Բաժիններ՝

Նոր ուղեվարձի սպասում

Անցած ամռան վերջից քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման սպասումը պարբերաբար դառնում է սոցիալական առաջնային խնդիր: Բոլորը սպասում էին հունվարի 1-ին: Չթանկացավ: Հետո քաղաքապետարանում քննարկումներ սկսվեցին ու ավարտվեցին: Ավարտվեցին անհասկանալի հեռանկարով: Պաշտոնական (կամ` ոչ այնքան) տվյալներով` Երևանի քաղաքապետարանը հատուկ ուսումնասիրություններ կատարելու համար արտասահմանյան ինչ-որ մասնագիտական գրասենյակ է վարձել:

Վարձել է պարզելու համար` իսկապե՞ս 100 դրամ ուղեվարձը բավարար չէ: Քաղաքային տրանսպորտի որոշ ղեկավարներ և ուղեգծերի սեփականատերեր ամառվա թանկացման անհաջող փորձից հետո վիրավորված մարդու կերպար են ընդունել: Նրանք ժամանակ առ ժամանակ հայտարարում են, որ նախկինում ակնկալած 150 դրամը բավարար չէ: Հետևաբար պահանջում են նոր ուղեվարձը սահմանել 200 դրամ: Մեկ-մեկ էլ գործադուլի սպառնալիք են հնչեցնում:

Անցած շաբաթ էլ քաղաքապետարանը հերթական անգամ հայտարարեց, որ ուղեգծերի հայտարարված մրցույթը չկայացավ: Հերթական անգամ չկայացավ: Փորձագետների մի մասի կարծիքով` այդ ուղեգծերի մեծ մասը հատուկ էլ «գծագրվել» է, որպեսզի որևէ մեկին չհետաքրքրի: Կարճ ասած, հասարակությունը սպասումների մեջ է: Մամուլում նույնիսկ վերլուծություններ եղան, որ իշխանությունները քաղաքապետարանին պատվիրել են մինչ ձմռան ավարտն ուղեվարձը չբարձրացնել, քանի որ բնակչությունը դժվարությամբ է մուծում ջեռուցման աննախադեպ բարձր վարձը: Հատկապես որ, թե՛ ձմեռային ցրտերն են աննախադեպ, թե՛ էներգակիրների սակագները:

Շախմատի խոշորագույն տեսաբան, գրոսմայստեր Զիգբերտ Տարաշը պնդում էր, որ «Գրոհի սպառնալիքը գրոհի իրացումից սարսափելի է»: Այլ կերպ ասած` ուղեվարձի թանկացման սպասումն այնքան անտանելի է դարձել, որ ժամանակակից հայ բանահյուսությունը «բարի ու կարեկից իշխանությունների» մասին նորօրյա լեգենդներ է հյուսում: Պաշտոնապես հայտարարված վիճակագրական տվյալները փորձում են ապացուցել, որ գծատերերն իսկապես բողոքելու տեղ ունեն:

Կարդացեք նաև

Արտագաղթի հետևանքները նրանց դռանն էլ են չոքել: Պաշտոնապես ավտոմոբիլային ուղևորափոխադրումը 2013-ին` 2012-ի համեմատ, կրճատվել է: Հայտարարվում է, որ անցած տարի ավտոմոբիլային տրանսպորտն ընդամենը 217 մլն 864 հազար ուղևոր է փոխադրել: Իսկ այս թիվը նախորդ տարվա ցուցանիշից փոքր է 3,4 տոկոսով: Ընդ որում, պաշտոնական վիճակագրության համաձայն, տաքսիներով երթևեկողների քանակը պակասել է երկնիշ` 11 տոկոսով:

Հետևաբար` ուղևորափոխադրումը ոլորտի սեփականատերերին, նախորդ տարվա համեմատ, ավելի փոքր շահույթ է ապահովել: Աղքատության աճի ֆոնին կարելի կլիներ հավատալ այս ցուցանիշներին: Եթե, իհարկե, թվերը քիչ թե շատ խելքին մոտ լինեին: 2013-ին ողջ երկրում տաքսի ծառայություններից օգտվել է ընդամենը 15 մլն 784 հազար մարդ: Փաստորեն, Հայաստանում օրական տաքսի ծառայությունները փոխադրել են 43 հազարից ավելի ուղևոր:

Իսկ միկրոավտոբուս-ավտոբուսները օրական, ըստ պաշտոնական վիճակագրության, տեղափոխել են մոտ 597 հազար ուղևոր: Սա իսկապես պատկառելի տնտեսություն է իր ծավալներով: Անգամ ոլորտի ստվերը հաշվի չառնելու պարագային` նկատելի է, թե ինչ գումարների մասին է խոսքը: Նման պաշտոնական տվյալներին հավատացողն, իհարկե, կհավատա նաև, որ ուղեվարձի 100 դրամը բավարար չէ: Դժվար է Հայաստանում գտնել մեկին, ով տեղյակ չէ, որ մայրաքաղաքի գծատերերը բարձրաստիճան պաշտոնյաներ են ու նրանց հավասարեցված անձինք:

Իսկ մարզերում` տեղական չինովնիկներն ու նրանց հավասարեցված անձինք: (Հավասարեցված անձինք ասածները նույն չինովնիկների մտերիմ հարազատներն են, աշխույժ` քրեական և քրեականամերձ անցյալի ընկերները):

Հետևաբար` սպասումների սարսափն իսկապես լուրջ է: Ուղեվարձի բարձրացման դեմ պայքարում գծատերերը բախվելու են «ամառային» շարժման ակտիվիստների հետ: Սոցիալական լայն մասշտաբ ունեցող շարժման ակտիվիստներն ամռանը նոր տարր բերեցին մեր հասարակական կյանք: Վերջին 20 տարում սա առաջին հասարակական շարժումն էր, որ հասավ իր նպատակին: Իշխանություններն ընկրկեցին` հուսալով, որ ժամանակ կշահեն ու հակագրոհի կանցնեն:

Բայց այս դեպքում նրանք գործ ունեն, թող որ անկազմակերպ, բայց հաղթանակի համը տեսած ակտիվիստների խմբի հետ: Իսկ նրանց թիվն իսկապես կարող է ավելանալ` մեր իշխանությունների վարած սոցիալական քաղաքականության հետևանքով: Ավելի ճիշտ, այդ «սոցիալական քաղաքականություն» կոչվածի կատարյալ բացակայության արդյունքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս