Ազգային ժողովի տեսախցիկների վրա 40 մլն դրամ է ծախսվել

Ազգային ժողովում տեսախցիկների տեղադրումը պայմանավորված է անվտանգության նկատառումներով: Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել էր Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ են դրանք տեղադրվել ԱԺ շենքում՝ միջանցքներում:

Վերջինս նաև ասել էր, որ դրանք անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչներից են, սակայն, ֆինանսավորման բացակայության պատճառով մի քանի տարի հնարավոր չի եղել ապահովել դրա իրականացումը:  Իսկ ինչո՞ւ է խորհրդարանի ղեկավարությունը որոշել տեսախցիկներ տեղադրել ԱԺ միջանցքներում և որքան արժե այդ «հաճույքը». այս հարցը հուզում է շատերին: ԱԺ աշխատակազմի ղեկավարն ասել էր, որ  ֆինանսավորման բացակայության պատճառով մի քանի տարի հնարավոր չէր ապահովել անվտանգության համակարգի այդ կարևոր բաղադրիչը, բայց հիմա համապատասխան գումարը հատկացվել է: Իսկ որտեղի՞ց է հատկացվել:

Գուրգեն Դումանյանը 168.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ տեսախցիկների տեղադրման վրա ծախսված գումարի թիվը հստակ չի հիշում. «Մենք 2013թ. բյուջեում խնայողություններ ունեցանք, ու այդ միջոցներից ենք հատկացրել՝ Ազգային ժողովին հատկացված միջոցներից, որոնք խնայողությունների արդյունքում են ձևավորվել: 168.am-ի տեղեկություններով` ԱԺ պահուստային ֆոնդից տեսախցիկներ ձեռք բերելու համար ծախսվել է 40 մլն դրամ:

Ի դեպ,  երեկ մինչև օրվա ավարտը աշխատակազմը դեռ աշխատավարձ չէր ստացել:  Իսկ Ազգային ժողովի աշխատակազմի հինգ տասնյակ աշխատակիցներ օրեր առաջ դիմել էին ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանին՝ իրենց աշխատավարձերից կենսաթոշակի  պարտադիր կուտակային բաղադրիչի մասով պահումներ չանելու խնդրանքով:

Տեսանյութեր

Լրահոս