Արդյոք կառավարությունը հրաժարական կտա՞

Հասարակության վստահությունը կառավարության նկատմամբ շատ ցածր է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի» նախագահ Գևորգ Պողոսյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք հասարակությունը պատրա՞ստ է սատարել ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու՝ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի հնարավոր պահանջին:

Գևորգ Պողոսյանը նշեց, թե հասարակության մեջ անվստահության մեծ մթնոլորտ է տիրում, ուստի որևէ մեկին չի զարմացնի գործադիր մարմնի հրաժարականը: «Եթե կառավարությունը հրաժարական տա՝ ոչ ոք դրանից չի զարմանա, և դրանից դժգոհության կամ բողոքի ալիք չի բարձրանա: Բազմաթիվ խնդիրներ կան, որոնց նկատմամբ հասարակության մեջ դժգոհություն կա, և սա մեկ տարվա, մեկ շաբաթվա դժգոհություն չէ: Այն կուտակվել է կառավարության պաշտոնավարման ամբողջ ընթացքում, նպաստել են դրան վերջին գազի համաձայնագրերը, 300 մլն-ի պարտքերը, որոնք բացատրելի չեն, կուտակային պարտադիր բաղադրիչը, և այլն»,- նշեց նա:

Գ. Պողոսյանը, սակայն, կարծում է, որ ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից կառավարության հրաժարականի պահանջի դեպքում՝ կառավարությունը հրաժարական չի տա: «Դա, իհարկե որպես քաղաքական ակցիա՝ հնարավոր կլինի դիտարկել, բայց դժվար թե՝ արդյունք ունենա: Դժվար է ասել նաև, թե արդյոք կառավարությունը հրաժարական կտա՞ այն դեպքում, երբ քաղաքական ուժերին միանա նաև հասարակությունը, սատարի նրանց պահանջը, որովհետև փորձը ցույց է տալիս, որ լինում են դեպքեր, երբ հասարակության օժանդակության պարագայում անգամ արդյունքի, ցավոք, չենք հասել»,- ասաց սոցիոլոգը:

Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված կառավարության թիրախավորումը, ինչո՞ւ ՀՀ նախագահի կամ ամբողջական իշխանափոխության հարցը չի բարձրացվում, արդյո՞ք պատճառն այն է, որ դժգոհություն կա միայն Տիգրան Սարգսյանի հանդեպ, Գևորգ Պողոսյանը պատասխանեց. «Մարդիկ, հավանաբար, ավելի շատ անհանգստացած են կառավարության աշխատանքից, որովհետև այս վերջին դեպքերը՝ էներգետիկայի ոլորտում, կենսաթոշակայինի խնդիրը,  այնքան է մարդկանց զայրացրել, որ քաղաքական հարցերը մի կողմ են մնացել, առաջնային են դարձել տնտեսական, սոցիալական հարցերը, որոնք էլ դառնում են դժգոհության պատճառ»:

Կարդացեք նաև

Ամեն դեպքում, ըստ Գ. Պողոսյանի՝ կառավարության հրաժարականը հեռու է իրականություն դառնալուց: «Անկեղծ ասած՝ չեմ հավատում, որ չորս ուժերի միացումն այս հարցում ինչ-որ օգուտ կտա: Հանրապետական կուսակցությունը պետք է իր մեջ կամք գտնի և լուծի իր դրած կառավարության հարցերը: Բոլոր դեպքերում ճիշտ է, որ ԱԺ ամբիոնից նման հարց բարձրացվի, երբ հասարակությունը դժգոհ է, բայց խոսել արդյունքներից՝ դժվար է»,- եզրափակեց սոցիոլոգը:

Տեսանյութեր

Լրահոս