«Տեխնոլոգիան գործիք է, որը միայն կիրառման մեջ է իր արժեքը ներկայացնում»
Րաֆֆի Քասարջյանը ՏՏ ոլորտի փորձագետ է: Նա սովորել է Սթենֆորդի համալսարանում, սկզբում բակալավրիատում`Միջազգային հարաբերություններ, իսկ տարիներ անց նույն համալսարանի մագիստրատուրայում` Բիզնեսի կառավարում մասնագիտացումներով (MBA):
Բակալավրիատն ավարտելուց հետո Ր. Քասարջյանն անմիջապես աշխատանքի է անցել Սիլիկոնային հովտում (ԱՄՆ), մի փոքրիկ ընկերությունում, որտեղ աշխատում է շուրջ երկու տարի: Այնուհետև եկել է Հայաստան և տարբեր գործերով զբաղվել, մասնավորապես` համագործակցել է ծրագրավորման տեղական մի ընկերության հետ: Այնուհետև Ր. Քասարջյանը վերադարձել է ԱՄՆ` Սթենֆորդի համալսարան, որտեղ և ստացել է իր մագիստրոսի կոչումը: Ր. Քասարջյանն իր աշխատանքային գործունեությունն իրականացրել է տեխնոլոգիայի և բիզնեսի ոլորտում, մասնավորապես` տեխնոլոգիաները բիզնեսի տարբեր ոլորտներում կիրառելու հնարավորությունների ուղղությամբ: Նա այս ոլորտում է արդեն ավելի քան 20 տարի: Հայաստան մշտական բնակության է տեղափոխվել 2008 թվականին:
– Պրն Քասարջյան, մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն արդեն 10 տարուց ավելի համարվում է գերակա ճյուղ: Ընդունված է ասել, որ այս ոլորտի զարգացումները շատ չեն, մասնավորապես, եթե հաշվի առնենք այն, որ ոլորտը գերակա է համարվում: Դուք ոլորտում որոշակի աճ տեսնո՞ւմ եք: Ի՞նչ պետք է արվի, որ չի արվում:
– Նախ` ասեմ, որ դրական որոշակի տեղաշարժ տեսնում եմ: ՏՏ ոլորտն ինքնին մեծ աղբյուր է ոչ միայն` ինովացիոն և ստեղծագործման գաղափարների, այլև ընկերությունների ստեղծման, ինչը գնալով ավելի ակնհայտ է դառնում: Այսինքն, եթե մեկ, երկու կամ երեք տարի առաջ խոսեինք Հայաստանում նորաստեղծ ընկերությունների (start-up) մասին, ապա դրանց թիվը Հայաստանում ընդամենը մեկ ձեռքի մատների վրա կարելի էր հաշվել, իսկ այժմ ինքներս էլ տեսնում ենք, որ այս ոլորտի յուրաքանչյուր մրցույթում, լինի դա` Հեքըթոն (խոսքը Հեքըթոն(ՅԱՆ) «Թռիչք 2013» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ-փառատոնի մասին է.- Լ.Մ.) կամ որևէ նմանատիպ մեկ ուրիշ մրցույթ, արդեն տասնյակ ընկերություններ են մասնակցում:
Իհարկե, գուցե դրանք փոքր խմբեր են, որոնք նոր-նոր են սկսում աշխատել, սակայն մի նոր բան ստեղծելու գաղափարի հիմքի վրա արդեն ընկերություններ են ստեղծվում: Այս ամենը, կարծում եմ, որ ամենամեծ բարելավումն է, որ եղել է վերջին տարիների ընթացքում: Միաժամանակ, ինչպես գիտեք, մենք լուրջ խնդիր ունենք մասնագետների: Այսինքն` մի կողմ դնելով այս նոր ստարտափները և կենտրոնանալով այս ոլորտում արդեն երկար տարիներ գործող ընկերություների վրա, տեսնում ենք, որ այդ ընկերությունները լուրջ խնդիր ունեն, քանի որ մասնագետներ ուղղակի չեն գտնում:
Մեծ ճեղքվածք կա թե՛ մասնագետների քանակի և թե՛ նրանց որակի առումով: Այն ուսանողները, ովքեր ավարտում են մեր տեխնիկական բուհերի համապատասխան ֆակուլտետները, նրանց գիտելիքներն ու ՏՏ ոլորտի ընկերությունների պահանջները տարբեր են: Այստեղ, իհարկե, քանակական ակնհայտ խնդիր կա, սակայն կա նաև որակական խնդիր, ինչը շատ կարևոր է:
Այս ոլորտում շատերն են նշում, որ ստիպված են բուհերի շրջանավարտներին իրենց ընկերությունում աշխատանքի ընդունելով՝ նաև սովորեցնել` իրենց մոտ աշխատելու համար: Այսինքն` պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ պետք է արվի, որ ավելի լայն իմաստով բարելավվի ոլորտի վիճակը և խթանի ոլորտի զարգացմանն ու առաջընթացին, պետք է նախ և առաջ` համալսարաններում տրվող ուսուցումն անպայման վերանայվի և բարելավվի:
– Այսօր այդ ուղղությամբ որոշակի տեղաշարժ կա, այնպես չէ՞:
– Այո, և լավն այն է, որ այսօրվա դրությամբ` դասական բուհի կողքին կան նաև այլ միջոցներ, օրինակ` օնլայն հեռավար կուրսեր և տարբեր ծրագրեր, որոնց միջոցով անհատը կարող է ինքնուրույն գրանցվել և տարբեր տեսակի դասընթացների մասնակցել ինտերնետի միջոցով: Այս ամենը շատ արագ զարգանում է ամբողջ աշխարհում, և նաև Հայաստանում շատերին գիտեմ, որ օգտվում են այդ ծառայություններից:
Ճիշտ է, նման կուրսերը չեն փոխարինում համալսարանական դասընթացներին և դիպլոմին, սակայն գիտելիքների տեսանկյունից` այս կերպ մարդը կարող է լրացուցիչ գիտելիքներ ձեռք բերել ու սովորել: Ուզում եմ հատկապես նշել, որ տարիների ընթացքում նման կուրսերի նաև բովանդակության որակն է ավելի լավացել, և առաջարկվող ծրագրերի թեմատիկան է ընդլայնվել: Այժմ գիտելիքների տեսանկյունից մարդը կարող է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից (MIT) կամ Սթենֆորդի համալսարանից գտնվելով հազարավոր կիլոմետրեր հեռու՝ օգտվել այդ ռեսուրսներից, ինչը հիանալի հնարավորություն է և առավելություն է ոչ միայն Հայաստանի մասնագետների համար, այլև ընդհանրապես բոլորի:
Կարծում եմ, Հայաստանի պարագայում լավ կլինի, որ այդ ռեսուրսը համարվի ոչ թե առանձին մի աղբյուր, այլ ներառվի մեր այսօրվա կրթական համակարգի մեջ: Օրինակ` ես նաև դասավանդում եմ Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեխնոլոգիաների թեմաների շուրջ` տեխնոլոգիայի և բիզնեսի խաչմերուկի թեմաներ եմ դասավանդում, ես արդեն փնտրում եմ ձևեր, որպեսզի կարողանամ որոշ թեմաներով, օրինակ`զուտ բիզնեսի ռազմավարության մասին, և այլն, դասախոսությունները, ինչո՞ւ չէ, գտնել այդ ուղղությամբ լավագույն մասնագետների դասախոսությունները, որոնց կարող են ծանոթանալ մեր ուսանողները, իսկ այնուհետև մենք միասին կկարողանանք քննարկել այդ ամենը լսարանում: Այսինքն` այստեղ, այդ հեռավար դասախոսություններից բացի, կարևոր է նաև հետագա քննարկումը փորձառու դասախոսի մասնակցությամբ: Երկուսը համատեղելը շատ լավ ձև է, ինչը, կարծում եմ, կարելի է կիրառել հայաստանյան բոլոր բուհերում:
– Մասնագետների քանակից և որակից բացի, ուրիշ ի՞նչ խնդիր եք տեսնում:
– Հաջորդ խոչընդոտը, որի մասին պետք է նշեմ, բնորոշ է ոչ միայն հայկական շուկային, այլև ամբողջ աշխարհում է այն առկա, նույնիսկ զարգացած երկրներում` Ֆրանսիայում, Գերմանիայում և այլուր: Խոսքը հիմնականում հարկային և ընդհանրապես օրենսդրական դաշտին է վերաբերում, որը նախատեսված է ավելի շուտ արդեն հաստատված/կայացած կազմակերպությունները ղեկավարելու համար: Այսինքն` այն գաղափարը, որ 3-4 ուսանող կարող են միացյալ ջանքերով մի խումբ ստեղծել և այդ խմբի հիմքի վրա ինչ-որ մի փոքր ընկերություն ստեղծել՝ փորձելով ինչ-որ մի ապրանք շուկա մտցնել և այն վաճառել, իսկ չհաջողելու դեպքում այն կարողանան հեշտությամբ լուծարել և անցնել հաջորդին, պետք է ավելի արագ և ավելի հեշտ կատարվի:
Օրինակ`Ամերիկայում այս ամենը շատ արագ է տեղի ունենում, մինչդեռ նույն բանը Ֆրանսիայում շատ դժվար է: Ֆրանսիայում եթե դու մի մարդու գործի ես ընդունել, այնուհետև շատ դժվար է նրան գործից ազատելը: Մինչդեռ այս ոլորտն այնպիսին է, որ դու չգիտես՝ արդյո՞ք քո նորաստեղծ ընկերությունը այդ դինամիկ իրավիճակների մեջ կկարողանա գոյատևել, թե՞ ոչ:
Բացի այդ, այստեղ շատ կարևոր է նաև աշխատողներին ազատ ժամանակահատված տալը. տեխնոլոգիական խոշոր որոշ ընկերություններ, որի վառ օրինակը Google-ն է, հասկացել են, որ անհրաժեշտ է աշխատողին տալ որոշակի ազատ ժամանակահատված, որպեսզի ինքն իր գաղափարի վրա աշխատի, այդպիսով իրականում կարող են նոր և շատ ավելի արժեքավոր պրոդուկտներ ստեղծվել: Օրինակ՝ Google-ի մի քանի ծառայություններն ու պրոդուկտները ծնվել են հենց այդ` աշխատողներին տրված ազատ ժամանակահատվածի ընթացքում:
Այսինքն` ընդհանուր առմամբ ճկուն օրենսդրական համակարգ է պետք, որը չունենք նաև Հայաստանում: Բացի այդ, այս ոլորտի զարգացման համար կարևոր է նաև ֆինանսի աղբյուրը, որն այսօր մեծ խոչընդոտ է հանդիսանում Հայաստանում: Իրականում այս ոլորտը որոշակի ռիսկեր է պարունակում, իսկ բանկերը գումարներ երբեմն չեն տալիս, որովհետև կա այդ ռիսկը, չնայած լավ է, որ արդեն Հայաստանում սկսել է հիմնվել վենչուրային հիմնադրամ:
– Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանում այս ոլորտի զարգացումը և ապագան:
– Իրականում ես շատ դրական և պայծառ եմ տեսնում ապագան, և ոչ միայն ես, այլ իմ բազմաթիվ գործընկերները հայկական շուկան ուսումնասիրելիս` նշում են, որ Հայաստանում կա այդ մաթեմատիկայի, ֆիզիկայի, ծրագրավորման հիմքը: Այն, ինչ դրվել է 50-60 տարվա ընթացքում Հայաստանում, դրա հետևանքները դեռ տեսանելի են, թեև Խորհրդային Միության փլուզումից հետո մեծ արտահոսք է եղել, այդուամենայնիվ դեռ, կան լավ մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ, և կան լավ դպրոցներ և լավ ֆակուլտետներ, որոնք շարունակում են կրել այդ ամենը:
Ճիշտ է, այսօրվա դրությամբ տեխնոլոգիաները շատ նորարար են, և դրանց նոր ձևերն են օգտագործվում, սակայն, եթե այդ հիմքը կա, դու կարող ես այդ ամենն ավելի հեշտ սովորել և ավելի լավ հաջողել, քան այն պարագայում, եթե չունենայիր այդ ամենը, և այդ հիմքը չլիներ: Հենց այդ պատճառով էլ ասում եմ, որ Հայաստանում ավելի հեշտ է առաջընթացը նորից, քան այն երկրում, որը չունի այդ ժառանգությունը, որը ստացել ենք մենք: Մենք այժմ վտանգավոր ժամանակաշրջանում ենք գտնվում. մի կողմից՝ ես տեսնում եմ առաջընթաց` գաղափարային առաջընթաց, մարդկանց, հատկապես` երիտասարդների երևակայությունն ավելի լայն է, քան առաջ էր, և իրենք տեսնում են, որ կարող են հաջողության հասնել, իսկ մյուս կողմից` եթե այդ երիտասարդներին չսնենք ճիշտ գիտելիքներով, ճիշտ աջակցությունով, ապա կարող ենք և կորցնել նրանց:
Պետք է նշել, որ մենք արդեն տեսնում ենք, որ կան մարդիկ, ովքեր գնացել են, հաստատվել են դրսում և կամաց-կամաց վերադառնում են: Այսինքն` պետք է նաև այդ շրջանը` վերադարձի կողմն ապահովել, քանի որ հենց նման մարդիկ կարող են դրսից գումարներ բերել, թեկուզ վենչուրային հիմնադրամների կամ ֆինանսավորում տրամադրող այլ կազմակերպությունների գումարները բերել Հայաստան: Օրինակ, եթե 100 հազար դոլար պետք է ներդրվի ԱՄՆ-ում մի ծրագրավորողի տարեկան աշխատավարձի համար, ապա այդ նույն գումարով այստեղ` Հայաստանում, կարելի է 5 լավ ծրագրավորող ունենալ:
Եվ դա վենչուրային հիմնադրամին էլ է ձեռնտու, որովհետև այս դեպքում ռիսկերը նվազում են, որովհետև նույն ներդրված փողի համար ինքն ավելի շատ արդյունք կարող է ստանալ: Կարծում եմ` այս գաղափարը մենք պետք է սկսենք զարգացնել:
– Դուք նաև «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հիմնադիրներից եք: Այժմ ինտերնետի միջոցով կարելի է ցանկացած տեղից աշխատել: ՏՏ ոլորտի մասնագետներն` ընդհանրապես, և մասնավորապես` ծրագրավորողները որքանո՞վ են հետաքրքրված Հայաստան վերադառնալով:
– Անձամբ ես 4 մարդկանց եմ ճանաչում, ովքեր վերադարձել են Հայաստան, սակայն նրանք ընդհանրապես գործ չունեն տեղական շուկայի հետ, իրենց ընկերությունը գրանցված և կայացած ընկերություն է արտասահմանում, և հաճախորդները հիմնականում դրսից են, պարզապես այստեղ թիմ են հավաքում և աշխատում, և, ի դեպ, օրինական թիմի հետ պայմանագիր են կնքում: Իհարկե, այս պարագայում, քանի որ ընկերությունը դրսում է գրանցված, ընկերության հարկերը վճարվում են դրսում, սակայն աշխատողների հետ պայմանագրերի հիման վրա` նրանց թիմի անդամներն այստեղ օրինական վճարում են իրենց եկամտահարկը, այսինքն` նրանք ստվերում չեն աշխատում:
– Տեխնոլոգիական ոլորտի մեջ Ձեր փորձն ի՞նչ է ցույց տալիս, Հայաստանը` ներկայիս դրությամբ և ներկայիս ռեսուրսներով, ո՞ր ուղղությամբ պետք է գնա: ՏՏ ոլորտում ո՞րն է մեզ համար ավելի ճիշտ ուղղությունը:
– Շատ լավ հարց է: Այսօր, երբ նայում ենք, թե որոնք են զարգացող ճյուղերը ՏՏ ոլորտի մեջ, դրանցից մեկը հատկապես ՏՏ անվտանգությունն է, և դա` ոչ միայն կազմակերպությունների համար, այլև անհատների: Այսինքն` ապահով ցանցերի ստեղծումը, ապահով հեռահաղորդակցությունը և այլն, շատ կարևոր են: Այս ճյուղը զարգացող է, ու կարծում եմ, որ մենք այստեղ կարևոր դեր ունենք խաղալու, կոնկրետ Հայաստանն այստեղ առավելություն ունի, քանի որ այդ ամենը հիմնված է բարդ մաթեմատիկայի վրա:
Երկրորդը, ինչին մենք պետք է ուշադրություն դարձնենք՝ մեծ տվյալների (Big data) հետ աշխատանքն է: Ամբողջ տեղեկատվական տեխնոլոգիաները հենց տվյալների վրա են հիմնված, թվայնացված տվյալների մասին է խոսքը, իսկ վերջին 10 տարիների ընթացքում, երբ մենք ունեցանք ինտերնետի տեմպերի մեծ աճ, ավելացավ սոցիալական ցանցերի կիրառումը, և ավելացավ նաև բջջային հեռախոսների քանակը, որոնք միշտ միացած են ցանցին:
Տվյալների քանակն ահռելի ձևով մեծացել է, ինչպես նաև` այդ տվյալների տեսակներն են շատացել: Այժմ շատ կարևոր է, որ այդ շատ արագ ստեղծվող տվյալները նաև արագ մշակվեն, այսինքն` տվյալների վերլուծությունը սկսում է ավելի կարևորվել, իսկ այդ վերլուծության հիմքը կրկին մաթեմատիկան է, ուստի այստեղ ևս Հայաստանը կարող է մեծ դեր խաղալ: Երրորդ ուղղությունը, որին պետք է ուշադրություն դարձնել՝ բջջային հեռախոսների տարբեր տեսակի հավելվածների ստեղծումն է: Սա կարևոր է, քանի որ դրա համար շատ հեշտ է այն շուկայում ներկայացնելը: Այսինքն` ինտերնետի շնորհիվ ամբողջ աշխարհը կարող է քո շուկան դառնալ, այս դեպքում պետք է պարզապես տվյալ գաղափարը ճիշտ իրականացնել և ճիշտ ներկայացնել, որպեսզի այն հասանելի լինի նաև դրսի շուկային:
Այսինքն` մի կողմից` հեշտ է հավելվածների շուկա մուտք գործելը, քանի որ այն մեծ գումարներ չի պահանջում, իսկ մյուս կողմից` այժմ ինտերնետային շուկաներում կան միլիոնավոր հավելվածներ, և պետք է ձեռնամուխ լինել այնպիսի քայլերի, որպեսզի Ձեր ստեղծած հավելվածը գտնեն մարդիկ: Կարծում եմ, որ հաջորդ տարվա մեջ մոբայլ լուծումները, տարբեր տեսակի` թե՛ սպասարկման ոլորտում, թե՛ այլ ոլորտներում, կզարգանան Հայաստանում:
Ընդհանրապես ուզում եմ նշել, որ Հայաստանում նոր տեխնոլոգիաների կիրառման առումով բավական մեծ առաջընթաց կա: Օրինակ` նույն սուպերմարկետների ոլորտում հիմա արդեն կա ոչ թե մեկ, այլ մի քանի սուպերմարկետներ, որտեղ կարող ես ինտերնետի միջոցով ընտրել քեզ դուր եկած ապրանքը և քո ամբողջ գնումները կատարել, իսկ առաքման միջոցով ստանալ այդ ամենը: Կամ, օրինակ` «ՎիվաՍելը» սկսեց օգտագործել հերթերի կառավարման համակարգը, այդ ամբողջ լուծումը գուցե շատ պարզ բան է թվում, սակայն դա այնքան առավելություններ բերեց իր հետ հաճախորդի համար, քանի որ հերթերն այլևս չեն խախտվում:
Դա սկսեց այդ ընկերությունով, սակայն այժմ արդեն մի քանի բանկեր օգտագործում են այս հնարավորությունը: Կամ, օրինակ, շատ տաքսի ծառայություններ այսօր օգտագործում են GPS-ի հնարավորությունները, բացի այդ, ինտերնետով տաքսի պատվիրելու հնարավորություն էլ կա:
Սրանք ընդամենը տեխնոլոգիական պարզ գաղափարներ և օրինակներ են, որոնք, սակայն, իրականում մշակութային հեղափոխություն կատարեցին: Ես 20 տարուց ավելի զբաղվում եմ տեխնոլոգիաների կիրառմամբ և մի բան գիտեմ, որ տեխնոլոգիան գործիք է, որը միայն կիրառումի մեջ է իր արժեքը ներկայացնում, ուստի կարևոր է հասկանալ, թե ինչպե՞ս կարելի է Ձեր և Ձեր կազմակերպության համար առավելություններ ձեռք բերել տեխնոլոգիաների ճիշտ կիրառմամբ: