պետք է պատասխան պահանջել կառավարությունից»:

Բացի այդ, նրանք ակնարկում են, որ մեծ հաղթանակին` նախագահի հրաժարականին, պետք է հասնել փոքր հաջողություններով: «Հիմա մենք բարձրացնում ենք կառավարության հրաժարականի հարցը, կտեսնենք, թե ինչ կլինի, որից հետո նոր կորոշենք մեր մյուս քայլերի հաջորդականությունը»,- բացատրում են նրանք:

Ինչ վերաբերում է կառավարությանն հրաժարականը խորհրդարանում բարձրացնելու և քննարկելու տեխնիկական դետալներին, ապա չորս խմբակցությունների ներկայացուցիչները մտադիր են հավաքել 44 ստորագրություն և ԱԺ ներկայացնել որոշման նախագիծ կառավարությանը անվստահություն հայտնելու մասին:

Ըստ ԱԺ կանոնակարգի այն ավտոմատ մտնում է նիստերի օրակարգ և պետք է քննարկվի: Որոշման նախագիծը կարող է քառօրյայում չքննարկվել միայն այն դեպքում, եթե ԱԺ մեծամասնությունը չներկայանա ԱԺ նիստին և չգրանցվելով` չապահովի քվորում: Բայց դժվար թե ԱԺ մեծամասնությունը` հանուն որոշման նախագիծը չքննարկելու, բոյկոտի ամբողջ քառօրյան, մանավանդ որ այդ դեպքում ստիպված է լինելու բոյկոտել մյուս բոլոր քառօրյաները:

Իսկապես, բազմաթիվ ՀՀԿ-ականներ չեն թաքցնում, որ դժգոհ են Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության գործունեությունից, բայց նրանցից որևէ մեկը չի կարող միանալ ոչ իշխանական ուժերի նախաձեռնությանը: Որովհետև ՀՀԿ-ականների միանալը սեփական կառավարության անվստահության նախաձեռնությանը կլինի հեղաշրջում, որի հիմքերը կարծես թե չկան:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս