Լևոն Զուրաբյանը՝ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող նոր հանձնաժողովի ստեղծման և մարտի 1-ին հանրահավաք կազմակերպելու մասին
Ինչպես հայտնի է, ՀԱԿ-ը պատրաստվում է մարտի 1-ին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում: 168.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ նպատակ է հետապնդում մարտիմեկյան հանրահավաքը, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ասաց. «Մեր ցանկացած հանրահավաք և ցանկացած գործողություն ուղղված է իշխանափոխությանը: Նույնիսկ մեր շնչելն է ուղղված իշխանափոխությանը»:
Նա նշեց, թե հանրահավաքի ժամանակ բարձրացվելու են ժողովրդին հուզող բոլոր հարցերը:
Քանի որ ՀԱԿ-ն Աժ-ում կրկին պատրաստվում է բարձրացնել Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցը, Լ. Զուրաբյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք իրենց այդ նախաձեռնությունը որևէ առնչություն ունի՞ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվացման հետ:
Ի պատասխան Լևոն Զուրաբյանն ասաց, թե իրենք այդքան «մանր» մարտավարական քաղաքական խնդիրներով չեն զբաղվում: «Այս հարցը շատ ավելի պարզ լուծում ունի, նորից գալիս է Մարտի 1-ը, և ազգովի պետք է հիշենք այդ օրը: Բնականաբար, մենք ուզում ենք ստանալ այն հարցի պատասխանը, թե ո՞վ է մեղավոր այդ հանցագործության համար»,- նշեց նա՝ շեշտելով, որ հայ ժողովուրդը շարունակում է պահանջատեր լինել Մարտի 1-ի գործի բացահայտման վերաբերյալ, ուստի իրենք ցանկացած ամբիոն օգտագործելու են հարցը բարձրացնելու համար: