Բաժիններ՝

Գագիկ Եգանյան. Մինչև տոմս գնելը այցելեք ՌԴ միգրացիոն ծառայության կայքէջ և պարզեք՝ ձեր մուտքն արգելվա՞ծ Է, թե՞ ոչ

ՀՀ ՏԿՆ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանի հարցազրույցը «Արմենպրես» գործակալությանը` ՀՀ  քաղաքացիների Ռուսաստանի Դաշնություն մուտքի  ընթացակարգերի վերաբերյալ

– ՀՀ քաղաքացիները վերջերս դժվարություններ են ունենում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելիս: Ինչո՞վ են պայմանավորված այդ դժվարությունները:

 – Ռուսաստանի Դաշնությունը  վերջին շրջանում խստացրել  է   օտարերկրյա  քաղաքացիների նկատմամբ վարվող  քաղաքականությունը  և կիրառվող պրակտիկան, ինչի արդյունքում, միայն 2013թ. օգոստոս-դեկտեմբեր ժամանակահատվածում արգելվել  է 500.000 օտարերկրյա քաղաքացիների (որոնց  թվում  են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները)  մուտքը  Ռուսաստան` 3-5  տարի ժամկետով:

– Ովքե՞ր  են հայտնվել  այդ ցուցակներում

Կարդացեք նաև

Այն անձինք  ովքեր խախտել են Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության պահանջները (օրինակ` 7 -օրյա ժամկետում հաշվառվելու փոխարեն հաշվառվել են  ավելի ուշ, կամ 90 օրից ավել են գտնվել ՌԴ-ում և այլն), կամ էլ կատարել են 2 և ավելի  վարչական իրավախախտում:

Ընդ որում անձի կողմից կատարված խախտման փաստն ի հայտ է գալիս  Ռուսաստանի  տարածքից դուրս  գալիս:

Դրանից ելնելով խորհուրդ ենք տալիս ՌԴ մեկնելու մտադրություն ունեցող ՀՀ  բոլոր քաղաքացիներին, առավել ևս նրանց, ովքեր կասկածներ ունեն, որ իրենց մուտքը կարող է արգելված լինել, մինչև տոմս  գնելը այցելել Ռուսաստանի Դաշնային  միգրացիոն ծառայության (ФМС) պաշտոնական կայքէջի բաժինը, և մուտքագրելով անհատական տվյալները` պարզել իրենց մուտքն արգելվա՞ծ է, թե՞ ոչ: 

– Ի՞նչ  է  անհրաժեշտ անել  Ռուսաստանի Դաշնություն  մուտք գործելիս  և  դրանից  հետո:

– 1. ՌԴ  մուտք գործելիս  օտարերկրյա  քաղաքացիներին տրվում  են միգրացիոն  քարտեր:  Անհրաժեշտ  է լրացնել միգրացիոն  քարտի  երկու  բաժինները «А» և «В»:  Եթե  դուք  մուտք  եք  գործում  ՌԴ  աշխատելու նպատակով,  ապա  քարտի  < մուտքի նպատակը (цель вьезда)> մասում անհրաժեշտ  է  ընդգծել  <աշխատել (работать)>  բառը, հակառակ պարագայում  Դուք  աշխատելու իրավունք  չեք  ստանա:  ՌԴ  սահմանը  հատելիս   միգրացիոն  քարտի  «В»  մասը  վերադարձվում  է  Ձեզ,  որը  պետք  է  պահել  մինչև  ՌԴ  տարածքից  դուրս  գալը: Քարտի  այդ  մասի  վնասվելու կամ  կորստյան  դեպքում  Դուք պարտավոր  եք  3 օրվա  ընթացքում այդ  մասին հայտնել  ФМС -ի Ձեր  գտնվելու  վայրի մոտակա տարածքային մարմնին,  քարտի  կրկնօրինակը  ստանալու համար:

2. Ռուսաստանի  Դաշնություն  մուտք գործելուց  հետո 7  աշխատանքային օրվա ընթացքում,  անկախ  այցելության  նպատակից  և տևողությունից,   անհրաժեշտ  է  հաշվառվել  ФМС -ի  Ձեր  գտնվելու  վայրի  տարածքային մարմնում:  Միգրացիոն  հաշվառման կանգնած լինելու  փաստը  հաստատվում է   Տեղեկացման <Уведомления>  թերթիկի  կտրված մասի առկայությամբ  որի  վրա  համապատասխան  նշում կա:

3. Եթե  Դուք  մուտք  եք  գործել ՌԴ  հարազատներին  այցելության, զբոսաշրջության  և  այլ  նպատակներով,  ապա  2014թ. հունվարի  1-ից  սկսած  կարող  եք  ՌԴ-ում գտնվել   գումարային առումով  90  օր`  յուրաքանչյուր  180  օրվա ընթացքում:  Այլ  կերպ  ասած  89-րդ  օրը  Դուք  պարտավոր  եք  լքել   Ռուսաստանի տարածքը  և  կարող  եք  այնտեղ  վերադառնալ  միայն  90 օր   հետո:  Այս   կարգը խախտելու   համար   նախատեսվում  է   ՌԴ  մուտք  գործելու  արգելք  3  տարի  ժամկետով:

4.    Եթե Դուք  մուտք  եք  գործել  ՌԴ  աշխատելու նպատակով  ապա  պետք  է  ձեռք  բերեք   աշխատանքի  թույլտվություն  կամ հավաստագիր (патент): Այս  դեպքում  Դուք հնարավորություն   կունենաք օրինական  ճանապարհով ՌԴ-ում  գտնվել 3 ամսից  ավելի  երկար` մինչև  1 տարի  ժամկետով:  Աշխատանքի  թույլտվություն  ստանալու համար  անհրաժեշտ  է  դիմել   ФМС -ի Ձեր  միգրացիոն հաշվառման վայրի   տարածքային մարմին:  Աշխատանքի  թույլտվության  տրամադրման դիմումի  հետ  միասին  Դուք  պարտավոր  եք ներկայացնել  բժշկական տեղեկանք այն  մասին  որ    չեք  տառապում թմրամոլությամբ և շրջապատի  համար  վտանգ  ներկայացնող  ինֆեկցիոն հիվանդություններով (այդ հիվանդությունների  ցանկը հաստատում  է    ՌԴ  կառավարությունը), ինչպես  նաև  հավաստագիր ՄԻԱՎ  վարակի  բացակայության մասին: Այն բժշկական հաստատությունների  մասին, որոնք տրամադրում  են  նման տեղեկանքներ Ձեզ  կիրազեկեն ФМС –ի տարածքային  ստորաբաժանումում: Իսկ патент  ստանալու համար (որի  դեպքում չի պահանջվում բժշկական տեղեկանք) նույնպես  անհրաժեշտ է  դիմել ФМС –ի տարածքային  ստորաբաժանում:

Այսպիսով, անցանկալի  հետևանքներից,  այն է`  հետագայում  ՌԴ  մուտքի  արգելքից  խուսափելու  նպատակով,  խորհուրդ  ենք  տալիս  պահպանել  ՌԴ  տարածք  մուտք  գործելու,  այնտեղ  գտնվելու  և  աշխատելու  համար  սահմանված  կարգը: Այն իր  մեջ  ներառում  է  հետևյալը`

  • միգրացիոն քարտի «В» մասի պահում մինչև ՌԴ տարածքից դուրս գալը;
  • հաշվառում ՌԴ մուտք գործելուց հետո 7 աշխատաքանյին  օրվա ընթացքում;
  • աշխատանքի  թույլտվության կամ պատենտի ձեռք  բերում մինչև 90-րդ օրը լրանալը;
  • հակառակ պարագայում ՌԴ-ից մեկնում մինչև 90-րդ  օրը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս