Սա ուղղակի գողություն է
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր մի հետաքրքիր հիմնավորում ներկայացրեց՝ ապացուցելու «Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի ներդրման անհեթեթությունը: Նա հայտարարեց, որ 45 տարով դեպոզիտ չի լինում, որ հնարավոր չէ 45 տարով պարտք տալ: Ըստ Բագրատյանի՝ աշխարհում չկա որևէ այլ երկիր, որը նման համակարգ ունի, որտեղ կուտակումները կատարվում են 45 տարով: Ըստ նրա՝ տարբեր երկրներ փորձել են 20 տարով, 25 տարով, սակայն եկել են այն համոզման, որ առավելագույն ժամկետը 10 տարին է, և դա անում են հիմնականում 50-60 տարեկանում: Այսինքն՝ մարդը կուտակային համակարգին գումար է վճարում 53 տարեկանից՝ արդեն աչքի առաջ ունենալով, որ ինքը 10 տարի հետո անցնելու է թոշակի և հետ է ստանալու իր կուտակած գումարը:
Իսկ Հայաստանի քաղաքացին, ով այսօր 18 տարեկան է, այսօր սկսելով մուծումներ կատարել Կուտակային հիմնադրամին, կենսաթոշակային տարիքի կհասնի`63 տարեկան կդառնա, 2059 թվականին: Մի՞թե պարզ չէ, որ այդ ժամանակ նրա այսօրվա կուտակած գումարն ուղղակի հնարավոր չէ հաշվարկել, թե ինչ արժեք կունենա:
Բագրատյանը՝ որպես օրինակ, ասում է, որ դա նույնն է, որ ինքը 1969թ. մեկից պարտքով 300 ռուբլի գումար վերցներ, և հիմա այդ պարտքը վերադարձներ: Բագրատյանը հարցնում է. թե արդյո՞ք հնարավոր է հաշվարկել, թե ինչ գումար պետք է ինքը վերադարձներ այսօր, երբ եղել է մի քանի դրամական ռեֆորմ, հիպերինֆլյացիա: Այս համեմատությունը տեղին է ցանկացած պետության և ժամանակահատվածի պարագայում, նույնիսկ այնտեղ, որտեղ չի եղել դրամական ռեֆորմ և չի եղել դրամական միավորի փոփոխություն: Այսօր հնարավոր չէ համեմատել 1969թ. ամերիկյան դոլարի գնողունակությունն այսօրվա դոլարի գնողության հետ, քանի որ շուկայում տեղի են ունեցել այնպիսի փոփոխություններ, հայտնվել են այնպիսի նոր ապրանքներ ու ծառայություններ և վերացել են այնպիսիները, որ ցանկացած համեմատություն կլինի ոչ տեղին և ոչ պրոֆեսիոնալ:
«Սա արկածախնդրություն է, սա վրիպում է, սա պարզապես գողություն է»,- ասում է նախկին վարչապետը՝ կոչ անելով հանրապետության նախագահին և կառավարությանը՝ վերանայել իրենց մոտեցումը:
Արդյո՞ք այս հիմնավորումը բավարար է՝ ապացուցելու համար իշխանությանը՝ հրաժարվել իր մտադրությունից և փոխել օրենքը: Իհա՛րկե ոչ, որովհետև կառավարությունն առաջնորդվում է այլ տրամաբանությամբ` հավաքել որքան հնարավոր է՝ շատ և մարման հնարավորինս անորոշ ժամկետով: