Փաստաբանը՝ բանակում տեղի ունեցած հանցագործությունների և վկաների նկատմամբ ճնշումների մասին

«Նախաքննության ընթացքում տուժող կողմը հնարավորություն չի ունենում ծանոթանալ քրեական գործի նյութերի գերակշիռ մասին: Տուժող կողմը հնարավորություն չի ունենում համոզվելու՝ որքանով է արդյունավետ քննություն իրականացվում, քանի որ նախաքննություն իրականացնող մարմիններն ասում են, որ քրեական գործերի նյութերի մեծ մասը, քննության շահերից ելնելով՝ ձեզ չեն կարող տրամադրվել: Մենք դրանց ծանոթանում ենք միայն նախաքննության ավարտից հետո, երբ գործն արդեն պետք է դատարան ուղարկվի»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Մուշեղ Շուշանյանը՝ խոսելով բանակում խաղաղ պայմաններում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով նախաքննության ընթացքում հանդիպող խոչընդոտների մասին:

Փաստաբանի խոսքով՝ դա է պատճառը, որ տուժող կողմը հնարավորություն է ունենում հիմնական միջնորդությունները ներկայացնել դատարանում:

Մուշեղ Շուշանյանն ասաց, որ դատարաններում, նման գործերի քննության ընթացքում, երբ վկաները գալիս են դատարան և պատասխանում դատավարության մասնակիցների հարցերին, պարզվում է՝ դեպքերի մեծամասնության դեպքում նրանց նկատմամբ ճնշումներ են գործադրվել. «Պարզվում է, որ նրանց նախաքննական ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանում և տրվել են ճնշման տակ»:

Մուշեղ Շուշանյանի խոսքով՝ այս պատկերն ի հայտ է եկել նաև Արտակ Նազարյանի գործով դատաքննության ընթացքում:

Կարդացեք նաև

«Կոնկրետ Արտակ Նազարյանի գործով տվյալ մարտական հենակետի բոլոր զինծառայողները տարվել էին Բերդ քաղաքի Ռազմական ոստիկանության բաժանմունք և տևական ժամանակ պահվել էին այնտեղ՝ սկսած 7 օրից մինչև 20 օր, նայած զինծառայող: Բոլորը նախաքննական ցուցմունքները տվել էին Ռազմական ոստիկանությունում պահվելու ընթացքում: Այսինքն՝ միայն այն փաստը, որ Ռազմական ոստիկանությունում իրենք ապօրինի էին պահվել, արդեն իսկ բավարար է, որ նրանց նախաքննական ցուցմունքները համարվեին անօրինական, և ես նույնիսկ կասեի՝ հանցավոր ճանապարհով ստացված:  Դրանք չէին կարող օգտագործվել՝ որպես ապացույց:

Ի՞նչ է անում այդ դեպքում նույն դատարանը, նույն վարույթն իրականացնող մարմինը, երբ հայտնվում են այն իրավիճակում, երբ զինծառայողները գալիս են, դատարանում տալիս են արդեն իրական ցուցմունքներ, որոնք էապես հակասում են նախաքննական ցուցմունքներին՝ նույնիսկ 100 տոկոսով բացառելով  մեկը մյուսին: Շատ դեպքերում որոշում են այդ ցուցմունքների միջև հակասության փաստի առթիվ նյութեր նախապատրաստել, զինծառայողները նորից կանչվում են Պաշտպանության նախարարության Քննչական ծառայություն, այնտեղ նորից ճնշում է գործադրվում իրենց վրա, իրենց ասում են, որ՝ ձեզ քրեական պատասխանատվության կենթարկենք սուտ ցուցմունք տալու համար, և այլն:

Զինծառայողները մեծամասամբ  նորից պնդում են իրենց նախաքննական ցուցմունքը, ու դատարանն, ի վերջո, դա է հիմք ընդունում: Դատավճռի հիմքում դա է դրվում: Այսինքն՝ ստացվում է, որ այդ դատաքննությունը լրիվ անիմաստ, ֆորմալ մի պրոցես էր, որովհետև դատարանում տրված ցուցմունքները, այսպես ասած, որևէ գնահատականի չեն արժանանում»,- ասաց փաստաբանը:

Մուշեղ Շուշանյանն ասաց նաև, որ բանակում խաղաղ պայմաններում սպանության դեպքերի կրճատման համար ընդամենն անհրաժեշտ է բացահայտել նախկինում կատարված սպանությունները: «Քանի դեռ գործերը շարունակում են չբացահայտվել, չբացահայտվել միտումնավոր, դեպքերը, ցավոք, շարունակվելու են»,- ասաց Մ. Շուշանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս