
2013 թվականին ԱՄՆ-ում արդարացրել են ռեկորդային թվով սխալմամբ դատապարտվածների

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ 2013 թվականին ԱՄՆ-ում արդարացրել են ռեկորդային թվով սխալմամբ դատապարտվածների՝ 87 մարդ: Այս տվյալներն այսօր հրապարակել են Հյուսիս-արևմտյան և Միչիգանի համալսարանները, որոնք իրականացնում են հատուկ հաշվարկ:
Արդարացվածների գրեթե կեսը՝ 40 մարդ, դատապարտվել է սպանության համար: Օրինակ, 1983 թվականին մի տղամարդ մահապատժի է դատապարտվել նրա համար, որ սպանել է խցակցին: Հետագայում պարզվել է, որ նա չի գործել այդ հանցանքը:
2013 թվականին արդարացվածների 17 տոկոսը ժամանակին խոստովանել է, որ հանցանք է գործել: Գիտնականների կարծիքով՝ դա ամենաշատը բացատրվում է նրանով, որ նրանց փաստաբաններն են առաջարկել ընդունել սեփական մեղավորությունը:
Բացի այդ, քննիչները ճնշում են գործադրել ձերբակալվածների վրա և հարկադրել են ընդունել հանցանք գործելը: Որպես օրինակ՝ նշվում է 23-ամյա մի կնոջ պատմություն, որը 2005 թվականին իր քառամյա երեխային սպանելու համար դատապարտվել է 30-ամյա ազատազրկման:
Ամերիկուհին իր մեղավորությունն ընդունել էր 27-ժամյա հարցաքննությունից հետո, որի ժամանակ նրան սպառնացել են, չեն կերակրել և թույլ չեն տվել օգտվել արտաքնոցից: 2013 թվականին դատարանն ամբողջովին արդարացրել է կնոջը: 1989 թվականից ԱՄՆ-ում արդարացրել են մոտ 1300 մարդու: