Որքան ժամանակ կարող են ՀՀ քաղաքացիները մնալ Ռուսաստանում
2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտել «Ռուսաստանի Դաշնությունից ելքի և Ռուսաստանի Դաշնություն մուտքի մասին», ինչպես նաև «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքներում կատարված փոփոխությունները: Համաձայն նոր կարգի՝ Ռուսաստան առանց վիզայի մուտք գործելու իրավունք ունեցող երկրների քաղաքացիները 180 օրվա ընթացքում միայն 90 օր կարող են գտնվել ՌԴ-ում: Օրենքներում կատարված փոփոխությունների մասին զրուցել ենք փաստաբան Լիլիթ Ներսեսյանի հետ:
– Կներկայացնե՞ք հիմնական փոփոխությունները:
– 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ են հետևյալ փոփոխությունները: Առաջինը վերաբերում է Ռուսաստանի Դաշնությունից ելք կատարելու և Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին դաշնային օրենքին, երկրորդը վերաբերում է Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին դաշնային օրենքին: Ռուսաստանի Դաշնությունից ելք կատարելու և Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին օրենքում կատարվել է հետևյալ փոփոխությունը: Այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր Ռուսաստանի տարածք են մուտք գործում ոչ վիզային ռեժիմով, չեն կարող 180 օրվա՝ 6 ամսվա ընթացքում այնտեղ գտնվել ավելին, քան 90 օր, այսինքն՝ 3 ամիս: Եվ եթե նրանք անգամ մեկ օր կամ մեկ ժամ խախտում են այդ ժամկետը, ապա նրանց նկատմամբ կիրառվում է հետևանք, և նրանք այլևս 3 տարի չեն կարող մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք:
Ստացվում է, որ օտարերկրյա քաղաքացիները, ովքեր մուտք են գործում Ռուսաստանի Դաշնություն ոչ վիզային ռեժիմով, դա վերաբերում է Ուզբեկստանին, Տաջիկստանին, Հայաստանին, Ղրղըզստանին, Ուկրաինային, չեն կարող 180 օրվա ընթացքում գտնվել ավելի, քան 90 օր, այսինքն՝ երեք ամիս: Այսինքն՝ ստացվում է, այսպես կոչված, արդեն իսկ լրատվամիջոցներում շրջանառության մեջ մտած 90-180 սկզբունք-կանոնը: Այս հարցի վերաբերյալ գոյություն ունեն բացառություններ, և այդ բացառությունները վերաբերում են հետևյալ երեք կատեգորիային:
Առաջինը՝ բարձր որակավորում ունեցող մասնագետներին: Դաշնային օրենքը սահմանում է, թե դրանք ովքե՞ր են: Առաջին հերթին` գիտամանկավարժական-գիտահետազոտական գործունեություն իրականացնողները, գիտնականները, ովքեր մեկնում են, օրինակ, դասախոսություններ կարդալու: Որպես չափանիշ` սահմանվում է նաև նրանց աշխատավարձը, որը մեկ տարվա կտրվածքով կազմում է 1 մլն ռուբլուց ոչ պակաս:
Երկրորդ կատերգորիան տեխնիկաարտադրական ոլորտներում գործունեություն իրականացնող անձինք են, որոնց աշխատավարձը կազմում է ոչ պակաս, քան 700 հազար ռուբլի՝ նորից տարեկան կտրվածքով: Երրորդ կատերգորիան կազմում են այլ բնագավառներում և այլ ոլորտներում գործունեություն իրականացնող անձինք, որոնց աշխատավարձը տարեկան կտրվածքով կազմում է ոչ պակաս, քան 2 մլն ռուբլի:
Սա վերաբերում է բարձր որակավորում ունեցող մասնագետներին: Ընդ որում, նշվում է, որ բարձր որակավորում ունեցող մասնագետները կարող են գտնվել այն ժամկետով, որով նրանք աշխատանքային պայմանագիր են կնքում: Եվ ոչ միայն նրանք կարող են գտնվել, այլ նաև նրանց ընտանիքի անդամները:
Երկրորդ կատերգորիան արդեն աշխատանքի նպատակով մեկնած անձինք են: Ըստ դաշնային օրենքի՝ դրանք այն անձինք են, ովքեր ունեն աշխատանքի թույլտվություն, ովքեր կնքել են աշխատանքային պայմանագիր կամ ծառայությունների մատուցման կամ աշխատանքներ կատարելու քաղաքացիաիրավական պայմանագրեր, ինչպես նաև նրանք, ովքեր պատենտ ունեն ֆիզիկական անձանց մոտ աշխատելու համար: Նշեմ դրանց տարբերությունները, որ հասկացութային առումով պարզ լինի:
Աշխատանքի համար թույլտվություն ստանալու համար այն օտարերկրյա քաղաքացիները, որոնց եռամսյա ժամկետը հնարավոր է` արդեն լրանա, կարող է մինչև այդ եռամսյա ժամկետի լրանալը Ռուսաստանի Դաշնության դաշնային միգրացիոն ծառայություն դիմել, որը գտնվում է Ոստիկանության համակարգում, և ստանալ աշխատանքի թույլտվություն: Աշխատանքի թույլտվություն ստանալու համար նրանք մուծում են պետական տուրք, որը կազմում է 2000 ռուբլի, նրանք ներկայացնում են իրենց անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև, ըստ նոր կարգի, օրենսդրական փոփոխության՝ բժշկական փաստաթղթեր ՄԻԱՎ-ի մասին, ինչպես նաև թմրամոլությամբ չտառապելու մասին և այլ հիվանդությունների մասին, որովհետև Ռուսաստանի օրենսդրության և ընդհանրապես Ռուսաստանը՝ որպես առանձին ինքնիշխան, անկախ պետություն՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, իրավունք ունի որոշել իր երկրի ներքին անվատանգությունը, որոշել, թե ովքեր են մուտք գործում, արդյոք նրանք ունե՞ն որոշակի հիվանդություններ, թե՞ ոչ:
Դրանից հետո արդեն աշխատանքային պայմանագրի առկայությունն է: Աշխատանքի թույլտվություն ես արդեն ունեմ, հետևապես` կարող եմ կնքել աշխատանքային պայմանագիր: Ամբողջ հարցը նրանում է, որ մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն կնքել աշխատանքային պայմանագրեր, այսինքն՝ գործատուները նրանց հետ այս ընթացքում չեն կնքել:
Դրա համար էլ նրանք գտնվել են առավել տևական ժամանակով, և նրանց վրա, այսպես ասած, դամոկլյան սրի նման չի եղել այս եռամսյա ժամկետի, որպես առավելագույն ժամկետ ժամանակավորապես գտնվելու պայմանը: Եվ երրորդ պայմանն արդեն վերաբերում է պատենտին:
Պատենտի և աշխատանքի թույլտվության հիմնական տարբերությունը հետևյալն է: Պատենտը կարող է լինել միայն ֆիզիկական անձի՝ գործատուի մոտ, իսկ աշխատանքի թույլտվությունը՝ միայն կազմակերպության, այսինքն՝ իրավաբանական անձի:
Ընդ որում, նշեմ, որ Դաշնային ժողովին՝ Ռուսաստանի Դաշնության պառլամենտին ամենամյա կատարվող ուղերձի ժամանակ, որը կատարում է ՌԴ նախագահը, այս դեպքում` Վլադիմիր Պուտինը, նշել է, որ ցանկանում ենք նաև ընդլայնել պատենտային համակարգը և այնտեղ ներառել ոչ միայն ֆիզիկական, այլ նաև իրավաբանական անձանց: Դա վերաբերում է, իհարկե, հետագա տարիների կարգավորմանը, այնուամենայնիվ որպես հեռահար նպատակ` արդեն իսկ Ռուսաստանի առջև դա ևս գոյություն ունի:
Ի տարբերություն բարձր որակավորում ունեցող մասնագետների, որոնք ՌԴ-ում կարող են գտնվել աշխատանքային պայմանագրով կնքված ժամկետին համապատասխան, այս դեպքում արտագնա աշխատանքի մեկնած անձինք չեն կարող գտնվել ավելի, քան մեկ տարի: Այսինքն՝ ստացվում է, որ այն օրվանից, երբ նրանք մուտք են գործել Ռուսաստանի Դաշնության տարածք, հաշվարկվում է նրանց մեկ տարվա ժամկետը, և նրանք չեն կարող փաստացի դրանից ավելի գտնվել: Ստացվում է մի իրավիճակ, որ աշխատանքային պայմանագիրը, փաստորեն, չի կարող կնքվել ավելի, քան այդ ժամկետով, որովհետև, եթե այն կնքվի ավելին, այնուամենայնիվ, օրենքի ուժով անձը չի կարող Ռուսաստանի տարածքում երկար գտնվել:
Երրորդ կատերգորիան, ովքեր կարող են 3 ամսից ավելի մնալ, ուսանողներն են, կրթություն ստանալու նպատակով մեկնած անձինք: Այս անձանց՝ Ռուսաստանում մնալու ժամկետը որոշվում է նրանց կրթություն ստանալու ժամկետով: Եթե 4 տարի է, ուրեմն` 4 տարի:
Հաջորդ հարցը, որ հետաքրքրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այն է, թե ում վրա է տարածվում այս օրենքը: Եթե ուսանողը շարունակում է իր ուսումը մագիստրատուրայում, ապա նա կարող է ևս 30 գտնվել ՌԴ-ում, դաշնային օրենքը նրան թույլ է տալիս այդ ընթացքում կազմակերպել, ևս 2 տարի սովորել:
Բոլորին հետաքրքրում է հետևյալ հարցը՝ արդյոք օրենքը տարածվո՞ւմ է մինչև օրենքի ուժի մեջ մտնելը դուրս եկած կամ երկրի տարածք մուտք գործած անձանց վրա:
Միանշանակ նրանց վրա այս օրենքը չի տարածվում, որովհետև սույն օրենք- փոփոխությունը չի սահմանում հետադարձ ուժ, հետևապես` այն գործում է այն ժամանակվանից, երբ այն օրինական ուժի մեջ է մտել՝ 2014թ. հունվարի 1-ից: Բայց մի նրբություն կա իրավական առումով: Եթե քաղաքացին մուտք է գործել մինչև 2014թ. հունվարի 1-ը Ռուսաստանի Դաշնության տարածք և դուրս չի եկել մինչև հունվարի 1-ը, այլ շարունակել է գտնվել այնտեղ, այսինքն՝ հունվարի 1-ին և դրանից հետո ընկած ժամանակահատվածում, ապա նրա համար միանշանակ հաշվարկվում է այս նոր կարգը: Հետևապես` այն անձը, ով դուրս է եկել մինչև 2014թ. հունվարի 1-ը և օրինակ մեկնել է հունվարի 10-ից, նրա համար ևս գործում է:
– Ինչպե՞ս պետք է հաշվարկել 90 օրը 180 օրվա ընթացքում:
– Հետևյալ կերպ: Եթե ես մուտք եմ գործել հունվարի 10-ին, ինձ համար 6-ամսյա ժամկետը հունվարի 10-ից մինչև հունիսի 10-ն է: Եթե ես չեմ հանդիսանում ոչ բարձր որակավորում ունեցող մասնագետ, ոչ աշխատանքի նպատակով մեկնած անձ և ոչ էլ կրթություն ստանալու նպատակով մեկնած անձ, պարզապես զբոսաշրջիկ եմ, ՀՀ քաղաքացի, ով ՌԴ-ում ունի հարազատ, ծնող, անձ, ում ցանկանում է այցելել, նա հաշվում է հունվարի 10-ից եռամսյա ժամկետը, որը, հետևապես, լրանում է մարտի 10-ին: Եթե նա անգամ մեկ օր խախտի այդ պայմանը, ապա նրան այլևս կարգելեն 3 տարի մուտք գործել ՌԴ տարածք:
Սրա հետ մեկտեղ` փորձեմ բացատրել նաև դեպորտացիա և վարչական վտարում հասկացությունները, որը ևս շփոթմունք է առաջացնում հանրության շրջանում: Ե՛վ դեպորտացիան, և՛ վարչական վտարումը հանդիսանում են վարչական պատասխանատվության միջոցներ: Դեպորտացիան հանդիսանում է պարզապես ազդեցության միջոց: Վարչական վտարումը հանդիսանում է վարչական տույժ:
Դեպորտացիան կիրառվում է այն պարագայում, այն օտարերկրյա քաղաքացու նկատմամբ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ, ով խախտել է Ռուսաստանում ժամանակավորապես գտնվելու ժամկետը:
Վարչական վտարումը կիրառվում է, երբ օտարերկրացի քաղաքացիները կատարում են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով սահմանված վարչական իրավախախտում: Դեպորտացիան կարող է կիրառել միայն Դաշնային միգրացիոն ծառայությունը, այսինքն` գործադիր իշխանության մարմինը, վարչական վտարում կարող է կիրառել միայն դատարանը՝ դատական իշխանության մարմինը: Դեպորտացիայի ենթարկել նշանակում է` վերադարձնել քաղաքացիական պատկանելության երկիր: Ընդ որում, դա կատարվում է այդ անձի միջոցների հաշվին, իսկ եթե միջոցներ չունի, ապա դեսպանատան հաշվին: