Լևոն Զուրաբյան. Հրայր Թովմասյանը վարվում է այնպես, ինչպես կվարվեր սովորական մի ժուլիկ

«Հրայր Թովմասյանի արտահայտությունները իրավաբանության հետ որևէ կապ չունեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն՝ անդրադառնալով իր և ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի միջև տեղի ունեցած բանավեճին՝ «Որոտան ՀԷԿՀ» ՓԲԸ-ի ակտիվներ հանդիսացող պետական գույքի վաճառքի վերաբերյալ: Այն, որ վաճառքը կատարվել է անօրինական, Զուրաբյանը փաստարկում է այսպես.

«Կառավարության հարցուպատասխանի ժամանակ արդարադատության նախարարը հայտարարեց, որ «կառավարությունն է տնօրինում, տիրապետում և օգտագործում պետական սեփականությունը»: Իրավաբան նախարարը չգիտի, որ տնօրինման, տիրապետման և օգտագործման իրավունքները հռոմեական իրավունքի ժամանակներից պատկանում են սեփականատիրոջը: Մինչդեռ պետական սեփականության սեփականատերը կառավարությունը չէ, այլ պետությունը: Կառավարության դերը այս առումով ամրագրված է Սահմանադրության 89.3 հոդվածով, որտեղ ասված է, որ կառավարությունը կառավարում է պետական սեփականությունը: Սեփականության կառավարումը չի ներառում տնօրինման իրավունքը: Սա է պատճառը, թե ինչու պետական սեփականության մասնավորեցման համար անհրաժեշտ է Ազգային ժողովի հավանությունը: Այն մասին, որ իրականում չի ներառում տնօրինման իրավունքը, ինձ տեղեկացրեց պարոն Ջհանգիրյանը և ասաց, որ այդ գիտելիքը ստանում են իրավաբանական ֆակուլտետի երրորդ կուրսում: Ակնհայտ է, որ Թովմասյանը այդ մի դասը բաց է թողել»:  Ինչ վերաբերում է Հ. Թովմասյանի այն հայտարարությանը, որ «կառավարությունը ոչինչ չի վաճառել», Լևոն Զուրաբյանն ասաց. «Նա հղում կատարեց կորպորատիվ իրավունքին, ինձ էլ մեղադրեց, որ ես կորպորոտիվ իրավունքին չեմ տիրապետում: Ասեմ, որ կորպորատիվ ֆինանս ուսումնասիրել եմ Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում, և փոքր-ինչ տիրապետում եմ, բայց հաշվի առնելով, որ մեր նախարարը Հայաստանում է սովորել, հայկական օրենքներին է տիրապետում, խոսեմ հայկական օրենքների առումով: Ի տարբերություն այդ շնորհալի, բայց որոշ դասեր բաց թողած իրավաբանի, որը այդպես էլ չմատնանշեց օրենքի որևէ հոդված, ես կուզեի հղում կատարել Հայաստանում կորպորատիվ իրավունքի հիմնական` «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքին: Համաձայն օրենքի 61 հոդվածի՝ «ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 25-ից 50 տոկոսի վաճառքի գործարքի որոշումը պետք է ընդունի ընկերության խորհուրդը միաձայն»: Եթե նման որոշում չի ընդունվում, ինչպես նաև եթե գույքի արժեքը կազմում է ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 50 տոկոսից ավելին, ապա որոշումը ընդունվում է ժողովի կողմից, բաժնետերերի 3/4-ով: Երկու դեպքում էլ սա նշանակում է, որ որոշումը կարող էր ընդունել միայն «Որոտան ՀԷԿՀ» ՓԲԸ-ի 100-տոկոսանոց բաժնետեր կառավարությունը: Ուրեմն առանց կառավարության որոշման ոչինչ հնարավոր չէր, և Թովմասյանը ուղղակի ստում է: Հետաքրքիր է, սակայն, որ կառավարության հրապարակային որոշում գոյություն չունի, ինչը նշանակում է, որ կամ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքը խախտվել է, կամ կառավարությունը ընդունել է գաղտնի որոշում ՓԲԸ-ի վաճառքի մասին»:

ՀԱԿ խմբակցության ղեկավարի խոսքով, եթե անգամ ընդունվել է գաղտնի որոշում, միևնույն է՝ այն խախտում է «Պետական սեփականության մասնավորեցման» մասին օրենքի 3-րդ, 4-րդ և 12-րդ հոդվածներըը, ըստ որի՝ ցանկացած «պետական գույք, բացառությամբ շարժական գույքի» ենթակա է մասնավորեցման միայն ԱԺ-ի կողմից հավանություն ստացած մասնավորեցման ծրագրում ընդգրկվելուց հետո: «Եթե Թովմասյանը »պետական գույք» համարում է միայն պետական բաժնեմասը, բայց «պետական գույք» չի համարում 100 տոկոսանոց պետական ձեռնարկության ակտիվները, որոնք, ըստ էության, պետական սեփականություն են, ուրեմն նա հնարել է ցանկացած պետական ձեռնարկության մասնավորեցման համար «հանճարեղ» մի ձև, որը թույլ է տալիս շրջանցել Ազգային ժողովը և «Պետական սեփականության մասնավորեցման մասին» օրենքը»,- նկատեց նա:

Զուրաբյանի գնահատմամբ, միայն այս հանգամանքը ցույց է տալիս, որ Հրայր Թովմասյանը վարվում է այնպես, ինչպես կվարվեր «սովորական մի ժուլիկ», որն օրենքի սողանցքը օգտագործում է պետական սեփականությունը հանրային վերահսկողությունից հանելու և հափշտակելու նպատակով: «Եթե դա աներ սովորական մի խարդախ, դա դեռ հասկանալի կլիներ: Բայց եթե նման բան անում է կառավարությունը և նրա արդարադատության նախարարը, սա բնորոշում է մեր պետության այսօրվա վիճակը»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս