Բաժիններ՝

«Ծերո՜ւկ, վա՜յ, ո՞ւր կորավ այս ծերուկը…»

ՄԱԿ-ի տվյալներն ահազանգում են` Հայաստանն աշխարհի ծերացող երկրների շարքում է
Ծերացող աշխարհի մասին խոսելիս` հասկանալի է. կան գիտական զանազան հաշվարկներ` երկիրը համարվում է ծերացող, երբ բնակչության 14 տոկոսից ավելին 65-ն անց մարդիկ են: Եվրոպայում, Արևմուտքում, Ճապոնիայում, Հայաստանում մարդիկ ծերանում են նույն տարիքում: Սակայն կա նյուանս` տարբեր երկրներում մարդիկ իրենց ծեր են զգում տարբեր տարիքներում: Ինքս ապշած էի, երբ երկու տարի առաջ, Ատլանտյան օվկիանոսի ափին տեսա տարեց նուդիստների. ակնհայտորեն 75-80-ն անց տատիկներն ու պապիկները լրիվ մերկ կամ բարեմասնությունները մասամբ ծածկած` շրջում էին օվկիանի ափին:

Դեմքներին` խաղաղություն: Եվ երբ հայացքդ բռնացնում էին, ժպտում էին ու որևէ բարի խոսք ուղղում երեխաներին:
Այդ ժամանակ գրեցի այս թեմայով և որպես համեմատություն` ներկայացրի Կողբ գյուղում ապրող իմ լուսահոգի Արուսյակ բաբոյին` հորս մայրիկին: Նա ամբողջ կյանքում սև զգեստ էր կրում: Ընդ որում` միանգամից երկու կամ երեք փեշ էր հագնում:

Ինքս չգիտեմ` ինչո՞ւ, բայց ենթադրում եմ, որ մարմինը թաքցնելու, չկարևորելու ավելի արդյունավետ տարբերակ չգիտեր: Ուտում էր չափազանց քիչ, քանի որ, նրա կարծիքով, մայրը պետք է քիչ ուտի, որ երեխային շատ մնա: Մինչև կյանքի վերջ անկողնում քնելիս կուչ էր գալիս. հին սովորություն էր` երեխաներից երկուսը կամ երեքը միշտ իր անկողնում էին քնում, ու պետք էր քնել այնպես, որ տարածք չզբաղեցնես: Նրանից միշտ չրերի անուշ բույր էր տարածվում, քանի որ փեշերի տակ, գրպանում միշտ չիր ու քաղցրեղեն էր պահում թոռների համար: Իսկ երբ ձմռան ամիսներին գալիս էր մեր տուն` Երևան, ամոթխածորեն աչքերը թաքցնում էր, երբ հեռուստացույցով բալետ էին ցուցադրում:

Երկրագունդն անհանգստացած է` 2050 թվին տարեցները կկազմեն աշխարհի բնակչության 15,6 տոկոսը (այժմ` 7,7 տոկոսն են): Տարեց, այսինքն` մարդ, որը չի աշխատում, սակայն խնամքի, աջակցության կարիք ունի: Իսկ աշխարհում տարեցներին պետական միջոցներով պահելն այլևս բարդանում է: Հայերիս թվում էր, թե, ինչպես համաշխարհային ճգնաժամը, ծերացումն էլ կշրջանցի մեր հայրենիքը: Եվ, որ աշխարհի բոլոր փորձություններից մեզ կփրկի մեր ունեցած ամենաամուր ձեռքբերումը` հայկական ընտանիքը, որտեղ տարեց մարդկանց հանդեպ պատկառանքը, ի տարբերություն մյուս ազգերի, ոչ թե սառը բարեկրթության նշան է, այլ հին հայկական ավանդույթ: Այդպե՞ս է սակայն:

Կարդացեք նաև

Այն, որ հայ ընտանիքներն ավելի ամուր են, լսել ենք միշտ: Հիմնավորումն այսպես է հնչում` հարյուրամյակներով պետականություն չենք ունեցել, հետևաբար` ընտանիքը ստանձնել է ինքն իր համար պետություն լինելու առաքելությունն ու, այդպիսով, ամրացել: Ենթագիտակցորեն ինքս էլ էի այդ կարծիքին: Չծուլացա և համացանցի միջոցով փորձեցի հասկանալ` մյուս բոլոր ազգերի համար ընտանիքի դերն ինչո՞ւ է պակաս էական, քան հայերիս համար:

Փորձեք ինքներդ. որոնում եք «Ընտանիքը այսինչ ազգի կյանքում» հոդվածն, ու ի՞նչգ Էկրանին հայտնվում են հարյուրավոր հոդվածներ, որոնց առաջին իսկ պարբերությունում նույն միտքն է. «Ընտանիքը ճապոնացիների համար առաջնային է», նույնը` չինացիների, ամերիկացիների, գերմանացիների և մյուս բոլոր ազգերի համար: Ստացվում է, որ հայկական ընտանիքի ամրության մասին ուռճացված տեսակետները սթափ վերագնահատման անհրաժեշտություն ունեն: Գուցե մեր ընտանիքներն ամուր են, քանի որ իրենց չե՞ն կարող թույլ տալ ամուր չլինելու շքեղությունը:

Նկատի ունեմ` ունե՞ն մարդիկ ազատություն` ընտրել իրենց ընտանիքի մոդելը, փոխհարաբերությունների աստիճանն ու պարտականությունների սահմանը: Թե՞ նյութական կամ բարոյական կախվածությունն է ստիպում ընտանիքին` համերաշխ ապրել քլթքլթացող կաթսայում: Շատ զավակներ կախված են ծնողներից (ի վերջո, տարեց մարդիկ թոշակ են ստանում: Չաշխատող, տանը գտնվող տարեց մարդկանց վրա է թոռների խնամքի առյուծի բաժինը:

Ծնողներն ունեն բնակմակերես, և նորաստեղծ ընտանիքները բնակվում են ծնողների օջախում): Մյուս կողմից` ծնողներից շատերն ուղղակիորեն կախված են զավակներից, քանի որ ստացած թոշակի միակ առավելությունը, այն ստանալու օրը տանից դուրս գալ, օդափոխվելն է:

Ստացվում է` հայկական ընտանիքների ամրության մասին զրույցներն էլ վաղուց ժամանակավրեպ են:

Հայաստանում վաղուց արդեն միտում կա` տարիքն առած տղամարդիկ թողնում են հասակակից կանանց և ամուսնանում երիտասարդների հետ: Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնածներն արդեն չեն էլ թաքցնում, որ Սվետան ու Իրինան ավելի գեղեցիկ ու հրապուրիչ են, քան իրենց կանայք: Եվ, որ արդեն ընտանեկան մի նոր, գեղեցիկ, որ կարևոր է` հայկական, օջախ է ստեղծվել հեռավոր Սիբիրում: Տարեց ծնողներն օրվա հացի խնդիր ունեցող զավակների համար անուղղակիորեն բեռ են դառնում և հաճախ ինքնասպան լինում: Ճիշտ հասկանանք` խնդիրը ծնողի սրբության մասին տեսությունը չէ, այլ կոնկրետ կյանքը` կոնկրետ փոխհարաբերություններով:

Հայաստանում ընտանիքի գաղափարի հիմքում հաճախ գոյատևման խնդիրն է, այլ ոչ թե ինքնուրույն մարդկանց կամավոր համակեցությունը` կամավոր փոխօգնության հիմունքներով: Հակառակ դեպքում` Հայաստանում ծերանալն այսքան տագնապներ չէր առաջացնի:

Հետևաբար, մեր պատկերացումները, թե պետության բացակայությունը (ինչն այժմ էլ դե ֆակտո ունենք) նպաստել է հայկական ընտանիքների ամրացմանը, չի աշխատում: Պետականություն չունենալը կամ թույլ պետություն ունենալը քայքայում է ընտանիքը:

Իշխանությունները Հայաստանի ծերացող բնակչության տագնապներից իրենց կարող են ավտոմատ ազատված համարել: Նախ` կենսաթոշակները մարդկանց հնարավորություն են տալիս միայն ապահովել իրենց ֆիզիկական ներկայությունը Երկիր մոլորակի վրա: Որևէ կոնկրետ առողջապահական, սոցիալական խնդիր պետությունն իր վրա չի վերցնում: Եվ որպես խաղաղ ու ապահով ծերություն ապահովելու լուծում` առաջարկում է կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչը:

Հայաստանում կենսաթոշակային տարիքը 65-ն է: Սա` ֆորմալ, իսկ իրականում աշխատանքային տարիքը, լավագույն դեպքում, 45-50-ն է:

Աշխատելու հավանականությունը 45-ից հետո կտրուկ նվազում է: Եվ մինչև կենսաթոշակային տարիքի հասնելը մարդիկ, այսպես թե այնպես, կախված են ընտանիքի աշխատող անդամներից (եթե այդպիսիք կան): Պետությունը կարող է սփոփվել հանգամանքից, որ Հայաստանում կյանքի միջին տևողությունը բարձր չէ` ըստ Համաշխարհային բանկի 2013 թ. տվյալների` 73,9 տարի: Այսինքն` պետությունը մարդկանց թոշակով ապահովում է հիմնականում 9 տարի:

Ծերությունը լուրջ խնդիր է նաև Ճապոնիայում: Ըստ Ճապոնիայի Առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության 2013 թ. տվյալների` այս երկրում տղամարդկանց կյանքի միջին տևողությունը 79,94 տարի է, կանանցը` 86,41:

Ընդ որում` մարդիկ թոշակի են անցնում 65 տարեկանում: Թոշակային կյանքի միջակայքը բավականին զգալի է պետության համար, և դա է պատճառը, որ անցյալ տարի Ճապոնիայի վարչապետի տեղակալ Տարո Ասոն կոչ արեց ծերունիներին` մահանալ շուտ: 72-ամյա պաշտոնյան ինքն էլ խոստացել է կյանքի հետ հարցերը ժամանակին լուծել:

Ճապոնիան ևս ծերացող երկիր է, բայց, ի տարբերություն Հայաստանի, այնտեղ գլխի չեն ընկնում, որ ծերացման դեմ ևս կա պայքարի միջոց` երիտասարդացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս