Հայաստանի տնտեսությունը խժռող գիշատիչներին թողած՝ ընկել եք տնտեսական փոքրիկ ձկնիկների հետևից. Լևոն Զուրաբյանը՝ ՏՄՊՊՀ նախագահին
Եթե հանրային սեփականությունից անցում է կատարվել մասնավորի, բայց միևնույն ժամանակ ոչնչացվել է տնտեսվարող սուբյեկտների հասվասարությունն ապահովող օրենքի գերակայությունը, հետևանքները աղետալի են լինում: Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի 2014թ. գործունեության վերաբերյալ քննարկման ժամանակ:
Նրա խոսքով՝ ազգային հարստությունը նման դեպքերում կենտրոնանում է մի քանի ընտանիքների ձեռքում, որոնք «յուրացնում են պետական իշխանությունը և օգտագործում ապօրինի արտոնությունների հաստատման, մրցակցության ոչնչացման, և գերշահույթներ ստանալու միջոցով ժողովրդի հարստահարման համար:
Ըստ նրա՝ նման երկրներում մի քանի «մակաբույծ օլիգարխներ» մենաշնորհում են լայն սպառման շուկաները, դուրս են մղում գործարար նախաձեռնող խավը, «հլու-հնազանդ» Կառավարության ու Կենտրոնական բանկի միջոցով արհեստականորեն արժևորում են տարադրամը ու բարձրացնում լայն սպառման ապրանքների գները:
«Հայաստանը հիվանդ է հենց այդ մակաբույծ օլիգարխիայի քաղցկեղով»,- շեշտեց նա:
Հղում կատարելով Համաշխարհային բանկի՝ «Հայաստանի Հանրապետություն. կուտակում, մրցակցություն և կապ» զեկույցին, Լևոն Զուրաբյանն ասաց, որ մենաշնորհներին է պատկանում ՀՀ տնտեսության մոտ 20 տոկոսը: «Ըստ զեկույցի՝ մենաշնորհների պատճառով պարենային գները Հայաստանում 17 տոկոսով բարձր են, քան ԱՊՀ-ում: Հայաստանի ախտորոշումը հենց սա է՝ Հայաստանը մեռնում է մակաբույծ մենաշնորհային քաղցկեղից: Այն, ինչ առաջարկում է ՏՄՊՊՀ-ն, նույնն է, որ բժիշկը քաղցկեղի բուժման համար առաջարկի «парацетамол»: Հանձնաժողովը փորձում է բոլորիս խաբել ՀՀ տնտեսության մրցակցայնության ախտորոշման հարցում»,- հայտարարեց Զուրաբյանը՝ հորդորելով ՏՄՊՊՀ նախագահին ուշադրություն հրավիրել իր խոսքերին:
Լ. Զուրաբյանը նկատեց, թե որևէ բացատրություն չի տրվում՝ ինչպե՞ս են ընտրվել ուսումնասիրվող շուկաները, և արդյո՞ք այդ ընտրությունը չի կատարվել ամենամենաշնորհային շուկաների հաշվին: «Նման պարագայում այլ կերպ, քան շառլատանություն, սա անվանել հնարավոր չէ: Աճպարարության մեկ այլ օրինակ է, որ մեզ փորձում են համոզել, թե մրցակցության ցուցանիշներով մենք առաջ ենք անցել Ադրբեջանից, Վրաստանից, Ռուսաստանից»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը՝ նշելով, որ այս բոլոր երկրները, ինչպես նաև աֆրիկյան Բոցվանան ու Ռուանդան, Հայաստանից առաջ են:
«Նման շառլատանության ֆոնի վրա զարմանալի չէ, որ հանձնաժողովի կողմից մրցակցության կանոնները խախտող սուբյեկտների նկատմամբ կիրառվող ու առաջարկվող միջոցառումների, պատժամիջոցների զինանոցը ուղղակի խղճահարություն է առաջացնում: Հայաստանի տնտեսությունը խժռող գիշատիչներին թողած՝ ընկել եք տնտեսական փոքրիկ ձկնիկների հետևից: Դուք ի՞նչ է՝ չգիտե՞ք՝ ո՞վ է այսօր մենաշնորհում շաքարի, հացահատիկի, դեղերի շուկան և թունավորում ժողովրդին՝ կեղծելով համաշխարհային բրենդները: Այդ ի՞նչը ստիպեց ձեզ ձեր զեկույցներից հանել «Ալեքս Գրիգ» ընկերության մասին որևէ հիշատակում: Եթե անցյալում մի օգտակար բան արել էիք, դրանք այդ հետազոտություններն էին՝ խոշոր մոնոպոլիստների մասին, որոնք այլևս խոշորացույցով էլ չենք գտնի ձեր փաստաթղթերում: Դուք չե՞ք հասկանում, որ մինչև չջախջախվի Հայաստանի համար ամենախայտառակ այդ մենաշնորհը, ոչ ոք երբեք չի համոզվի, որ Հայաստանը մի երկիր է, որտեղ կարելի է անկաշկանդ ներդրումներ կատարել»,- հավելեց նա:
ՀԱԿ խմբակցության ղեկավարը հիշեցրեց նաև, որ ՀԱԿ խմբակցությունը Հայաստանում մենաշնորհների հետ կապված հարցապնդում էր ուղարկել Կառավարությանը՝ հստակ նշելով, թե որոնք են այն բնագավառները, որոնք իրենց մենաշնորհներով խեղդում են տնտեսությանը:
«Քաղցկեղը բուժվում է քիմիաթերապիայով և վիրահատությամբ: Մենք առաջարկեցինք քիմիաթերապիա, նախագիծ՝ առաջարկելով կառավարությանը մշակել տնտեսական գործունեության ազատության, ապօրինի մենաշնորհների վերացմանն ուղղված անհետաձգելի միջոցառումների ծրագիր, բայց իշխող կոալիցիան մերժեց: Այն ժամանակ դուք խոստացաք, որ Կառավարությունն ինքը կբերի հակամենաշհնորհային փաթեթ, բայց խաբեցիք: Եվ հիմա դուք խոսում եք համագործակցության մասի՞ն, երբ բոլոր կարևոր հարցերում դուք դուրս եք գալիս հանրության դեմ: Եվ մի զարմացեք, երբ մի օր պարզվի, որ Հայաստանի ապաքինման միակ միջոցը վիրահատությունն է»,- եզրափակեց նա: